«ԵՐԲԵՔ ՉԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՄԵՐԿ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Ջուսը: Նա անդրադարձել է իր նախասիրություններին, նշել, թե դժվարին իրավիճակներում ինչպես է կողմնորոշվում: Ջուսը խոսել է նաեւ իր թաքնված տաղանդի մասին. պարզվում է՝ նա նաեւ լավ նկարում է եւ զբաղվում է աքսեսուարների դիզայնով: Ինչ վերաբերում է մարդկային հարաբերություններին, երգչուհին խոստովանել է, որ եղել են ընկերներ, որոնք դավաճանել են իրեն, եւ դա բավական ցավոտ է եղել: Ամեն դեպքում, հիասթափությունը չի չարացրել մեր զրուցակցին. նա խուսափում է սկանդալներից եւ ծայրահեղ դեպքերում նախընտրում է լուռ հեռանալ: Ջուսի հետ զրուցել ենք նաեւ տղամարդկանց հետ հարաբերությունների մասին, իր վերաբերյալ հակառակ սեռի կարծիքի մասին, նաեւ պարզել ենք, թե հանուն ինչի է պատրաստ երգչուհին հրաժարվել շատ արժեքավոր բաներից:

-Ջո՛ւս, կա՞ մի սկզբունք, որով առաջնորդվել եք ամբողջ կյանքում եւ որն արդարացրել է իրեն:
-Այո, «միշտ առաջ, երբեք չհանձնվել»: Կարծում եմ՝ ստացվում է հետեւել այս լոզունգին:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը կարճ է, բայց…»
-Հիանալի:
-Ձեր կողքին մշտապես եղել են մարդիկ, որոնք…
-Սատարել են ինձ:
-Ո՞րն է Ձեր սիրելի ծաղիկը եւ ինչու՞:
-Արխիդեան. այն էկզոտիկ ծաղիկ է, եւ երջանկություն, ներդաշնակություն է բերում: Ի դեպ, մարմնիս դաջել եմ արխիդեա: Կարծում եմ՝ ծաղիկների հետ կապված նախասիրությունները շատ բան են ասում կնոջ մասին:
-Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն, ո՞ւմ ծնկներին կարող եք գլուխը դնել:
-Մայրս: Թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում նրա խորհուրդներն անփոխարինելի են: Կարեւորն այն է, որ այն, ինչ նա ասում է, սրտանց է ասում: Փորձը ցույց է տալիս, որ մայրս մեծ մասամբ ճիշտ է: Իհարկե, ես լսում եմ նաեւ իմ ինտուիցիային: Դա շատ կարեւոր է:
-Լրացրե՛ք նախադասությունը. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ասի որ.., Դուք չեք համաձայնի»:
-«Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ասի, որ մերկ նկարահանվեմ, չեմ համաձայնի»:
-Պատրաստ եք հրաժարվել շատ արժեքավոր բաներից՝ հանուն…
-Իմ սկզբունքների:
-Մեր երկրի առաջընթացն ինչի՞ հետ է կապված ըստ Ձեզ:
-Ուժեղ տնտեսություն ունենալու. ես այդտեղ եմ տեսնում բանալին:
-Ձեր սրտի փոքրիկ անկյունում տեղ ունի նա, ով…
-Կարող է երջանկացնել ինձ:
-Սիրելի հատապտո՞ւղը:
-Ազնվամորի:
-Թաքնված տաղանդ ունե՞ք: Կա՞ մի բան, որ լավ եք անում, բայց քչերը գիտեն:
-Այո, քչերը գիտեն, բայց ես լավ նկարում եմ, կարողանում եմ աքսեսուարների դիզայն անել:
-Միշտ ձգտում եք շփվել մարդկանց հետ, որոնք…
-Դրական աուրա ունեն, պարգեւում են լավ էմոցիաներ:
-Տղամարդիկ Ձեզ ինչպիսի՞ կին են համարում, սովորաբար ի՞նչ հաճոյախոսություններ են անում:
-Գեղեցիկ են համարում, ասում են գեղեցկուհի:
-Երեւանն ինչի՞ հետ եք ասոցացնում:
-Ծնողի, շատ հարազատ մարդու:
-Նկարագրե՛ք ամենահարազատ բույրը:
-Ցիտրուսային բույրերը, հատկապես՝ նարնջի: Այդ սկզբունքով եմ նաեւ օծանելիք ընտրում:
-Եղե՞լ է, որ ընկերներից հիասթափվեք, Ձեզ դավաճանեն: Իսկ շա՞տ ընկերներ ունեք:
-Այո, դեպքերը քիչ են եղել, քանի որ ընկերներ էլ քիչ ունեմ, բայց դրանք եղել են ցավոտ:
-Հիասթափվելու պարագայում մարդուց լուռ հեռանո՞ւմ եք, թե՞ սկանդալ եք բարձրացնում:
-Լուռ հեռանում եմ. դա է իմ տեսակը: Առհասարակ, ոչ կոնֆլիկտային մարդ եմ, ատում եմ վեճերը: Իրավիճակը փրկելու համար հաճախ գործի եմ դնում նաեւ հումորը:
-Խոհանոցում նույնքան կրեատիվ եք, որքան բեմո՞ւմ: Ո՞վ է Ձեզ համար պատրաստում:
-Ոչ, խոհանոցում ես բառիս ուղիղ իմաստով եփող եւ թափող եմ: Եփածս թափում եմ (ծիծաղում է): Սիրում եմ համով ուտել, բայց կարող եմ սարքել միայն բուտերբրոդ՝ հացով, պանրով ու կանաչիով: Մայրս է խոհանոցում լինում:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Հենց խոհանոցի մասին հարցը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

Ի՞ՆՉ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՊԱՂՈՒՄ

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 26-ին, Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայաստանի՝ որպես պետության անցած ճանապարհի, ներկայիս մարտահրավերների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը դարերի ընթացքում սովորել է դիմանալ դժվարություններին եւ հաղթահարել դրանք, բայց որպես պետություն կայացման համար դեռ երկար ճանապարհ ունի անցնելու. «Մենք անընդհատ այդ կայացման փուլում ենք: Մեր պետական ինստիտուտները անընդմեջ ոչ թե բարեփոխումների, այլ հենց կայացման կարիք ունեն, դատական համակարգը` Ձեզ օրինակ: Չգիտեմ՝ երբ կարող ենք այս շրջանից դուրս գալ, բայց, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»-տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ուժեղ պետություն ունենալուն խոչընդոտում է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որը դեռեւս չի լուծվում. «Այդ հարցն ով ինչպես ուզում է, օգտագործում է` սկսած քաղաքական կուսակցություններից, վերջացրած գերտերություններով: Արանքում մենք ենք տուժում, եւ, բնական է, որ շատ դանդաղ ենք առաջ շարժվում»,- ասաց երգահանը:
Հարցին, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչ հեռանկար է տեսնում մեր երկրի համար, պարոն Բայաթյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո գալիս է բավական բարդ շրջան, հաստատման փուլ: Մինչեւ այդ իշխանությունը հաստատվում է, գալիս է մեկ ուրիշը, ասում է՝ սպասե՛ք, ավելի լավ բան եմ առաջարկում: Համենայնդեպս, եթե ներկայիս իշխանությունն արագ տեմպով աշխատի եւ կարողանա երեք-չորս տարում օրենքի դաշտը կարգավորել, առաջընթացի հնարավորությունները կմեծանան»:
Հ.Գ. Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը. վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի` մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվեց 1968 թվականին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԽԱՆԳԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր լրատվական CNN հեռուստաընկերությանը:
Հարցազրույցի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումից: Նա նշել է, որ քաղաքականությունը խանգարել է Մխիթարյանին մասնակցել իր կարիերայի կարեւորագույն հանդիպումներից մեկին, ինչպես նաեւ զրկել այդ խաղը վայելելուց հայաստանաբնակ «Արսենալի» երկրպագուներին: Առաջին փոխնախագահը նաեւ անկեղծացել է` ասելով, որ, ըստ իրենց աղբյուրների, Հենրիխին խորհուրդ են տվել մասնակցության եւ հաղթանակի դեպքում չծածանել հայոց եռագույնը:

 

 

 

ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱ՞Ն
Իսպանական Jugones հաղորդումը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին իրեն վաճառել չինական ակումբին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսի եղբայրն ու գործակալը՝ Ռենե Ռամոսը, Ֆլորենտինո Պերեսի հետ զրույց են ունեցել եւ հայտնել ֆուտբոլիստի ցանկության մասին, բայց Պերեսի պատասխանը չի գոհացրել Ռենեին. «Մենք նրան չենք պատրաստվում նվիրել ոչ մի թիմի: Ռամոսը ոչ մի տեղ չի գնա»:
Նշվում է, որ Ռամոսը չինական ակումբներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ աստղաբաշխական աշխատավարձով եւ պատրաստվում է լքել «սերուցքայինների» ճամբարը: Ավելի վաղ Սերխիո Ռամոսի անունը կապում էին Թուրինի «Յուվենտուսի» հետ:

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԱՍՆԱԿՑԻ
Անգլիական մի շարք հեղինակավոր պարբերականներ վստահեցնում են, որ Լոնդոնի «Տոտենհեմի» աստղային հարձակվող Հարի Քեյնը պատրաստ կլինի հունիսի 1-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը:
Ավելի վաղ անգլիացի ֆուտբոլիստը նշել էր, որ ամեն ինչ կանի խաղին լիարժեք պատրաստ լինելու համար:
Հիշեցնենք, որ Քեյնը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի Զ եզրափակչի` «Մանչեստեր Սիթիի» հետ առաջին հանդիպման ժամանակ:

 

 

«ԼԵՈՆ» ՀՌՉԱԿՎԵՑ ՉԵՄՊԻՈՆ
Մայիսի 26-ին եւ 27-ին կայացան ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի պրոֆեսիոնալ առաջնության 17-րդ տուրի հանդիպումները: «Արմենիա Թրավելը» հաղթեց «Արմավիրին» 13:6 հաշվով, իսկ «Լեոն» Գյումրիում հաղթեց «Կումայրիին»-ին 14:7 հաշվով: «Լեոն» ժամկետից շուտ դարձավ Հայաստանի չեմպիոն:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս