Լուսանկարն արվել է Վանաձորի բուսաբանական այգում
Առաքինություն քարոզող նոր մեթոդ:
ՀԱՐՑ. ՀՀ քաղաքացիները Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելուց հետո արդյոք խնդիր չե՞ն ունենա ԱՄՆ կրկին մուտք գործելու:
Տիգրանուհի Մկրտչյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մկրտչյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նախկինում Իրան կատարած այցը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մուտքը Միացյալ Նահանգներ մերժելու համար: Մուտքը թույլատրելիս դիտարկվում են մի շարք գործոններ` միասին վերցված:
ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայողները ժամանող օտարերկրացիների մուտքը Միացյալ Նահանգներ թույլատրելու վերաբերյալ որոշումները կայացնելիս բոլորի համար կիրառում են նույն չափանիշները: Հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության կայքում, հասցեն` https://www.cbp.gov/travel/international-visitors:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատուն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ԱՄՆ մուտք գործելու չափանիշները ներկայացված են, բայց եւ այնպես, այդքան էլ պարզ չդարձավ` նախկինում Իրան կատարած այցը կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մուտքի վիզայի հարցում, թե ոչ:
ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում ակցիզային հարկն ի՞նչ ժամկետում է վճարվում:
Հակոբ Հունանյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հունանյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը` արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով: