ԵՐԲ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ հստակ պատասխան չստացվեց՝ ի վերջո բավարարվել է միջնորդությունը, թե ոչ: Նման անորոշություն էր նաեւ ՀՀ ԱԳՆ-ում: Երեկ ամբողջ օրը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս կապակցությամբ պատասխան ստանալ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, սակայն կրկին ապարդյուն. նրանք եւս որեւէ ինֆորմացիայի չէին տիրապետում: Եվ սա այն դեպքում, երբ խոսք է գնում ՀՀ քաղաքացու, գեներալի կոչում ունեցող նախկին պաշտոնյայի մասին:
Ավելորդ է, թերեւս, բացատրել, թե քաղաքական առումով ինչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ Մ. Պողոսյանին ՌԴ-ում քաղաքական ապաստան տալը: Ստացվում է՝ ՌԴ-ն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանի հետ տնտեսական եւ ռազմաքաղաքական ընդհանուր միավորման մեջ, իր այդ քայլով կընդունի՝ մեր երկրում չկա ժողովրդավարություն, այլ կան քաղաքական հալածյալներ: Իսկ սա արդեն վատ մեսսիջ է աշխարհին, եւ հարված ՀՀ իմիջին: Թեեւ, իրականում բոլորի համար պարզ է, որ հարուցված քրեական գործը բացառապես իրավական դաշտում է, թելադրված է բացառապես ՀՀ իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությամբ, եւ որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրավոր հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն, եւ ստանալուն պես կհրապարակենք այն:

 

 

 

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի։ Մինչեւ հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում եւ արդեն կընդունվի վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչեւ 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանության ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչեւ այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների եւ դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ՝ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը. դա արվելու է մինչեւ 2022 թվականը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պլանավորված էր հաջորդ շաբաթ արտահերթ նիստում քննարկել, ընդ որում՝ սպասվում էր, որ այդ արտահերթը բավական երկար կտեւի՝ հաշվի առնելով նախագծի ծավալը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունները: Սակայն երեկ երեկոյան որոշվել է առաջիկա հերթական նիստում փաթեթը ներառել: Ի վերջո, իշխանությունները նկատի են ունեցել փաստը, որ հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, ինչի համար որոշում է կայացվել այն ինչքան հնարավոր է շուտ սկսել քննարկել: Մեր տեղեկություններով` խորհրդարանում սպասում էին այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշմանը՝ քննարկել արտահերթ, թե հերթական նիստում: Եւ, ահա, երեկոյան որոշումն արդեն կայացվել է. ամեն ինչ անել արագ հերթական նիստում ավարտելու համար:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Այս դատարանի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը, ինքնաբացարկ են հայտարարել` պատճառաբանելով նրա հետ գործընկերային ու մտերիմ հարաբերությունները: Բայց դատավորների այս քայլը համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, եւ պնդումներ կան, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, եւ Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի: Իրավիճակից դուրս գալու համար, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր գործուղել Երեւանից. ընտրությունը կանգ է առել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատել է այս տեղեկությունները:

 

 

 

 

ՓՈԽԱԴԱՐՁ ԽԱՂ
«Մարտի 1»-ի քրեական գործի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի երեկվա հայտարարությունը շատ հետաքրքիր նրբերանգներ էր պարունակում: Ինչպես հայտնի է, առաջին ատյանի դատարանը անակնկալ որոշում կայացրեց` Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքի հարցով ՍԴ դիմելու մասին` ուղարկելով նաեւ գործի նյութերը, եւ հիմա տուժող կողմը պնդում է` այդ որոշմամբ իրենք զրկվել են դատավորի որոշումները բողոքարկելու իրավունքից:
ՍԴ-ն երեկվա պարզաբանման մեջ նշել է, որ, 2018թ. ընդունված օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել»: Նաեւ նշված է, որ գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը ՍԴ-ն կարող է պահանջել»: ՍԴ-ից պարզաբանում են. «Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձը վերոնշյալ կարգավորումների պարագայում չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա»:
Այսպիսով, դատավոր Դավիթ Գրիգորյանն ու նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորած ՍԴ-ն այսպիսով յուրօրինակ խաղ են սկսել` միմյանց վրա գցելով այս գործով պատասխանատվությունը:
Պատահական չէ, որ ՍԴ-ն մատնանշում է` իրենց մոտ ուղարկված քրեական գործի նյութերը կարող են տրամադրվել միայն դատավորի գրության հիման վրա: Սա նշանակում է` տուժող կողմը դատավորի գործողությունների օրինականությունը բողոքարկելիս, այնուամենայնիվ, կախված է լինելու դատավորի քմահաճույքներից: Եթե հաշվի առնենք տեսակետը, որ մինչեւ հիմա Գրիգորյանի գործողություններն ավելի շատ եղել են հօգուտ ամբաստանյալի եւ ոտնահարել են տուժող կողմի շահերը, ՍԴ-ից նյութերը ստանալու հեռանկարը մի տեսակ մշուշոտ է թվում: Մյուս կողմից, սակայն, ՍԴ-ն չի վարանել «ձեռքի հետ ակնարկներ անել»` դատավորի գործողությունների օրինականության վերաբերյալ:
Հետաքրքիր մի փաստ եւս. ՍԴ-ն պնդում է` գործի նյութերը վերադարձնելը չի կարող ազդել իրենց մոտ այդ գործի քննության ընթացքի վրա: Բայց այսքանով հանդերձ ՍԴ-ն չի մանրամասնել` այնուամենայնիվ, գործը նշանակելու է արդյոք քննության` միջամտելով դատավարությանը, թե ձեռնպահ կմնա գործը քննության նշանակելուց մինչեւ դատավոր Դ. Գրիգորյանի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը։




Լրահոս