ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԷԼ ԴԻԿՏԱՏՈՐ ԿԴԱՌՆԱ ԿԱՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

-Պարո՛ն Սաքունց, վարչապետի` դատարանների վերաբերյալ հայտարարությունից հետո կարծիքներ են հնչում, որ այս քայլով վարչապետը ցանկություն ունի դատարանները դարձնելու իր գրպանի դատարանները: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ծանոթ եմ էդ կարծիքներին: Ամեն մեկն իր արշինով է չափում մյուսներին: Մյուս մասն էլ որ խոսում է այդ մասին, թերահավատորեն է մոտենում իշխանություն հասկացությանը` մտածելով, որ իշխանությունը միշտ հակված է չարաշահելու իր լիազորությունները: Դա բնական է: Ու պատմության փորձը դրա համար բավարար փաստեր տվել է: Բայց, այնուամենայնիվ, այդպես ասողները մի բան մոռանում են, որ Նիկոլ Փաշինյանը` որպես քաղբանտարկյալ, հենց այդ դատական համակարգի տուժածն է, եւ այդ ասողներից շատերն էլ առնչվել են այդ համակարգի հետ ու գիտեն` ինչ է նշանակում գրպանային դատավոր հասկացությունը, եւ ինչպիսին է դրա ահավոր ազդեցությունը, երբ որ դու ուզում ես արդարադատություն իրականանա եւ դա չի լինում, որովհետեւ դատավորը ենթարկվում է հրահանգի: Հռետորական հարց. արդյոք Փաշինյանը կուզի՞ նման դատավորներ ունենալ: Ինքը եթե էդպես ուզեր վարվել, Ռոբերտ Քոչարյանի կալանքը չէին փոխի, ընդհանրապես այլ բաներ տեղի կունենային: Սա նշանակում է, որ ինքն ի սկզբանե հրաժարվել է դատարաններին թելադրելուց, բայց սա նշանակում է նաեւ, որ ինքը, ցավոք սրտի, ուշ գիտակցեց դատական իշխանության փոփոխման անհրաժեշտությունը:
-Այսինքն` պիտի հեղափոխությունից անմիջապես հետո՞ նախաձեռներ:
-Հեղափոխությունից հետո ունեինք երկիշխանություն: Ոնց էին դատական իշխանությունը փոխելու, ովքեր էին օրենքներ ընդունելու: Ես չեմ գտնում, որ այն ժամանակ հնարավոր էր փոխել, բայց հնարավոր էր ի սկզբանե սկսել քննարկումները, նախապատրաստել նախագծեր, փաստաթղթեր, որոնք ԱԺ կներկայացվեին: Մեկ մարդը (ցավոք սրտի, մենք նշում ենք, որ այստեղ մեկ մարդու մասին է խոսքը) չէր կարող միաժամանակ բոլոր ուղղություններով քայլեր կատարել մանավանդ այն դեպքում, երբ 5 րոպեում կարող էր իրավիճակ փոխվել. հիշենք հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքը: Այստեղ հարցը ավելի շատ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմին: Արտակ Զեյնալյանը հենց սկզբից արդարադատության նախարար է նշանակվել: Անցած տարվա ընթացքում երկու անգամ ընտրության մասնակցեց` ավագանու եւ ԱԺ ընտրություններին: Դե, բնականաբար, ժամանակ չէր ունենա: Այսինքն` այտեղ այն հարցն է, որ ամեն մեկն իր բնագավառում անհրաժեշտ քայլեր կատարի: Լավ օրինակ էր այն, որ մինչ ընտրությունները ստեղծվեց վարչապետին կից հանձնաժողով, որը մշակեց Ընտրական օրենսգիրք: Ճիշտ է` չընդունվեց, բայց հիմա մենք ունենք պատրաստի փաթեթ, որի վրա փոփոխություններ անելով` այն ամբողջովին պատրաստ կլինի: Մենք բոլոր հնարավոր եւ տարբեր եղանակներով մշտապես առաջարկում էինք նախկին կառավարման համակարգին տալ քաղաքական գնահատական: Մենք պատրաստ էինք մասնակցել այդ տեքստի պատրաստմանը: Եւ եթե փետրվարից սկսվեր այդ գործընթացը, տեքստը արդեն պատրաստ կլիներ եւ հրապարակված: Եթե տրվեր քաղաքական գնահատական, նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ չէին համարձակվի նույնիսկ խոսելու, եթե տրված չի, ինքը մտածում է, որ իր խոսքը լեգիտիմ է: Իրենք պետական մեխանիզը օգտագործել են իրենց խմբային շահերի համար: Իշխանության գլուխ կազմակերպված քրեական խմբավորում էր կանգնած, որը թալանով էր զբաղված: Իսկ եթե այդ գնահատականը չկա, դժվարանում է նաեւ անցումային արդարադատությունը:
-Կհաջողվի՞ այս փուլում իրականացնել այն, ինչի մասին խոսում էր վարչապետը: Եւ եթե չէ, ի՞նչ հետեւանքներ կլինեն դրա արդյունքում:
-Չի կարող չլինել: Եթե սա չարվի, մենք ունենալու ենք նույնը, ինչ 90-ականներից հետո: Երբ որ խորհրդային կառավարման համակարգին չտրվեց գնահատական, նույնիսկ Ռուսաստանում չտրվեց, պուտինիզմը էկավ գլուխ: Մեզ մոտ էլ եկավ միակուսակցական համակարգը, որը համարվեց լեգիտիմ, որովհետեւ չէր ասվել, որ սա վատ բան է: Մենք կունենանք նույնը: Խնդիրը մեխանիզմն է: Հռոմի պապին էլ բերես դնես ՀՀ վարչապետ, այս գործող մեխանիզմով ինքն էլ կդառնա դիկտատոր կամ էլ ինքնասպան կլինի: Մեխանիզմը թելադրում է, որ դու այդ ձեւով կառավարես ոստիկանապետին, ԱԱԾ պետին հրահանգ տաս, ՀՔԾ-ն վերջին հաշվով ենթարկվում է վարչապետին, Քննչական կոմիտեն ենթարկվում է վարչապետին: Հեղափոխություն իրականացրածները անարդարության զոհերն էին եւ իրենց իրավունքները չվերականգնելու դեպքում իրենք կմերժեն այս իշխանությունը, որովհետեւ իրենք ակնկալիքներ ունեն:
-Դատարանի շրջափակման օրը մի շարք կարծիքներ հնչեցին, որ պատգամավորները իրավունք չունեին դատարանների դռները փակելու: Ի՞նչ կասեք:
-Համաձայն եմ:
-Ի՞նչ հետեւանքներ պիտի ունենա դա:
-Դա պետք է քաղաքական հետեւանք ունենա: Ակցիան մի բան է, մեկ բան է դուռը փակել: Նման ակցիա չեն անում, երբ դու ունես Ազգային ժողով: Օրենսդիր մարմինը լծակներ ունի: Իշխանությունը մեծամասնություն է: Այսինքն` չարածների համար մեղքը արդյոք պե՞տք է գցել դատարանների վրա: Նո՞ր գիտենք, որ կոռումպացված է դատարանը: Նո՞ր գիտենք, որ դատավորները պիտանի չեն: Չարածի համար գնամ դատարանի մոտ ասեմ, ի՞նչ: Ի՞նչ եմ ուզում. որ օրենքով աշխատեն: Տեղի ունեցածը անհամարժեք էր այն իշխանություններին, որն ունի իշխանությունը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԻՆՁ ԶԳՈՒՄ ԵՄ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ»

Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը: Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով` 2:1: Տանտերերից գոլի հեղինակ դարձան Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Միրանյանը, իսկ «Արարատից» պատասխան եւ միակ գոլի հեղինակը դարձավ Զավեն Բադոյանը: Այս խաղով «Փյունիկը» ավարտեց առաջնությունը: Վաստակած 60 միավորով նրանք այժմ առաջատարն են եւ կսպասեն «Բանանց»-«Արարատ-Արմենիա» խաղի արդյունքին, որն էլ կորոշի առաջնության չեմպիոնին:

«Փյունիկ»-«Արարատ» խաղի մրցավարական անձնակազմը Իսպանիայից էր Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ: Խաղից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հանրաճանաչ մրցավարի հետ:
-Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում եք գտնվում: Ի՞նչ տպավորություններ ունեք հայկական ֆուտբոլից:
-Միայն կարող եմ ասել շատ շնորհակալություն, քանի որ այստեղ ես ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը: Հենց դա է ամենակարեւորը: Տպավորությունները շատ լավն են, եւ անչափ հաճելի է այսօր այստեղ լինելը:
-Այստեղ՝ Հայաստանում, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մրցավարական աշխատանքը, ըստ Ձեզ:
-Շատ, շատ լավ եմ գնահատում մրցավարների մակարդակը: Եւ անհնար էր չնկատել, որ մենք մեր հայ գործընկերների հետ մեկ թիմ ենք դարձել:
-Դուք կցանկանա՞ք եւս մեկ անգամ գալ Հայաստան, բայց արդեն ոչ աշխատանքի բերումով, այլ ուղղակի ճանապարհորդելու:
-Այո, իհարկե: Անպայման կփորձեմ գալ Հայաստան, որովհետեւ ինձ այստեղ հաճելի է:
-Ո՞րն է Ձեր կարիերայի ամենահիշարժան հանդիպումը:
-Հենց այս հանդիպումը, քանի որ ֆուտբոլում ամենակարեւորը ներկան է:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս