ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում եւ Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Իսկ ահա Ապարանում կազմակերպված միջոցառումն ավելի փոքրաթիվ էր: Սակայն թերեւս առաջին անգամ Արցախը պաշտոնապես չմասնակցեց Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, իսկ դա իսկապես խորհելու տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահ խորհրդական Դավիթ Բաբայանին, վերջինս սակայն խուսափեց հստակ պատասխանել` հրավեր եղել է, թե ոչ` միայն ընդգծելով, թե նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով, ընտրվել է այս ձեւաչափը: «Դուք գիտեք, որ Արցախում է գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները եւ նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձեւաչափը», – նշեց Բաբայանը: Եվ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանում է վերջինիս զբաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ առհասարակ Արցախից որեւէ պաշտոնյա երեկ չի մասնակցել միջոցառումներին:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարան` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, եւ հետաքրքրվել, թե այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվել էր` արդյոք ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցելու են այս գործով լսումներին, քանի որ մասնակցել են 2008թ.-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը: «Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով», – ասվում է ՍԴ կողմից ուղարկված պատասխանում:

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատվել վերջինիս կողմից։ Ինչպես հայտնի է՝ հունվար ամսից երկու աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը։ Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Մեր տեղեկություններով, համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշխատանքը եւ ընդունել դրանք։

 

 

 

 

 

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում: Եվ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներքին խմորումներ են առկա եւ քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձեւաչափից: Բանն այն է, որ ըստ ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատֆորմի անդամները պետք է 9-ական լինեն` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիություններից եւ 3-ը` գործատուների կազմակերպություններից: Եվ հենց այս հարցում է տարակարծությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չհերքեց, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն:

 

 

 

 

ՑԱՅՏՈՒՆ ԵՐԵՎԱՑ
Տեւական ժամանակ է՝ հասարակական-քաղաքական օրակարգի քննարկումների հիմնական թեման դարձել են դատաիրավական ոլորտում աներեւակայելի արագությամբ իրար հաջորդած, շատ դեպքերում՝ միանգամայն անսպասելի իրադարձությունները: Սա միանգամայն սպասել էր, եթե հաշվի առնենք նույն այդ դատական համակարգի նկատմամբ հասարակության դժգոհությունը, եւ թավշյա հեղափոխությունից հետո այստեղ եւս արմատական փոփոխությունների պահանջը:
Բայց մինչ հասարակությունն ակտիվ քննարկում է դատավորներին վեթթինգի ենթարկելու եւ ընդհանրապես, դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների հարցը, ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ են Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նախ ռուսական Կոմերսանտ պարբերականում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ծավալուն հրապարակում, որտեղ իրենց դիրքորոշումն էին հայտնել երկու երկրների ԱԳ նախարարները: Իսկ արդեն նախօրեին տարածաշրջանային այցով Երեւանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որ այնուհետեւ ուղեւորվեցին Բաքու:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ ՀՀ վարչապետի, եւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումներում հստակ շեշտվել է հակամարտության կարգավորման գործընթացում խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր. անդրադարձ եղել մարդասիրական եւ մարդկանց միջեւ շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին: Այլ կերպ ասած, Հայաստանը հերթական անգամ վերահաստատում է հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը:
Հայաստանի խաղաղարար դիրքորոշումն ավելի ցայտուն է երեւում Մամեդյարովի՝ հայտարարություններից հետո. արձագանքելով «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ վերականգնել վստահությունը եւ հետո նոր անցնել տարածքների վերադարձի, Ղարաբաղի կարգավիճակի եւ ադրբեջանցի փախստականների հետ կապված հարցերին, նա բացասական պատասխան է տվել, ասելով, թե կարգավորումը պետք է լինի փուլային, որի սկիզբը պետք է լինի հայկական ուժերի դուրսբերումը շրջաններից եւ ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ շրջաններ, դրան զուգահեռ՝ վստահության մթնոլորտ ձեւավորելը:
Իսկապես, հարեւան երկրում չեն ուզում գիտակցել ԼՂ հիմնախնդրի պատճառները, ըստ այդմ՝ նաեւ հարցի էությունը. սա ոչ թե հասարակ պայքար է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար, այլ այդ պայքարը թելադրված էր «անջատում հանուն փրկության» հրամայականից ելնելով. այդ քայլին արցախահայությունը գնաց իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Ու այս դեպքում քանի դեռ չի ձեւավորվել վստահության մթնոլորտ, ավելորդ է խոսել ցանկացած լուծման մասին:




Լրահոս