ԿՈՏԱՅՔԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Բանն այն է, որ մարզի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը ինքնաբացարկ են հայտարարել:

Ինչպես հայտնի է, մարտի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, իրավապահները ձերբակալել էին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է: Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Արդյունքում ՀՔԾ-ն քննեց եւ պարզեց, որ դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորից իր օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Ի դեպ, դատավորը այդպես էլ չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ այդ գումարը իրեն պարտք են եղել եւ վերադարձրել են պարտքը:
Այս ամենի արդյունքում նախաքննական մարմինը մայիսի 15-ին հայտարարեց՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան:
Թվում է՝ այսքանով ամեն ինչ պետք է ավարտված լիներ, սակայն պատկերը միանգամայն այլ է: Դատավոր Հեբոյանի գործը ուղարկվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ հիմա Կոտայքի մարզի քրեական գործը քննող դատավորները ինքնաբացարկ են հայտնել` նշելով, որ չեն կարող քննել Գագիկ Հեբոյանի գործը, քանի որ ճանաչում են նրան: Այս ամենը դատական համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, թե մարզի դատավորները իրավունք չունեին նման պատճառաբանությամբ հրաժարվել գործը քննելուց:
Ավելին, դատական համակարգում բարձրացվել է այն հարցը, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, եւ Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի:
Դատական համակարգում զարմացել են` միթե Երեւանի ընդհանուր իրավասության դատավորներից Դավիթ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի հետ կատարվածը դաս չեղավ մարզային գործընկերների համար, որ հիմա շարունակում են անհիմն բացարկներ ներկայացնել:
Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ դատավոր Գագիկ Հեբոյանի գործը գնացել է դատարան եւ այն, ի վերջո, պետք է քննվի, եւ դատարանը դատավճիռ հրապարակի: Դատական համակարգում իրավիճակից դուրս գալու համար գտել են տարբերակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախօրեին որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուրիշ դատարանից դատավոր գործուղել: Ընտրությունը կանգ է առել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի վրա:
Ասել է թե` Տաթեւիկ Գրիգորյանը թողեց իր վարույթում քննվող գործերը եւ գործուղվեց Կոտայքի մարզի նստավայր: Նկատենք, որ դատական համակարգում խիստ վրդովվել են այս իրավիճակի պատճառով, քանի որ կարծում են՝ առանց այն էլ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավականին ծանրաբեռնված է աշխատում, եւ հիմա էլ Երեւանից մեկ դատավոր Կոտայքի մարզ գործուղելն այդքան էլ արդար չէ, եւ այսօրինակ իրավիճակները դատական համակարգում լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում ե՛ւ դատավորներին, ե՛ւ քաղաքացիներին:
Մինչ այդ նկատենք, որ կաշառք վերցնելու համար մեղադրվող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործը քննվեց հենց Շենգավիթի դատարանում, այնտեղ, ուր նա աշխատել էր մոտ 20 տարի:
Մեկնաբանությունների համար «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որը հաստատեց տեղեկությունները՝ Կոտայքի մարզի դատավորներն ինքնաբացարկ են հայտնել, եւ Տաթեւիկ Գրիգորյանն էլ գործուղվել է այնտեղ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՆԻՍՏԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ
Մայիս 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների դռները փակելու, դատավորներին վեթթինգի ենթարկելու հայտարարությունից հետո դատական համակարգում փոթորիկ սկսվեց: Դատավորները, իրավիճակից մտահոգված, դատավորների ընդհանուր ժողով հրավիրեցին: Այն անցկացվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում: Եւ երեկ այնտեղ մթնոլորտը թեժ էր. ընդհանուր ժողովին (որն, ի դեպ, անցկացվեց դռնփակ) մասնակցելու համար դատարան էին եկել նաեւ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված դատավորներ Դավիթ Բալայանը, Մխիթար Պապոյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը: Հարցազրույցներում դատավորներից ոմանք խնդիր չէին տեսնում վեթթինգի ենթարկվելու մեջ, իսկ, ահա, ոմանք այն համարում էին նսեմացուցիչ գործընթաց: Տեղեկացնենք, որ Դատավորների միության ժողովը բավականին երկար տեւեց` մոտ 6 ժամ. մեկնարկեց 16:30-ին ու ավարտվեց 22:40-ին:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների փակ նիստում տեղի ունեցած քննարկումից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, դատավոր Զարուհի Նախշքարյանը իր գործընկերներին ասել է` բոլորդ վախկոտներ եք: Ավելին` նիստի ընթացքում խոսվել է Բարձրագույն դատական խորհրդի հետագա ճակատագրի մասին, ներկաներից շատերը քննադատել են ԲԴԽ-ի գործունեությունը: Ավելին` փակ նիստի ընթացքում խոսվել է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի հակամարտության մասին: Ի դեպ, փակ նիստի ժամանակ նույնիսկ հնչել են քաղաքական հայտարարություններ, որոնք դատավորներից շատերի դժգոհությունն են հարուցել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը նիստի ավարտից հետո փորձեց անձամբ դատավոր Զարուհի Նախշքարյանից ճշտել, թե արդյոք նա իր գործընկերներին ասել է վախկոտներ, սակայն դատավորը հրաժարվեց մեկնաբանել: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորները ամեն ինչ արել են, որ մայիսի 20-ին իրադարձությունները դատապարտող հայտարարություն տարածվի, բայց դատավորների մեծամասնությունը զուսպ է եղել եւ կողմ, որ չանդրադառնան այդ հարցին առհասարակ: Ուստի այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվել: Իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ դատավորների ժողովն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյոք նույն գնահատականը կհնչեցներ, եթե հրաժարական չտար ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Մեզ չպատասխանեցին` նշելով, որ դա մասնավոր բնույթի հարց է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտնել է, որ պատրաստակամ է դատարանում հարցաքննվել նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործով: Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատարանին միջնորդել էր, որ որպես վկա հարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հունան Պողոսյանին, որն այդ ժամանակ ոստիկանության պետի առաջին տեղակալն էր: «Երբ որ դատարանը կգտնի նպատակահարմար, կհրավիրի հարցաքննության, կհարցաքննվեմ: Մտավախություն բացարձակ չկա: Եվ մի գործով չէ, որ հարցաքննվել ենք»,-ասել է նա: Նշենք, որ Լ. Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

 

 

 

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ` ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Ինչ-որ բան ոչնչացնելուց առաջ պետք է ունենան երաշխավորված այլընտրանք. այս մասին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին, անցումային արդարադատությանը. «Այնպես չէ, որ մեր կուսակցությունն այն կարծիքին է, թե Հայաստանի արդարադատության համակարգը փայլում է, եւ կարիք չկա վերափոխման: Իհարկե, արմատական փոփոխությունների խնդիր կա: Բայց չենք կարող ասել, որ այսօր Հայաստանում դատական համակարգը լրիվ պարալիզացված է, եւ պետք է վիրահատական միջամտություն լինի համակարգը փրկելու համար»,- ասել է պատգամավորը: «Գալիս է մի եվրոպացի փորձագետ, մի բան է ասում, մի ամերիկացի գալիս, մի բան է ասում: Հետո էլ, ամենավիրավորականը, գալիս են Ազգային Ժողով, փոխանակ բարի լինեն, իրենց ճառը կարդալուց հետո լսեն հնչող տեսակետները, զբաղվում են իրենց հեռախոսներով: Սա արհամարհանք է մեր պետականությանը»,- ասել է Գ.Պետրոսյանը:

 

 

 

ԿՐԿԻՆ ՄԵԿՆԵՑ
Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, կրկին մեկնել է Հայաստանից: «Նախաքննություն իրականացող մարմինը որոշ ժամանակով թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին` մեկնել արտերկիր` բուժման նպատակով»,- նշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Ալեքսանդր Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ-ի թույլտվությամբ մեկնում Հայաստանից: Նա մոտ երկու ամիս առաջ վարույթն իրականացնող մարմնի պահանջով վերադարձել էր Հայաստան:

 

 

 

5 ՀՈԳԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Երեկ ոստիկանության ՄԵծամորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ 51-ամյա մի տղամարդ: Մետ մեկ ժամ անց կրկին հաղորդում է ստացվել, որ դարձյալ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա եւ 18-ամյա երիտասարդներ: Ավելի ուշ «ճակատի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-այա մի տղամարդ: Բոլոր հինգն էլ նույն գյուղի բնակիչներ են: Մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են մայիսի 25-ին` իրենց գյուղում վիճաբանության ժամանակ, միմյանց հարվածներ հասցնելու հետեւանքով: Կիրառվել են փայտե ու երկաթե ձողեր, նաեւ դանակ: 27-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, այն առգրավված է: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս