ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու, դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին, մեծ աղմուկ բարձրացրեց: Հասարակության շրջանում քննարկվեց վարչապետի այն հայտարարությունը, թե այն դատավորները, որ անաչառ չեն, պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն: Ինչ-որ մասով այս հայտարարությունը պարզեցվեց: Խոսքը վերաբերում է այն դատավորներին, որոնց քննած գործերի հիման վրա ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշումներ են կայացվել, սակայն դժվար թե վարչապետի հայտարարությունը վերեբերեր միայն այդ դատավորներին:

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշել է անդրադառնալ դատավորներին պաշտոնանկ անելու օրենսդրական հնարավորություններին: Այդ հիմքերը սահմանված են «Դատական օրենսգիրք» սահմադրական օրենքով: Պաշտոնանկության հիմքերի մեջ են մտնում դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, որոնք սահմանվում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը. նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն եւ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում: Նույն օրենքի չորրորդ հոդվածը սահմանում է դատավորի ապաքաղաքականացվածությունը, ըստ որի` դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում եւ ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Ըստ 69-րդ հոդվածի` ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Իսկ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշում N01-ով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների 14-րդ կանոնում ասված է, որ դատավորն իրավասու չէ անել հրապարակային հայտարարություններ, մեկնաբանել դատական գործեր եւ ակտեր, լրատվության միջոցներում հանդես գալ դատարանի վարույթում գտնվող կամ ակնկալվող գործերի էության հետ կապված հարցերով:
Հետաքրքիր է, որ վերջին օրերին մի շարք դատավորներ, որոնք, ի դեպ, քննել եւ քննում են տարբեր աղմկահարույց քրեական գործեր, մեկը մյուսի հետեւից անում են հայտարարություններ, որոնք հանգիստ կարող են դիտվել որպես դատական օրենսգրքի խախտումներ:
Օրինակ` վերջին օրերին համացանցում աղմուկ առաջացրեց ՀՀ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի որդու` Սարգիս Երիցյանի գառումը, որով նա հորդորել էր. «Իմ շատ սիրելի՛ ըներներ, լսել եմ` այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն չիշիկ խմե՛ք, ասում են` օգնում ա»:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որի վճռով Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ազատ արձակվեց, վարչապետի հայտարարությունը որակեց ճնշում դատարանների նկատմամբ: «Այն, ինչ տեղի ունեցավ վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից, ես կարծում եմ, որ չի կարող գնահատվել այլ կերպ, քան դատարանների նկատմամբ բացահայտ ճնշում:… Այնուամենայնիվ, լուրջ չեմ մոտենում այն ամենին, ինչ ասել է կամ ասելու է նա. ինձ համար միեւնույնն է՝ ինչ է առաջարկել:…Եթե հրապարակում կամ դատարանների դռները փակող մարդիկ պետք է որոշեն, ես այլ կերպ չեմ կարող որակել, քան փողոցային արդարադատություն։ Դա՞ է առաջարկում Փաշինյանը: Հասարակությունը իրավաբանորեն «ա»-ն ու «բ»-ն չի տարբերում, ինքն էլ չի տարբերում, իրեն շրջապատող իրավաբաններն էլ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասել է դատավորը:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, կրկին քաղաքական գնահատական է հնչեցրել. «Չեմ ուզում մեկնաբանել, հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց գնահատում եմ ոչ դրական»,-ասաց նա:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն էլ Լրագրի հետ հարցազրույցում ասել էր. «Դուք պոտենցիալ հեռացվողին հարցնում եք` Ձեզ որ դեպքում պետք է հեռացնեն: Այդ պոտենցիալը չակերտների մեջ վերցված եմ ասում: Ես էլ կպատասխանեմ. եթե հեռացնելու եք, առաջինն ինձ հեռացրեք, ես չեմ ուզենա` իմ ընկերներին որեւէ բան պատահի: Կարճ ասած, կրակը վերցնում եմ իմ վրա: Սա, իհարկե, կատակ էր: Թե ով պետք է մնա, ում պետք է հեռացնեն, կամ ով պետք է փորձության ենթարկվի ու վերաքննություն հանձնի, ժամանակը ցույց կտա: Մի քիչ սպասենք, ինձ թվում է՝ ամեն ինչ լավ ընթացք կունենա»:
Դե ինչ, մնում է սպասել հետագա զարգացումներին եւ ընթաքին:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

ՈՉ ԹԵ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ, ԱՅԼ ՄԻԱՎՈՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանից հետաքրքրվեց Իջեւանի տարածաշրջանի համայնքների խոշորացման հեռանկարի մասին: Իջեւանի տարածաշրջանը Տավուշում միակն է, ուր համայնքների խոշորացում չի կատարվել: Տավուշի մարզպետն ասաց, որ մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ մայիսի 14-ին կայացած հանդիպումը նպատակ ուներ իմանալ այդ հարցի վերաբերյալ համայնքների ղեկավարների կարծիքը: Ըստ մարզպետի` իրենք համայնքների խոշորացում տերմինը չեն կիրառում, այլ միավորում բառը. նպատակը համայնքների կարողությունների ուժեղացումն է, որպեսզի համայնքները կարողանան իրենց առջեւ դրված խնդիրները լուծել: Նա ասաց, որ նախկինում համայնքների խոշորացումը բազում սխալներով է կատարվել, այդ գործընթացն առանց այդ համայնքների բնակիչների համաձայնության չի լինելու: Նա կոնկերտ տեղեկություններ չհայտնեց Իջեւանի տարածաշրջանի համայնքների խոշորացման կամ միավորման վերաբերյալ, չասաց, թե դրա արդյունքում խոշոր քանի համայնք եւ երբ են ստեղծվելու: Տավուշի մարզպետարանի աղյբյուրները հայտնում են, որ այդ հարցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ մարզպետ Հայկ Չոբանյանը տարբեր տեսակետներ ունեն, Չոբանյանը ցանկանում է, որ այդ միավորման արդյունքում 2 խոշոր համայնք լինի` Իջեւան եւ Ազատամուտ, իսկ Վ. Տերտերյանը կամենում է, որ ստեղծվի խոշոր 4 համայնք` Իջեւան, Ազատամուտ, Աչաջուր եւ Սեւքար:

 

 

 

ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ
Բերդի տարածաշրջանի Վարագավանի պահածոների գործարանը ներկայումս պարապուրդի է մատնված: Գարնան ուտելի մշակաբույսերը պահածոյացնելու ժամկետն արդեն անցել է, գործարանը աշխատեցնելու համար մոտ կես միլիոն դոլար վարկային ռեսուրսների կարիք կա: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց, թե մարզպետարանը ինչ է անում այդ գործարանին աջակցելու, այն վերագործարկելու համար: Նա ասաց, որ նախկինում «Մագա» ձեռնարկությունը նոր անուն ունի` «Վարագա», գործարանի բաժնետերերն անփոփոխ են, Տավուշի մարզպետարանի աշխատակիցը մշտապես կապ է պահպանում գործարանի սեփականատիրոջ հետ` այդ ընկերությանը վարկային աջակցության, ներդրումներ ապահովելու հարցերը լուծելու համար: Առաջիկայում ինքը Մոսկվա է մեկնելու, որի ընթացքում հանդիպելու է գործարանի սեփականատիրոջ հետ: Չնայած, նկատենք, որ, ըստ մեր հավաստի լուրերի, գործարարն արդեն շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է հայրենի գյուղում` Վարագավանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԵԿՄ-Ի ՄԱՐԶԱՅԻՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Մայիսի 23-ին Իջեւանում կայացած ժողովի ժամանակ, որին մասնակցել է Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության նախագահ է նշանակվել Աշոտ Երիցյանը: Վերջինս մինչ այդ ԵԿՄ Իջեւանի տարածքային կազմակերպության նախագահն էր: Նա «Հայանտառ» ՊՈԱԿ Սեւքարի անտառտնտեսության տնօրենն է: ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության նախկին նախագահ Ռուդիկ Դավթյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է այդ պաշտոնից: Նա մինչ կենսաթոշակի անցնելը երկաթուղային Այրում կայարանի մաքսակետի պետն էր:

 

 

 

ՆԵՐԴՐՈՂՆԵՐ Է ՈՐՈՆՈՒՄ
Մայիսի 14-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 5-օրյա այցով եղել է Լիբանանի Հանրապետությունում, հանդիպել այդ երկրի գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ բնական ռեսուրսների նախարար Չոդի Մոհաննայի, արդյունաբերության նախարարության գլխավոր տնօրեն Դենի Գեդեոնի, էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարության գլխավոր տնօրեն Ալի Աբասի հետ: Մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզի ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու առավելությունները: Նա լիբանանցի պաշտոնյաներին առաջարկել է մասնակցել հունիսի 22-26-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայանալիք բիզնես համաժողովին: Մարզպետը հանդիպում է ունեցել լիբանանցի 50 խոշոր գործարարների հետ: Հիմա էլ Մոսկվա է մեկնել` սահմանամերձ մարզում ներդրումներ ապահովելու համար: Մայիսի 23-25-ը Մոսկվայի գյուղատնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսում կկայանա «Տավուշի օրեր Մոսկվայում» անվանումով բիզնես ցուցահանդեսը, որին մասնակցում են Տավուշի մարզի 20 արտադրական կազմակերպություններ: Դրան հրավիրված են Ռուսաստանում ապրող, ծագումով Տավուշի մարզից թվով 30 գործարարներ, Մոսկվայի առեւտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, առեւտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչներ: Հետագայում պարզ կլինի, թե մարզպետի արտերկրյա այցերը Տավուշի մարզում որքան ներդրումներ են ապահովել:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս