ՍԴ ԱՆԴԱՄ. «ՍԴ-ԻՆ ՃՆՇԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին «Մարտի 1»-ի քրեական գործը Սահմանադրական կարգը տապալելու մասով ուղարկվեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու: Արդյունքում մտավախություն կա, որ ՍԴ-ում գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործով հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի: Նա կհայտարարի, որ նախկին նախագահն անձեռնմխելի է, եւ գործը կկարճի:

Երեկ իրավիճակին անդրադարձավ ՍԴ-ն` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը` «Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին` օրվա երկրորդ կեսին: Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանի ու Ֆելիքս Թոխյանի հետ:
-Տիկի՛ն Գյուլումյան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը բարեկամական հարաբերություններ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում, արդյոք այն չի՞ կարող ազդել օբյեկտիվ որոշում կայացնելու վրա:
-Իհարկե, չի կարող:
-Մայիսի 20-ին «Մարտի 1»-ի քրեական գործը սահմանադրական կարգը տապալելու մասով ուղարկվեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու: Մամուլում Տարածված լուրերի համաձայն` ՍԴ ուղարկելը ենթադրում է հետեւյալը. ըստ դատական համակարգում տարածված լուրերի` գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի Սահմանադրական դատարանում, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործով հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի: Դատարանին կամ Ձեզ զանգ, ճնշում եղե՞լ է:
-Ուրեմն մեկընդմիշտ հիշեք` ՍԴ-ին ճնշել հնարավոր չէ այսօրվա դրությամբ եւ ընդհանրապես, 9 դատավորի միաժամանակ ճնշել հնարավոր չէ: Քվեարկություն է լինելու, կորոշեն: Դրա համար այդ մարմինը կոլեկտիվ մարմին է եւ կոլեկտիվ որոշում է կայացնում, որպեսզի մեկ անձի վրա ճնշում չլինի:
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյան
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել էր ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը:
-Պարո՛ն Թոխյան, Դուք անձամբ հարցաքննվել եք «Մարտի 1»-ի գործով, եւ, դեռ ավելին, Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը: Նախ` դատարանի վրա ճնշում կա, որ ամեն ինչ անեն, գործը կարճեն:
-Ես գնահատականներ չեմ կարող տալ, որովհետեւ Սահմանադրական դատարանի Սահմանադրությամբ գրված է, որ պետք է լինեմ քաղաքական հարցում զուսպ եւ չեզոք:
-Ձեզ ճնշե՞լ են կամ կարո՞ղ են ճնշել:
-Նորից եմ կրկնում` գնահատական չեմ կարող տալ, քանի որ գործը մեզ մոտ է, եւ մենք քննում ենք:
-Հիմա հարց է բարձրացվում, որ Դուք վերոնշյալ քրեական գործով հարցաքննվել եք, եղել եք այդ ժամանակ ՍԴ անդամ: Արդյոք օբյեկտիվ որոշում կարո՞ղ եք կայացնել:
-Ես միշտ օբյեկտիվ եմ եղել, ազնիվ եմ եղել, այդ ցուցմունքներից էլ հասկացե՛ք, թե այնտեղ ինչեր եմ ասել: Առանց անկախ դատական իշխանության երկիրը չի գոյատեւի. այս սա պետք է հասկանալ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ

Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական ներկայացրեց: «Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի: Ոչ մի շնորհավորանք չեղավ 100-ամյակի կապակցությամբ, եւ այդ պատճառով ես հրաժարական եմ տալիս»,- ասել է Սիմոնյանը: Որքան էլ Սիմոնյանը մերժելի լինի ուսանողության, առհասարակ հասարակության կողմից, այնուամենյանիվ, պետք է խոստովանել` համալսարանի 100-ամյակը չշնորհավորելը իշխանությունների կողմից խորը արտահայտված արհամարհանք էր համալսարանի պատմության հանդեպ։ Սա այն դեպքն էր, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեղափոխական խռովականությունն ու ֆեյսբուքյան փոքրոգությունը մի կողմ դներ եւ վերածվեր պետական այրի եւ մի բան էլ ինքը պիտի «հուշեր» վարչապետին շնորհավորել ԵՊՀ-ի 100-ամյակը։ Ի վերջո, դա ոչ թե Արամ Սիմոնյանի, այլ ԵՊՀ-ի 100-ամյակն էր:

ԵՊՀ ռեկտորի հրաժարականը բոլորովին անսպասելի էր. նրան տեւական ժամանակ է՝ մոռացել էին, ու հասարակության ուշադրությունը կենտրոնացած է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մինչ թավշյա հեղափոխությունն էլ ռեկտորի անձի շուրջ խոսակցությունները եռում էին, ուսանողները մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպեցին` ընդդեմ ռեկտորի: Հեղափոխությունից հետո համալսարանի եւ ռեկտորի շուրջ ծավալվող իրադարձությունները ավելի սրվեցին. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անելու օրակարգով անգամ նիստ հրավիրվեց, որը, սակայն, տապալվեց: Համալսարանում չարաշահման հիմքերով քրեական գործ հարուցվեց: Սկանդալ եղավ Արամ Սիմոնյանի ու ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի մեջ:
Բանը հասավ նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց` ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորների հեռանալը արդեն քաղաքական հարց է դարձել` այդպես ուղիղ ակնարկելով Արամ Սիմոնյանին: «Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ` էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն», – հայտարարել էր վարչապետը: Վարչապետի ելույթից հետո կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հստակ հայտարարեց, որ չի պատկերացնում համալսարանի 100-ամյակը Արամ Սիմոնյանի պաշտոնավարմամբ:
Հիշեցնենք նաեւ, որ Սիմոնյանը իր շուրջ ստեղծված իրավիճակը որակեց քաղաքական հետապնդում: Հետաքրքիր է, բայց փաստ` ռեկտորը նմանատիպ ճնշումներից հետո հայտարարեց, որ իր կամքով երբեք հրաժարական չի ներկայացնի եւ իր կամքով չի լքի ռեկտորի պաշտոնը: Բայց երեկ նա, այնուամենայնիվ, հանկարծակի հրաժարական ներկայացրեց: Պատահական չէին վերջինիս հրաժեշտի խոսքերը. «Ես խեղճացող մարդ չեմ: Ես զանգեզուրցի եմ եւ սյունեցու կող ունեմ, ես իմ հոր զավակն եմ: Ես երբեք չեմ խեղճացել եւ չեմ խեղճանալու: Ես միշտ պայքարելու եմ՝ հանուն համալսարանի, ԵՊՀ-ի վաղվա օրվա համար, պայքարելու եմ, որ համալսարանում ամեն ինչ լավ լինի, որ հայրենիքում՝ հասարակության մեջ, գերակշռող լինի այն կարծիքը, որ համալսարանն իսկապես ազգային արժեք է: Բայց հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել, ուզում եմ ձեզ հայտարարել, որ ես մտադիր եմ վայր դնել ռեկտորի իմ իրավասությունները եւ հրաժարականս վաղը ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին»:
Սիմոնյանը հրաժարական տալիս դիմեց խորամանկության` հայտարարելով, որ եթե ինքը իր կամքով չհեռանար, դա, միեւնույնն է, լինելու էր օրենքի խախտմամբ:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ռեկտորի հրաժարականը անակնկալ է եղել նաեւ ԵՊՀ բոլոր դեկանների եւ ամբողջ ռեկտորատի համար: Մինչեւ վերջին օրը դեկանները աշխատանքային հարցերով դիմել են Սիմոնյանին եւ եթե իմանային հրաժարականի մասին, իրենց թույլ չէին տա, օրինակ, զեկուցագրեր տանել ռեկտորի սենյակ:
Մեր աղբյուրների պնդմամբ` իշխանության կողմից ուղիղ ճնշումներ չեն եղել ռեկտորի վրա, եւ եթե նման բան լիներ, Սիմոնյանը, իր բնավորության համաձայն, բաց ակնարկներ կաներ գոնե ընկերական միջավայրում:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԶԳԱԿԱՆԻ ԳՈՐԾԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ այն ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը պարզել է, որ ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու համար Հովհաննիսյանը կեղծ դիպլոմ է սարքել ու ներկայացրել: Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրութունը: Եւ, ահա, երեկ գործը ուղարկվեց դատարան. ՀՀ վարչապետի ազգականի դեմ հարուցված քրեական գործը քննվելու է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ գործը կնախագահի դատավոր Զոյա Զաքինյանը:

 

 

 

ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑ
Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի մայիսի 22-ի թիվ 18-Ա հրամանի համաձայն` երկուշաբթի օրը` ժամը 16:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով, որը տեղի կունենա Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այս նախաձեռնության ակտիվ մասնակիցներից է դատավոր Զարուհի Նախշքարյանը: ArmLur.am-ը փորձեց լուրի իսկությունը պարզել դատավորից, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն:

 

 

 

 

5 ՄԼՆ-Ի ՆԵՐԴՐՈՒՄ
Կառավարությունը հավանություն է տվել «Նյու Իդա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում 2,71 հեկտար ընդհանուր մակերեսով երկու հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին: Հարցը ներկայացրել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով` որոշման ընդունումը բխում է Լոռու մարզի, մասնավորապես` Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության շահերից: «Նյու Իդա» ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն` նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում եւ 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում: Ներդրումները պետք է կատարվեն 18 ամսվա ընթացքում: Պապիկյանը նաեւ նշել է, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է, եւ նախատեսվում է, որ այն ներդրումներ է բերելու Չինաստանից:




Լրահոս