ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՄՇՈՒՇՈՏ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում երեկ տեղի ունեցան անցումային արդարադատության հարցերով լսումներ: Անցումային արդարադատության ներդրման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռ նախորդ տարվա օգոստոսին: Ու, փաստորեն, սա Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանությունների կազմակերպած առաջին նման լսումներն էին, որը, դատելով ելույթներից եւ արձագանքից, սպասված էր, ինչու չէ, նաեւ ուշացած: ՈՒ թեեւ անցումային արդարադատության ներդրման հարցում այսօր, կարծես թե, կա հասարակական պահանջ, նաեւ կա իշխանությունների ցանկությունը, բայց դեռ պարզ չէ` ինչպես պետք է այն իրականացվի: Եվ երեկվա լսումներն իրավմամբ ոչ թե տվեցին երկար սպասված հարցերի պատասխանները, այլեւ ավելի խորացրին դրանք: Մասնավորապես, անպատասխան մնաց, թե երբ կսկսի գործել վեթթինգը, ինչ օրենքներ կփոխվեն մինչ այդ, ովքեր կլինեն այդ խմբում եւ այլն: Գործնականում վեթթինգի ենթարկելու գործընթացը բավական երկարատեւ է լինելու եւ ժամկետները, ելնելով գործընթացներից, որոշում են հենց իշխանությունները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները նշեցին, որ այդ ճանապարհին բազմաթիվ փոփոխություններ պետք է լինեն, ընդհուպ` երկրի մայր օրենքում՝ ՀՀ Սահմանադրության մեջ: Ընդ որում, սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են: Բայց երբ է այս ամենն իրականացվելու, ինչ տեսքով, դեռ որեւէ մեկը չի մանրամասնում: Ասել է թե` անցումային արդարադատությանն անցումը դեռ երկար ժամանակ կխլի:

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, թե դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում: Ըստ նրա. «Քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Եթե չեմ սխալվում, ՀՀ վարչապետն ասեց, որ քննչական մարմինների մոտ առաջացել են դժգոհություններ, բայց պետք է նշեմ, որ բողոքի ակցիաներ չենք իրականացրել: Երբեմն քննիչն անարդար է համարում, երբ ամիսների իր աշխատանքն է կատարել, բացահայտել, միգուցե քրեական գործի վերջնական որոշումից դժգոհ, ներքին կարգով վերաբերմունքն է հայտնել, բայց նման բաների դեմ պաշտոնապես բողոքելու առիթ չի եղել»:

 

 

 

Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում պարտավորվել է անտառապատ տարածքները ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Այս հիմնադրամից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլարի չափով. սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք է եղել: Պարզվում է, այդ պարտավորությունները չկատարելու դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենա: Ըստ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի` մինչեւ 2030թ. երկրները պետք է ներկայացնեն, թե պարտավորություններից որքանն են իրականացրել: «Նույնիսկ 4 անգամ պակաս թվի դեպքում հնարավոր չէ, չկա այդքան տարածք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է նա՝ պատմելով, որ Կանադայում ՀՀ ներկայացուցիչներին ասել են, որ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, ունենալով ավելի մեծ տարածքներ, գտնվելով լավ վիճակում, ավելի զգույշ են եւ փոքր թվեր են վերցնում: «Իսկ մենք սահմանափակ հողային ռեսուրսներով, միջոցներով ընկնում ենք պարտավորությունների տակ»,- ասել է Ղազարյանը: Փաստորեն, նախկին կառավարությունը ագահություն է արել, եւ չի բացառվում՝ իրավապահներն այս թեմայով ուսումնասիրությունների դեպքում նույնիսկ քրեական գործ հարուցեն:

 

 

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը դուրս է եկել այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկից: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը պետական բյուջե վճարել էր 253 մլն 720 հազար դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով ցանկի 122-րդ տեղը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օֆշորային սկանդալի մեջ հայտնված, ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ՌԴ-ում հայտնաբերված ու ձերբակալված գեներալ Միհրան Պողոսյանին պատկանող այս ընկերությունը սնանկ է ճանաչվել` ՀՀ սնանկության դատարանի այս տարվա մարտի 29-ի վճռով: Փոխարենը այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մեկ այլ ընկերություն՝ «Բանանեկ»-ը` վճարած 39 մլն 272 հազար դրամ հարկով: Ամեն դեպքում, նկատենք, որ այս ընկերության սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդումն իր ազդեցությունն է ունեցել նրա տնտեսական վիճակի ու վճարած հարկերի վրա:

 

 

 

 

ԴՈՆ ՔԻՇՈՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը մի տեսակ ստվերեց ՀՅԴ նախօրեի հանրահավաքը: Դրա շուրջ եղած քննարկումներն էլ հիմնականում իշխանություններին ՀՅԴ-ի՝ «լրջացե՛ք» կոչի ու ցույց տված «դեղին քարտի» շուրջ էին, ոչինչ ավելի, այնինչ ՀՅԴ հանրահավաքի գլխավոր կարգախոսներից մեկն էլ սա էր. «Զարգանանք` չզիջելով»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ելույթ ունեցավ. «Մենք պարտավոր ենք զարգանալ պատերազմական, շրջափակման եւ դեպի ծով ելք չունենալու պայմաններում` առանց զիջելու մեր համազգային շահերն ու ձեռքբերումները»: ՈՒ, ընդհանրապես, ՀՅԴ երեկվա հանրահավաքում թեւածում էր միտքը, թե իշխանություններն ուր որ է Արցախի հարցում տարածքային զիջումների են գնալու, եւ իրենք հիմա համախմբվել են՝ պայքարելու եւ կանխելու անցանկալի այդ ընթացքը:
Իհարկե, կարելի է մի փոքր դաժան գտնվել ու դաշնակներին հիշեցնել առաջին հանրապետության պատմությունը, թե ինչպես ՀՅԴ-ն, ստանձնելով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իշխանությունը, երկուսուկես տարի անց ստորագրեց մի փաստաթուղթ, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Կամ կարելի է հիշեցնել նաեւ երրորդ Հանրապետության պատմությունը, երբ ՀՅԴ-ն Արցախյան պատերազմի օրերին արդեն որպես ընդդիմություն օրումեջ հանրահավաք էր անցկացնում ու ահազանգում Ղարաբաղը ծախելու մասին: Բայց որքան խոսեցին Ղարաբաղը ծախելու մասին, այնքան Ղարաբաղը մեծացավ:
Համաձայնե՛ք, նման հիշեցումները մեծ հաշվով անիմաստ են: Նույնքան անիմաստ են, որքան ՀՅԴ-ականների՝ Արցախի խնդրի վերաբերյալ մտահոգությունները, որովհետեւ ակնհայտ է՝ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրակարգում չկա ո՛չ Ղարաբաղի խնդրում զիջումների, ո՛չ էլ անգամ փոխզիջումների հարց: Դեռ ավելին` եթե հիշում եք, Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ փոխզիջումների մասին կխոսի, երբ տեսնի՝ Ադրբեջանն ինքը պատրաստ է փոխզիջման գնալու:
Այնպես որ, զիջումների մասին խոսակցությունները հիշեցնում են Դոն Քիշոտի պայքարը հողմնաղացների դեմ: Լավագույն դեպքում:
Մի բան էլ. նորանկախ Հայաստանում տարածքային զիջումներ ունեցել ենք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ կորցրինք 800 հեկտար: Այն ժամանակ իշխանության էր ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն էլ իշխող կոալիցիայի մաս էր, ընդ որում՝ ստանձնել էր իշխանության համար ամբողջական պատասխանատվություն: Էլ չենք ասում Սերժ Սարգսյանի հարցազրույցների մասին, երբ ասում էր, որ ինքը պատրաստ է եղել Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները: Այնպես որ, միգուցե ՀՅԴ-ի պահվածքը ենթագիտակցաբար է, եւ ինքն իր դեմ է:




Լրահոս