Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր հրավիրել, թեման` «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները»: Բանն այն է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, թե դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսությունը գրագողություն է:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց. «Գրագողությունը համարելով մեծագույն չարիք եւ մեծագույն մարտահրավեր գիտության զարգացման համար` կքննարկենք օրենսդրական բարեփոխումների հարցը այդ արատը արմատախիլ անելու համար»:
Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է: Ըստ ԲՈԿ-ի` Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս բացահայտվեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության գրագողության հարցը, որտեղի՞ց եք նման տեղեկություն ստացել: Խնդրում եմ, մանրամասնեք տեղեկությունը:
-Դա տեղի է ունեցել դեռ անցյալ տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ասաց, որ մի քաղաքացի գնացել է ԲՈԿ, ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ կոմիտե` պահանջելու յուրաքանչյուր այլ անձի դիսերտացիոն աշխատանքը: Ես ասեմ ավելին` այդ աշխատանքները դրված են նաեւ օնլայն տիրույթում ու կա նաեւ Ազգային գրադարանում, այսինքն` յուրաքանչյուր ոք կարող է գնալ, վերցնել ու կարդալ: Վերցրել, կարդացել է ու եկել ասել է, որ կա գրագողություն: Դրանից հետո սկսել է մամուլը հետաքրքրվել այդ ամենով, ըստ երեւույթին, այդ քաղաքացու հայտարարածի հետքով:
-Դուք հավատո՞ւմ եք, որ մի քաղաքացի կարդացել ու բացահայտել է, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը գրագողություն է արել, այսինքն` որեւէ հետապնդում այս հարցում չկա, ու սա քաղաքացու «քրտնաջան» աշխատանքի արդյունք է:
-Դե, կարող է քաղաքացի չի, այլ այդ դատավորի դեմ ինչ-որ մի խնդիր ունեցած մարդ է եղել ու, այնուամենայնիվ, քաղաքացի է եղել: Ուղղակի աղմուկը բարձրացավ իր վերջին այս հայտարարություններից հետո. մենք արդեն շեշտել ենք, որ այս գրագողության հարցը միայն Ազարյանի հարցը չի, դա բոլորի հարցն է` թե՛ բժիշկների, թե՛ դատավորների, թե՛ մնացած բոլոր ոլորտի մասնագետների, հատկապես` մանկավարժների, այսինքն` սա ընդհանուր մի մեծ խնդիր էր, որը առիթ հանդիսացավ այդ խնդիրը քննարկելու համար:
-Իսկ հիմա հանձնաժողովի թիրախում կա՞ն էլի նման մարդիկ, ում ատենախոսությունները կուսումնասիրեք` պարզելու համար` արդյոք եղել է գրագողություն, թե ոչ:
-Մենք ոչ մեկին թիրախում չունենք, մենք թիրախում ունենք երեւույթը` գրագողության երեւույթը, ու կապ չունի, թե այդ երեւույթի տակ ով կտեղավորվի, այսինքն` դա կլինի իշխանությունից որեւէ մեկը, դա կլինեմ ես, դա կլինի մեկ այլ մարդ` նախորդ, թե դրսի, այսինքն` գիտական մարդ, այստեղ որեւէ կապ չունի: Այսինքն` այստեղ երեւույթի վրա կենտրոնանալն է եւ ոչ մի բան ուրիշ:
-Տեղեկություններ կան, որ իրենց ատենախոսությունները եւս «կեղծել են» նախորդ իշխանության շատ ներկայացուցիչները. նշվել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը: Դուք պատրաստվո՞ւմ եք ուսումնասիրել նաեւ նրանց «գրածները», նախորդ իշխանություններին անդրադառնալո՞ւ եք:
-Գիտեք ինչ, գրագողությունն այն երեւույթն է, որ անգամ քաղաքակիրթ երկրներում, ասենք` Գերմանիայում եւ ԱՄՆ-ում, նման երեւույթներ անընդհատ հայտնաբերվում են, այսինքն` այդ երեւույթը մշտապես եղել է ու լինելու է: Կարեւորը ճիշտ հայտնաբերելն է, ճիշտ ժամանակին եւ ճիշտ մեթոդներով դրանց դեմն առնելն է ու տվյալ գրագող մարդկանց համապատասխան պատժի ենթարկելն է: Իսկ ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը, ապա ես չեմ ուսումնասիրել, բայց հատուկ ԲՈԿ-ին հարցրել եմ, որ կա արդյոք այդ երեւույթը, նրանք պնդել են, որ գրագողության երեւույթ չկա, չնայած հանրույթին հայտնի է, թե ով է գրել այդ աշխատանքը եւ ինչի դիմաց է գրվել այդ աշխատանքը:
-Գիտեք, ուսումնասիրել եք, պարզել եք, բայց չեք պատժո՞ւմ. ի՞նչ է սպասվում նման գրագողներին:
-Դրա համար չկա ընթացակարգ ու չկա օրենսդրական լուծում, գործիք չկա պարզելու, դրա համար ես շեշտեցի, որ սա էթիկական ու բարոյական դաշտում է եւ, ի վերջո, պետք է հասկանալ, թե ինչի համար է պետք այդ կոչումը: Եթե դա որեւէ բան չի ավելացնում, այլ մի բան էլ պարտավորեցնում է, շատ մարդիկ կձգտեն չգնալ դրան, գումար էլ չծախսել եւ ստանալ այդ կոչումը, որն իրականում իրենց պետք չի էլ գալու ամբողջ կյանքի ընթացում:
-Ինչպե՞ս եք այդ դեպքում լուծելու հարցը, որպեսզի այն չկրկնվի. գուցե մեկին պատժեք մի մեխանիզմով, որ դաս լինի մյուսների համար:
-Պատիժը մտածում ենք, ԲՈԿ-ում կա աշխատանքային խումբը, որը հստակեցնելու է, թե ինչ է գրագողությունը: Հստակ կլինեն չափանիշներ, մենք կաշխատենք ԲՈԿ-ի հետ ու կտեսնենք, թե օրենսդրական ինչ բացեր են տեսել, կփորձենք այդ բացերը լրացնել:
ԱԺ-ՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՄԵԾ ՓԱԹԵԹԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պլանավորված էր հաջորդ շաբաթ արտահերթ նիստում քննարկել, ընդ որում՝ սպասվում էր, որ այդ արտահերթը բավական երկար կտեւի՝ հաշվի առնելով նախագծի ծավալը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունները: Սակայն երեկ երեկոյան որոշվել է առաջիկա հերթական նիստում փաթեթը ներառել: Ի վերջո, իշխանությունները նկատի են ունեցել փաստը, որ հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, ինչի համար որոշում է կայացվել այն, ինչքան հնարավոր է, շուտ սկսել քննարկել: Մեր տեղեկություններով` երեկ՝ երեկոյան, որոշումն արդեն կայացվել է:
Տեղեկացնենք նաեւ, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել այդ փաթեթին:
Նշենք, որ փաթեթում ներառված են հետեւյալ կետերը.
1.Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին
2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
3. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
4. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
5. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
6. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
7. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին
8. «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
9. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
10. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
11. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին: Ակնհայտ է, որ առաջիկայում ԱԺ-ում թեժ է լինելու:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ
Ինչպես հայտնի է, այսօր պիտի մեկնարկեր Ազգային Ժողովի հերթական քառօրյան, սակայն առաջին նիստը հետաձգվելու է, որովհետեւ «Հայաստանի հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն՝ ի պատիվ Հայաստանի առաջին Հանրապետության: ԱԺ աշխատանքները կսկսվեն չորեքշաբթի օրվանից, եւ պատգամավորների համար այն լինելու է գերհագեցած գրաֆիկով: Օրակարգում ընդգրկված են լինելու 22 հարց: Քննարկվելու է ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի մշակած նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը` 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին: Օրակարգում ընդգրկված են լինելու նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագիծը` ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին: ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ինչպես նաեւ «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Նշենք նաեւ, որ, ըստ էության, չորեքշաբթի օրը նիստը կիսատ կմնա, որովհետեւ ժամը 4-ից մեկնարկելու է կառավարության հետ հարցուպատասխանը:
ԱԿՏԻՎԱՑԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրել է. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»: Ավելին` ուշ հրապարակվեց նաեւ այս տարվա առաջին չորս ամսվա սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները: Պատկերը բավական խոսուն է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չորս ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով: Բավականին աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4.5 տոկոս: Ու սա այն դեպքում, երբ հանքարդյունաբերող ընկերություններն արդեն մեկ տարի է` հայտնի պատճառներով չեն գործում, եւ նախկինում իշխանություններին հենց դրա շնորհիվ է հաջողվել դրական ցուցանիշ արձանագրել: Հիմա, ընդհակառակը, կարծես փոխվել է արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելացել են շինարարության ծավալները՝ 8 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 9.8 տոկոսով, ծառայությունների ծավալները՝ 17 տոկոսով: Միաժամանակ, սակայն, կան բացասական ցուցանիշներ. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են բավական կտրուկ՝ 9.2 տոկոս: Շարունակվում է բացասական ընթացքն արտաքին առեւտրաշրջանառության մեջ. այն պակասել է 4.2 տոկոսով, որից արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, ներկրումը՝ 1.9 տոկոսով: