ԿՅԱՆՔԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿՈՒՐՍԵՐ ԱՆՑԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը (եւ արդարադատության համակարգն ընդհանրապես), որ նույնացվում էր նախկին իշխանության կարկառուն օրենսգետներից մեկի՝ «զլոյ գենի»-ի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանի հետ, թավշյա հեղափոխությունից հետո վստահվեց «ԵԼՔ» խմբակցության թերեւս ամենահավասարակշռված ու զուսպ պատգամավորին՝ Արտակ Զեյնալյանին: Թեեւ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Զեյնալյանն առաջադրվել էր որպես «Մենք» դաշինքի թեկնածու, իսկ դաշինքը չանցավ խորհրդարան, նա, սակայն, վարչապետի առաջարկով նախագահի կողմից վերանշանակվեց նույն պաշտոնում: Մայիսի 12-ին լրացավ սույն պաշտոնում Զեյնալյանի պաշտոնավարման մեկ տարին:

Բժիշկ, իրավաբան, իրավապաշտպան
Սեպտեմբերի 9-ին իր 50 ամյակը բոլորող Ա. Զեյնալյանը, դատելով նրա կենսագրական տեղեկանքից, առաջին մասնագիտությամբ բժիշկ է՝ վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ: 1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, ապա Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես սանիտար, բուժեղբայր, բժիշկ: 2002թ. ապագա նախարարն ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան, ապա «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը. իրավաբան է: Նա պետական կառավարման ապարատում, մասնավորապես՝ առողջապահության ոլորտին առնչվող մասնագիտական մեծ փորձ ունի: Աշխատել է նախկին իշխանության տարիներին, մասնավորապես` երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք, 1998-2001թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Շուրջ մեկ տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության համատեղ «Ժողովրդագրական առողջապահական հետազոտություն» ծրագիրը, նաեւ ՀՀ ԿԱ մարդասիրական օգնության, առողջապահության, հումանիտար ճանապարհով ստացվող բժշկական նշանակության ապրանքների վերագնահատող հանրապետական հանձնաժողովները: 2010թ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի գիտավերլուծական կենտրոնի սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ: Դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում եւ փաստաբանների պալատում:
Զեյնալյանը նաեւ իրավապաշտպան ակտիվ գործունեություն է ծավալել դեռեւս 2000-ականների սկզբից, մասնավորապես՝ «Տանիք» իրավապաշտպան ՀԿ-ի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է, 2003թ.՝ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտպան ՀԿ անդամ: 2011թ. նա հիմնել եւ նախագահել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն, ստրատեգիական դատավարությունների իրականացման իրավաբան-փորձագետ է: 2016թ Ապրիլյան պատերամից հետո նա ստանձնեց «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետեւանքով Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգումը:
Հերոս Արտակը
Ա. Զեյնալյանի կենսագրության նշանակալի փուլերից է նրա մասնակցությունը Արցախյան ազատամարտին «Նիկոլ-Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում: Այդ ժամանակ նա երկրորդ կուրսի ուսանող էր եւ հենց պատերազմի դաշտում էլ կորցրել է ոտքը: Զեյնալյանը ԵԿՄ հիմնադիր անդամներից է, 2001-ին եղել է «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար: 2018-ին, երբ «Լույս» դաշինքի կազմում Զեյնալյանը հավակնում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնին, քարոզարշավի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նրա կենսագրականից մի ուշագրավ դրվագ բացահայտեց: Ըստ այդմ՝ պատերազմի դաշտում իր ընկերներին օգնելու համար, որոնք պաշարման մեջ էին ընկել, նա բացահայտել է իր եւ երեք ընկերների տեղը, որպեսզի թշնամին գա իրենց վրա, ու պաշարման մեջ հայտնվածները նահանջեն: Թշնամին, բացահայտելով նրանց տեղը, հրանոթով հարվածել է, Զեյնալյանը ծնկից վերեւ կորցրել է ոտքը: Ա. Սարգսյանի խոսքով՝ լինելով բժիշկ՝ Ա. Զեյնալյանը ոտքը կորցրած վիճակում առաջինն օգնության է հասել վիրավոր ընկերոջը, որը, սակայն, մահացել է, հետո օգնել է մյուս ընկերոջը, որն իր պես ոտքն էր կորցրել, որ դուրս գան այդտեղից, եւ ոտքը կորցրած վիճակում վիրավոր ընկերոջը հասցրել է տանկի մոտ: Իր հարցազրույցներից մեկում հարցին, թե ինչ սովորեցիք պատերազմում, Զեյնալյանն արձագանքել էր. «Երեւի թե կյանքի արագացված կուրսեր անցա»:
Նշենք, որ Զեյնալյանը նախարար դառնալուց հետո թեեւ դուրս չի եկել կուսակցությունից, բայց փաստացի դադարեցրել է անդամակցությունը, քանի որ հասկանալի պատճառներով չի մասնակցում կուսակցական աշխատանքներին: Այդ մասին հայտարարվեց վերջերս, երբ «Հանրապետություն» կուսակցությունը քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը, բայց Զեյնալյանը, որպես նախարար, ըստ էության, ձայն չհանեց, դեռ ավելին՝ արդարադատության համակարգը իր համակարգման ոլորտում է:
շարունակելի

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁՐԵԼ Է ԱՆՁՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, շուտով Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններ են: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Հիմա ակտիվ քարոզարշավային փուլ է: Իմ ռեյտինգի մասին չեմ ուզում ոչինչ ասել. դա ամսի 9-ին կերեւա: Ամեն դեպքում, իմ շանսերը գնահատում եմ շատ բարձր, ունեմ շատ կայուն թիմ, կատարած աշխատանք, որ շատ ավելի կարեւոր է, եւ այդ կատարած աշխատանքը ներկայացնելը, ինչպես նաեւ հետագա ծրագիրը գնում է առաջ: Շատ հետաքրքիր է հասարակության տրամադրությունը, մյուսների դեպքում հասարակությունը լսում է խոսքը եւ վերջ, իսկ իմ դեպքում անում է առաջարկություններ, դիտողություններ: Տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Քաղաքում բազում խնդիրներ են եղել, որ լուծվել են:
-Բազմիցս մամուլում հրապարակումներ եղել են այն մասին, որ Ձեր եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները լարված են: Մարզպետն էլ հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցնում Ձեր հասցեին: Հետաքրքիր է` հիմա ի՞նչ մթնոլորտ է տիրում:
-Ես ուղղակի չէի ուզենա ասել, որ այդ հարաբերությունները անձնական են: Քաղաքապետի ընտրությունները Ռոմանոսը դարձրել է անձնական խնդիր: Ինքը արձակուրդ է վերցրել` լծվելով քաղաքապետի քարոզարշավին: Դեբատների ժամանակ մի քանի անգամ թեկնածուին խորհուրդ տվեցի, որ միկրոֆոնը Ռոմանոսի ձեռքից վերցնի եւ մեկ-մեկ էլ ինքը ելույթ ունենա, թե չէ աբովյանցու մոտ տպավարություն է ստեղծվում, որ Ռոմանոսն է ՔՊ-ի թեկնածուն:
-Մեզ հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, թե ինչպես կարող է Ձեր ռեյտինգը բարձր լինել, եթե Ձեր նախընտրական թռուցիկի առաջին էջում գրված էր, որ պետք է վերանորոգվեն վթարային շենքերը, եւ մինչեւ հիմա ոչինչ արված չէ այդ մասով: Մարզպետը նաեւ նշեց, որ խոսել է Ձեզ հետ այդ թեմայով, բայց Դուք ավելի կարեւորել եք զբոսայգու հիմնանորոգումը:
-Աբովյան քաղաքում եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիների ընաթացքում լուծվել են: Ուրախ եմ, որ Ռոմանոսը նախորդ բուկլետի բովանդակությանը ծանոթ է, եւ ասեմ, որ շատ բաներ մեր կողմից կյանքի են կոչվել, ու մնացել է վթարային հանրակացարանների խնդիրը: Պարոն Պետրոսյանին խորհուրդ կտայի մարդկանց հույսերի հետ չխաղալ: Անիրատեսական է համայնքի բյուջեով 2 հատ վթարային հանրակացարան վերակառուցելը, որի արժեքը մոտ մեկ միլիարդ է: Հենց էս պահին Աբովյանը 4 սուվենցիոն ծրագիր է իրականացնում կառավարության հետ եւ 20-ից ավելի պրոյեկտներ, որոնք կյանքի են կոչվում: Մարզպետը քաղաքական բարեպաշտության քողի տակ մարդկանց մոտ հույսեր է առաջացնում, որը անիրատեսական է: Եւ ով որ կասի, թե համայնքի բյուջեով հնարավոր է 2 վթարային հանրակացարան կառուցել, ապա ինքը կեղծ պոպուլիստ է եւ սուտ է խոսում:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ՈՐԴԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է, ՍԱԿԱՅՆ…
Դիլիջանի քաղաքի բնակիչները մտահոգված են Երեւանի` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի, ժողովրդական արվեստի թանգարանի շենքի վատ վիճակով եւ այդ կապակցությամբ Հայաստանի պետական մարմինների անտարբերությամբ: 2019թ. մայիսի 9-ին թանգարանի շենքում մի խումբ դիլիջանցիներ հավաքվել են, որպեսզի քննարկեն շենքի վերակառուցման-վերանորոգման հնարավոր եղանակները:
Ճարտարապետական գեղեցիկ այդ կառուցը զբոսաշրջային Դիլիջանի հարուստ պատմության վառ վկաներից է: Այդ շենքը կառուցել է 1896թ. Թիֆլիսից մեծահարուստ Սամսոնբեկ Հարությունյանը: Այն սկզբում եղել է առողջարան. այդ տանը որոշ ժամանակ բնակվել, Դիլիջանում բուժվել են Վահան Տերյանի կինը` Սուսաննան, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան: Իշխանուհի Մարիամ Թումանյանը եւ Սամսոնբեկ Հարությունյանը շենքը նվիրել են Հայաստանի խորհրդային պետությանը, իրենք բնակություն հաստատել Թբիլիսիում: Երկու տարի` 1969-1970թթ. այդտեղ ապրել, բուժվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը:
Գեղանկարիչ, դիլիջանցիների կողմից սիրված եւ հարգված Հովհաննես Շարամբեյանն ապրել է այդ տանը, եղել է շենքի վերջին բնակիչը: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանն այդ տունը նվիրել է քաղաքին, 1979 թվականին այն դարձրել թանգարան: 2018թ. սեպտեմբերի սկզբին քանդվեց թանգարանի շենքի փայտե պատշգամբը, որը հարակից է Վանաձոր տանող ավտոճանապարհին: Դիլիջանցիներն ասում են, որ գեղեցիկ այդ պատշգամբը քանդվել է բեռնատար մեծ ավտոմեքենայի հարվածի հետեւանքով:
Հանրապետական նշանակության ավտոճանապարհի եզրին հառնող թանգարանի փայտե մուտք-տախտակամածը կիսաքանդ է, դրա տակ խոր փոս է: Որպեսզի անցորդները պատահաբար այդ փոսը չընկնեն, փողոցի երկայնքով երկար ժապավեն են կապել: Թանգարանի հին շենքը դիլիջանցիների համար կարեւոր է նաեւ այն առումով, որ այն եղել է Դիլիջանում հանրօգուտ մեծ գործ արած Հ. Շարամբեյանի տունը, որի անվամբ են կոչվում Երեւանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը եւ իր կողմից վերակառուցված դիլիջանյան հին փողոցը:
«Ժողովուրդ» օրաթերթը Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից պարզեց, որ Հովհաննես Շարամբեյանի որդին պատրաստ է մշակութային մի հիմնադրամի ֆինանսավորմամբ վերանորոգել շենքը, սակայն դա չի իրականացվում, որովհետեւ շենքը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարությանը: 2018թ. մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը երկու անգամ Դիլիջան է այցելել, սակայն թանգարանի քանդվող շենքով չի հետաքրքրվել: 2015 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունում շենքի վերակառուցման ծրագրեր են կազմվել, սակայն մշակույթի նախարարների ստեպ-ստեպ փոխվելը խանգարել է թանգարանի վերանորոգման գործին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս