Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները: Ընդ որում, այդ ընտրությունները խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ` ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանին: Մեր տեղեկություններով` լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերությունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հասցեին:
Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ իրենք բնավ նպատակ չեն հետապնդում նախկին իշխանությունների նման բոլոր համայնքներում կուսակցականացնելու համայնքապետերին կամ իրենց թեկնածուներին առաջադրելու` տոտալ կուսակցական հսկողություն իրականացնելու համար: Բայց անդրադառնալով գործող քաղաքապետի գործունեությանը` մարզպետն ասել էր, թե նույնիսկ հաղորդում է տրվել դատախազություն, մի շարք առեւրեւույթ խախտումներ հայտնաբերվեցին, որոնց փաթեթը եւս ներկայացվել է մարզի դատախազին: Եւ դրանք պետք է իրավական գնահատականի արժանանան, որից հետո էլ քաղաքական վստահության հարց կա:
Այնուամենայնիվ, աբովյանցիներից շատերի պնդմամբ` իշխանության թեկնածուն հանրության շրջանում անհայտ է, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված են նույնիսկ իշխանության ներսում. մասնավորապես` մի քանի պաշտոնյաներ ամենեւին էլ կողմ չեն Գուլյանի թեկնածությանը:
Նշենք, որ Գուլյանը տարիներ շարունակ աշխատել է Աբովյանի եւ Երեւանի քաղաքապետարաններում: Նա աշխատել է Աբովյանի քաղաքապետարանում որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ, այնուհետեւ որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ: Այնուհետեւ նա թվերին աշխատել է Երեւանի քաղաքապետարանի` «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ում` որպես ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ, ապա, որպես բաժնի հաշվապահ, 2014-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսն էլ աշխատել է Երեւանի քաղաքապետարանի` «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ում որպես տնօրենի տեղակալ: Գուլյանը այժմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ գնալու են Աբովյան, նախընտրական շտաբում ունենալու են հանդիպումներ, քննարկումներ` հասկանալու իրենց գործողությունների հետագա ընթացքը: Ըստ մեր տեղեկությունների` «Իմ քայլի» թեկնածուի ռեյտինգն Աբովյանում այդքան էլ բարձր չէ, եւ այնտեղ մտավախություն կա, որ իրենց թեկնածուն հնարավոր է պարտություն կրի քաղաքապետի ընտրություններում: «Իմ քայլի» պատգամավորներն այս օրերին էլ ակտիվ քննարկումներ են ունենում` որոշելու, թե ինչ քայլերի միջոցով կարող են արդյունքի հասնել: Ըստ Աբովյանում շրջառանվող տեղեկությունների` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Աբովյանում հաղթանակ չի կարող տանել, որովետեւ հակառակորդ թեկնածուի` գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի վարկանիշն ավելի բարձր է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:
«Շրջանառվող լուրերն ակնհայտ իրենց պարտությունը գիտակցող, իրենց պարտությունը կանխատեսող քաղաքական շրջանակաների մտքի զառանցանքն է: Չկա նման բան: Ես Ձեզ ավելին ասեմ. մեր բակային հանդիպումները, մեր քարոզարշավի ընթացքը այս պահին այլ բանի մասին են խոսում եւ վկայում: Ինչ է նշանակում` գործող քաղաքապետի ստատուսը բարձր է: Ես այս պահին հանրակացարանների թաղամասում եմ: Քաղաքապետի վարկանիշն ինչպես է բարձր, որ վթարային շենքերում մարդիկ են բնակվում, եւ 4 տարի ինքը այստեղ չի եղել: Գործող քաղաքապետի նախընտրական բուկլետի առաջին կետում նշված է, որ վթարային շենքերի հարցը պիտի լուծվեր, ես մի տարի է` իրեն ասում եմ` ներկայացնենք կառավարությանը, որ կարողանանք այս հարցը լուծել, ինքն ինձ ասում է` չէ, ես զբոսայգի եմ ուզում հիմնանորոգեմ, ասում է` ես չեմ կարող կեղծ խոստում տալ: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ նման բան չկա, հեղափոխական թիմը հեղափոխությունը հունիսի 9-ին հասցնելու է Աբովյան քաղաք»,-ասաց Պետրոսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք «Իմ քայլի» պատգամավորները գնալու են Աբովյանի իրենց նախընտրական շտաբ, Պետրոսյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի:
«Ցանկացած քաղաքացի կարող է գալ Աբովյան, կարող է գալ այս գեղեցիկ քաղաք, տեսնի` ինչ է կատարվում` անկախ կուսակցական պատկանելիությունից: Բայց պատգամավորների մասով նման ինֆորմացիա չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետը:
«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց նաեւ Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանին, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. փետրվարի 18-ին որոշում է ընդունել` Ռուզաննա Գրիգորյանին «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Որպես որոշման հիմք նշված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը` «Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ»: Ռ. Գրիգորյանը մինչ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը Իջեւանի տարածաշրջանի «Աչաջուրի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր: Նա Իջեւանի ԲԿ-ն ղեկավարում էր 2015թ. հոկտեմբերի 20-ից: Իջեւանում տարածված խոսակցությունների համաձայն` Ռ. Գրիգորյանին աշխատանքից ազատելու առիթ էր հանդիսացել այն, որ Գրիգորյանը բժշկական կենտրոնի աշխատակիցներին տարածք չէր տրամադրել արհմիության ժողով անցկացնելու համար։ Մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. ապրիլի 22-ին որոշում է ընդունել այն մասին, որ մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Մարգարյանին նշանակել այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 2019թ. մարտի 7-ին Ռուզաննա Գրիգորյանի ներկայացուցիչ Վաչագան Քոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Տավուշի մարզպետարանի հայցադիմում է ներկայացրել՝ աշխատանքային պայմանագրի լուծման որոշումն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի եւ խախտված իրավունքները վերականգնելու համար կատարված ծախսերի գումարները բռնագանձելու պահանջներով։ Մարտի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը որոշել է Ռուզաննա Գրիգորյանի հայցադիմումը վարույթ ընդունել։ Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերն ընթանում են մայիսի 8-ից։
ՀՈՂԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Գարդենիա Գրեյն Դ՜ օր» ընկերությունը Բագրատաշենում 80 հեկտար տարածք է ձեռք բերել, որտեղ այգի է հիմնել, ոռոգման ցանց կառուցել: Ընկերությունը ցանկանում է այգիների համար նախատեսված տարածքը ավելացել եւս 50-70 հեկտարով եւ այդ հարցով դիմել է կառավարություն, որպեսզի հողերն առանց աճուրդի տրվեն «Գարդենիային»: Բագրատաշենի մի խումբ բնակիչներ դիմել էին խոշորացված Այրումի համայնքապետարան, որպեսզի իրենց համայնքի հողերից տրվեն այգեգործությամբ զբաղվելու համար։ Մարզպետ Չոբանյանն ասաց, որ Բագրատաշենի անմշակ հողերը բավարար են ե՛ւ «Գարդենիա Գրեյն Դ՜ օրի», ե՛ւ Բագրատաշենի բնակիչներին տրամադրելու համար։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՅԴՔԱՆԸ Ե՞ՐԲ Է ԱՅՑԵԼԵԼ
Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է։ Դրան նպաստող հանգամանքներն են Տավուշում պատմամշակութային նշանավոր շատ հուշարձանների առկայությունը, մարզի անտառային գեղեցիկ բնությունը, հանքարդյունաբերական ձեռնարկություների բացակայությունը։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Տավուշի զբոսաշրջության ոլորտի զարգացման համար ստեղծվել է զբոսաշրջության զարգացման աշխատանքային խումբ, որն էլ մշակել է մարզի 2019-2024 թվականների զարգացման հայեցակարգ։ Տավուշում զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղություններ են համարվում էկո, էքստրիմ, կրթական, առողջարանային եւ վերականգնողական տուրիզմը։ Մայիսի 17-ին Ենոքավան գյուղում կայացած Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին բաժանված մամուլի տեղեկագրի մեջ զբոսաշրջության մասին նշված է. «Ներկայումս Տավուշ այցելում է 300 հազար զբոսաշրջիկ»։ Պարզ չէ, թե 300 հազար զբոսաշրջիկը ե՞րբ, որքա՞ն ժամանակահատվածում է այցելել Տավուշ։ Մարզում զբոսաշրջության զարգացմանը խանգարում են ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզի ավտոճանապարհների վատ վիճակը, հանրային զուգարանների վատթար լինելը, հյուրատներում համապատասխան որակավորում եւ փորձառություն ունեցող մասնագետների պակասը եւ այլն:
ԴԱՏԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Մայիսի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկեց Դիլիջան համայնքի մաս կազմող Հովք գյուղի դպրոցի նախկին տնօրեն Եթեր Նազարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դպրոցի տնօրենի պաշտոնեական դիրքն օգտագործելու եւ այդ գույքը յուրացնելու համար: Ե. Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 314 հոդ. 1-ին մասով (2 դրվագով), 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագով), 179 հոդ. 1-ին եւ 3-րդ կետերով։ Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ