ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՉԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի հետ:

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքացիները փակեցին բոլոր դատարանի դռները, եւ ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգի բարեփոխումների մասին եւ նշեց. «Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել…: Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով»:
Դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ կիսել էին այս մտահոգությունը, իսկ, ահա, իրենց աշխատանքում նվիրյալ մի շարք դատավորներ վարչապետի վերոնշյալ հայտարարությունից հետո ներքին քննարկումներ էին իրականացրել եւ հայտնել, որ իրականում իրավապահները ՀՀ վարչապետին ճիշտ տեղեկություն չեն տվել: Մասնավորապես նշել էին, որ շատ դեպքերում քննիչները չհիմնավորված միջնորդություններ ու առհասարակ քրեական գործեր են ուղարկում դատարան, եւ կարծում են, որ դատարանները պետք է իրենց ցանկալի որոշումներ կայացնեն, բայց դա այդպես չէ, ուստի դատարանների վրա մեղքը գցելուց առաջ թող քննիչները հիմնավորված քրեական գործեր ուղարկեն դատարան եւ հետո էլ չընկնեն մեղավորներ փնտրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի հետ ՀՀ վարչապետի հայտարարության եւ դատական համակարգի արձագանքի մասին:
-Պարո՛ն Պողոսյան, վարչապետը ասել էր, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով: Այս ամենից հետո դատական համակարգում խոսակցություն էր եղել, որ դատարանների վրա մեղքը գցելուց առաջ թող քննիչները հիմնավորված քրեական գործեր ուղարկեն դատարան եւ հետո էլ չընկնեն մեղավորներ փնտրեն: Դուք` որպես Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, դժգոհել էիք նախագահին, որ ինքն էլ ասել էր վարչապետին, ու նա նման հայտարարություն արեց:
-Եթե չեմ սխալվում, ՀՀ վարչապետն ասեց, որ քննչական մարմինների մոտ առաջացել են դժգոհություններ, բայց պետք է նշեմ, որ բողոքի ակցիաներ չենք իրականացրել: Երբեմն լինում են դեպքեր, որ քննիչն, ըստ էության, անարդար է համարում, երբ ամիսների իր աշխատանքը կատարել է, բացահայտվել է, միգուցե քրեական գործի վերջնական որոշումից դժգոհ, ներքին կարգով է վերաբերմունքը հայտնել, բայց նման բաների դեմ պաշտոնապես բողոքելու առիթ չի եղել: Ընդամենը դա: Պետք է նշեմ, որ այդ ամենը հարաբերություններ են համակարգի ներսում: Երբեմն դժգոհութուններով կիսվում են ղեկավարության հետ, եւ մենք մեր կածիքն ենք հայտնում: Չեմ կարծում, որ հանցագործության նշաններ կան այլ մարմիների գործողություններում: Եթե այդպես լիներ, կարծում եմ, որ դրա արձագանքը կլիներ այն մարմինների կողմից, որոնք ստուգողական կարգով կարողանում են ազդեցություն ունենալ որոշումների վրա: Իրավական ոլորտում զուտ աշխատանքային ընթացակարգ է. չեմ կարծում, որ օրենքից կոպիտ շեղումներ են եղել: Համենայնդեպս, տեսակետներ են, որոնք, նորից կրկնեմ, մասնագիտական հարթության մեջ են: Երբեմն մարդը` այս դեպքում կոնկրետ քննիչը, դժգոհ է այն արդյունքից, ինչ ինքն ակնկալում էր:
-ՀՀ գլխավոր դատախազությունը 2018թ. տարեկան հաղորդման մեջ նշել էր, որ հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորություները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից, առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, եւ դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ: Հիմա Կոմիտեում քննվում է աղմկահարույց գաղտնալսման գործը, եւ դատելով դատախազության հաղորդագրությունից` ո՞նց եք կարողանալու բացահայտել, թե ով գաղտնալսեց:
-Կարծում եմ, որ դա ընդամենը մտահոգություն է: Տեխնիկականը, գիտեք, որ գնալով զարգանում է, եւ դրա վերահսկելն էլ է ավելի դժվարանում: Տեխնիկական կապեր են տարբեր ստեղծվում, որոնց վերահսկումը խնդրահարույց է, բայց դա ընդամենը մտավախություն է: Իսկ ինչ վերաբերում է գործին, քննության փուլում է :
-Բայց արդեն մեկ տարին կլրանա, որեւէ տեղեկություն չկա` կասկածյալ, մեղադրյալ կա, թե ոչ:
-Շատ մասնագետներ են ներգրավված:
-Միջազգային մասնագետնե՞ր:
-Ոչ, տեղի մասնագետները` բարձր տեխնոլոգիաների գծով. ամեն ինչ արվում է:
-Իսկ տեղյակ չե՞ք գործով կասկածյալ, մեղադրյալ կա:
-Իմ համակարգման ոլորտում չէ քրեական գործը, բայց, իմ տեղեկություններով, ինչքան որ տեղեկություններ ունեմ, դեռեւս չկան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, իր ունեցած տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինն արդեն ունի ապացույց, որ Արամ Հարությունյանը երկրում չէ, երկիրը լքել է, եւ նրան արդեն 7 ամիս է` փնտրում են, բայց դեռ չեն գտել:
«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ քրեական գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները օրերս խուզարկություն են իրականացրել Արամ Հարությունյանի նախկին օգնականի բնակարանում եւ, ըստ մեզ հասած լուրերի, փնտրել են նրան: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` այս օրերին ՀՀ իրավապահները ստույգ ինֆորմացիա ունեն, որ Արամ Հարությունյանը Հայաստանից դուրս չի եկել եւ թաքնվում է ՀՀ տարածքում: Դրա համար էլ նրանք որոնողական աշխատանքներ տանում են հենց ՀՀ-ում:
Ինչ վերաբերում է նրա նախկին օգնականին, ապա վերջինս մի քանի անգամ հարցաքննվել է այդ քրեական գործի շրջանակներում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, եւ այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի է ունեցած Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ընթացքում: «Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, արտադրական ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն եւ տեղավորվեն այս նախարարության կառուցվածքի մեջ: Մենք այս թեմայով արդեն մի քանի աշխատանքային քննարկումներ ունեցել ենք եւ պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ոլորտի առաջ, որպեսզի այս ուղղությունը խթան հանդիսանա ոչ միայն մեր անվտանգության մակարդակի բարձրացման, այլեւ տնտեսության զարգացման համար, որի հետ կապված կարեւորագույն խնդիրներից մեկը մեր երկիրը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է», – նշել է Փաշինյանը:

 

 

 

ԶՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ
«Բագրատաշենում 20 տոննա բեռից ձեւակերպված է ընդամենը 3 տոննան, այն էլ` այլ ապրանքի անվան տակ, որոնց մաքսային արժեքը գրեթե զրոյական է»,- անդրադառնալով Բագատաշենում առեւտրականների բողոքին` ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ձեւակերպված է ռեզինի խողովակի եւ հագած շորերի անվան տակ, որոնց մաքսային արժեքը գրեթե զրոյական է. սրանք բոլորը հիմնավորված փաստեր են»,-ասել է Վանեցյանը:

 

 

 

ԱՎԱԳԸ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը` Գեւորգ Դանիելյանը: Հիշեցնենք, որ Գ. Դանիելյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարար, զբաղեցրել է այլ պաշտոններ եւս:

 

 

 

ԴԵՍՊԱՆՆԵՐ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ` Տիգրան Գեւորգյանը նշանակվել է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ մեկ այլ որոշմամբ` Գառնիկ Բադալյանը` Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Տրանսպորտային միջոցների երթեւեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երեւանի Իտալիայի փողոց-Խորենացու փողոց-Վ.Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթեւեկել միայն դեպի աջ` նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթեւեկելու փոխարեն, իսկ ձախ եզրային 3-րդ գոտիով երթեւեկողները` ուղիղ կամ դեպի ձախ` նախկինում միայն դեպի ձախ երթեւեկելու փոխարեն:




Լրահոս