Գորիսի 28-ամյա քաղաքապետ Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին մեծ ունեցվածք է կուտակել: Պարզվում է` երիտասարդ քաղաքապետի ընտանիքը շինանյութի բիզնեսով է զբաղվում ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
-Պարո՛ն Առուշանյան, ըստ Ձեր պաշտոնական հայտարարագրի, Դուք ունեք մոտ 250 մլն դրամ, 406 հազար դոլար եւ 112 հազար եվրո։ Ձեզ որտեղի՞ց այդքան գումար այն դեպքում, երբ Ձեր ամսական աշխատավարձը կազմում է 260 հազար դրամ։ Գուցե բացի քաղաքապետի աշխատանքից շարունակում եք զբաղվել շինանյութի բիզնեսո՞վ։
-Ոչ, նման բան չկա: Ես մինչ համայնքապետ ընտրվելը զբաղվել եմ բիզնեսով, հիմա իմ ընտանիքն է զբաղվում բիզնեսով, այդ գումարներն էլ այդ ժամանակվանից են: Դե, մեր ընտանիքը ե՛ւ Հայաստանում է բիզնեսով զբաղվում, ե՛ւ երկրից դուրս:
-Կոնկրետ ո՞ր երկրում եւ ի՞նչ բիզնեսով են զբաղվում:
-Ռուսաստանում շինանյութի արտադրությամբ են զբաղվում: Խնդրում եմ, ուշադրություն դարձրե՛ք, Ռուսաստանում եւ Հայաստանի տարբեր հատվածներում իմ ընտանիքի կողմից ծավալած գործունեության ողջ եկամուտը դրվում է Գորիս համայնքի վրա: Այն բարձր ցուցանիշները, որոնք որ այսօր Գորիսն ունի, դրա զգալի հատվածն իմ ընտանիքի միջոցներով է իրականացվում: Բավականին շատ գործողություններ են իրականացվում իմ ընտանիքի կողմից:
-Այսինքն` ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է Ձե՞ր ընտանիքին պատկանող ընկերությունը:
-Ոչ, ես ընկերություն չունեմ, որն ասֆալտապատման աշխատանք է իրականացնում: Իմ ընտանիքը շինանյութի ներկրմամբ եւ վաճառքով է զբաղվում: Իմ ընտանիքը ասֆալտապատման աշխատանքներով երբեւէ չի զբաղվել եւ չի զբաղվի:
-Պարո՛ն Առուշանյան, Ձեր հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերն են բացակայում: Ինչո՞ւ չեք ներկայացրել:
-Ես վերջին ժամանակահատվածում ապրում եմ մենակ, իրենք ինձ հետ չեն ապրում, դրա համար իմ ընտանիքի անդամների հայտարարագրերը չկան: Ես մենակ եմ Գորիսում, առանձնատուն ունեմ, այնտեղ եմ ապրում, իսկ իմ ընտանիքը Երեւանում է:
-Հիմա կարո՞ղ եք ասել՝ քաղաքապետի աշխատանքն է եկամտաբեր, թե բիզնեսով զբաղվելը։
-Ես համայնքապետ չեմ ընտրվել` ինչ-որ եկամուտի ակնկալիքներ ունենալով: Տեսնելով, որ մեր համայնքի խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում, իմ միակ ցանկությունս եղել է դրանք լուծել: Ու կարծում եմ, որ դա ստացվում է: Այսօր 6.5 մլրդ դրամի ներդրում է եղել, եւ կապիտալ շինարարություն է արվում. մեկ տարվա մեջ շինթույլտվություն է տրվել նախկին 8-9 հատի դիմաց: Անզեն աչքով կարելի է տեսնել, թե Գորիսում ինչ միջավայր է ստեղծվել:
-Պարո՛ն Առուշանյան, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Գորիսի քաղաքապետարանը հողեր է հանել աճուրդի, եւ դրանք գնվել են Ձեր հարազատների կողմից:
-Պաշտոնապես հայտարարում եմ` ես իմ ընտրվելու ժամանակ, իմ քարոզարշավին նույնը կրկնել եմ` քանի տարի լինեմ համայնքի ղեկավար, ո՛չ իմ ընտանիքի անդամները եւ ո՛չ էլ իմ բարեկամները երբեւէ հող չեն ձեռք բերելու: Սա սկզբունք է եւ կանխավ համաձայնեցված: Եւ նման դեպք չի եղել, այլ, հակառակը, Գորիսում մեր բոլոր հողերի վաճառքն օրինական է, նախկինի պես ինչ-որ անհատներ չեն լինի, որոնք, ունենալով շատ գումար, տասնյակի հասնող հողեր գնեն: Որեւիցե մեկը արտոնյալ չէ:
-Նաեւ Դուք պարբերաբար հայտնվում եք կրիմինալ պատմություններում. նախորդ տարեվերջին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Դուք ծեծել եք ավագանու անդամ Լյովա Արզանյանին։ Ինչո՞ւ եք Դուք մշտապես հայտնվում նման աղմկահարույց պատմությունների կիզակետում:
-Դրանք իրականությանը չեն համապատասխանում, նման բան չի եղել, եւ նշված մարդու հետ էլ որեւիցե խնդիր չի եղել:
-Ըստ ականատեսների` Դուք ծեծել եք նրան, որից Լյովա Արզանյանն ուշագնաց է եղել:
-Ես նման տեղեկություն չունեմ, որ ինքը վնասվածքներ է ունեցել. ես Լյովա Արզանյանի հետ խնդիրներ չեմ ունեցել:
-Պարո՛ն Առուշանյան, իսկ օրենքով գող դառնալու մասին տեղեկությունը, ըստ որի` Դուք անգամ դաջվածքներ էիք արել, ճի՞շտ է, թե՞ ոչ։
-Ես չգիտեմ նման մարդ, ով օրենքով գող կարգվելու համար դաջվածք է արել, բայց այն, որ ես դաջվածքներ ունեմ, այո, դա ճիշտ է: Նորմալ է: Ես իմ կյանքի զգալի հատվածը զբաղվել եմ սպորտով, բռնցքամարտով, իսկ բռնցքամարտում դա ընդունված է: Ես, հավատացած եղե՛ք, առաջին անգամ եմ լսում, որ ես օրենքով գող եմ ուզում կարգվել… Եթե օրենքով գող լինեի, համայնքապետ չէի ընտրվի:
-Դուք, ի վերջո, ՀՀԿ-ից դուրս եկաք: Նախորդ տարեվերջին մտածո՞ւմ էիք այդ մասին։
-Ես կուսակցական չեմ:
-Ե՞րբ եք անդամակցությունը դադարեցրել ՀՀԿ-ի հետ:
-Անցած տարեվերջին:
-Իսկ մտածո՞ւմ եք ՔՊ-ին անդամակցելու մասին:
-Ես անկուսակցական եմ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր՝ մայիսի 29-ին` Երեւանի ժամանակով ուղիղ 23:00-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կմեկնարկի Եվրոպա Լիգայի եզրափակչի` «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը: Սկանդալներով լցված եզրափակիչը ավելի ու ավելի է թեժացնում այն փաստը, որ ճակատագրական հանդիպման մասնակիցները լոնդոնյան երկու գրանդներն են: Այս խաղն առաջին հերթին արդեն դառնում է ոչ թե գավաթային պայքար, այլ սկզբունքային: Հիմա փորձենք հասկանալ, թե թիմերից ով ինչպես է մոտենում պատասխանատու խաղին:
«Արսենալ»
Չնայած ներքին առաջնությունում առաջացած մի շարք խնդիրներին` Եվրոպայում լոնդոնցիների գործերն այդքան էլ վատ չդասավորվեցին մինչեւ եզրափակիչ հասնելը: Այս փուլից արդեն սկսվեցին խնդիրները նաեւ Եվրոպայում. անվտանգությունից ելնելով` խաղին չի մեկնի հայազգի Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաեւ Բաքու չեն կարողանա մեկնել «Արսենալ»-ի մի շարք երկրպագուներ, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն: «Արսենալ»-ի ֆուտբոլիստների եւ մարզչի խոսքերով` այս փաստերը նրանց ավելի են մոտիվացնում եւ այս եզրափակիչը նրանք ցանկանում են հաղթել առաջին հերթին Մխիթարյանի համար:
«Զինագործները» այս եզրափակչում ունեն մի շատ կարեւոր զենք. նրա անունն է Ունայ Էմերի. մարզիչ, ով լավ գիտի հաղթել այս առաջնությունում եւ ոչինչ չի խնայի այս տիտղոսը հերթական անգամ նվաճելու համար:
Եկեք չմոռանանք, որ այս խաղում խաղարկվում է նաեւ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր, որը հարկավոր է «Արսենալ»-ին, քանի որ «Չելսի»-ն իր տեղը ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում արդեն ապահովել է:
«Չելսի»
Սկսած լավ մրցաշրջանը Սարիի տղաները չկարողացան լավ շարունակել, սակայն վերջնամասում ապահովեցին տեղը Չ/Լ-ում եւ դուրս եկան Եվրոպա Լիգայի եզրափակիչ: Այս խաղից հետո կապույտների ճամբարը, հնարավոր է, լքեն թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին եւ բելգիացի առաջատար Էդեն Ազարը: Պարզից էլ պարզ է, որ նրանք ունեն ցանկություն հաղթել հեռանալուց առաջ:
Խաղից առաջ մասնագետները ֆավորիտի կարգավիճակում տեսնում են հենց «Չելսի»-ին, սակայն այսպիսի խաղերում ֆավորիտներ չեն լինում, նամանավանդ եթե էպիկենտրոնում հավասարազոր թիմեր են: Կարելի է ընգծել նաեւ, որ այս խաղը վերջին շրջանում ավելի քննարկված է, քան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը: Այս սկանդալային եզրափակչին մնում են հաշված ժամեր:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՐԴԵՀ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Երեւանում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարյան 27 շենքի 9-դ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով, եւ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ոստիկանության համայնքային ծառայողները:
ՏՆԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՅՐՎԵԼ Է
Շիրակի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով: Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետեւ մարել այն: Տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության ծառայողները, որոնք պարզում են տնակի տիրոջ ինքնությունը:
ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ
Երեւանն անճանաչելիորեն փոխվել է. այն դարձել է գեղեցիկ, ժամանակակից եւ գրավիչ քաղաք. այս մասին նշել է հայտնի լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները: Պոզները նշել է, որ իրեն շատ է գրավում հայերի բացառիկ ունակությունը, համառությունը ապրելու, գոյատեւելու բառացիորեն քարքարոտ հիմքի վրա, որտեղ ոչինչ չի աճում, եւ այդուհանդերձ ուրախ լինել: Նա նշել է, որ Հայաստանում է եղել նաեւ 2015թ., սակայն ափսոսում է, որ ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա չի հասցրել լինել Արցախում. «Ցավոք, չեմ եղել Լեռնային Ղարաբաղում: Հաճույքով կգնայի, բայց չեմ հասցնում: Կգնայի, թեկուզ որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում` պարոնայք ադրբեջանցիները, հասկանային, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն: Այդ «սեւ ցուցակ»-ն իմ ծիծաղն է առաջացնում: Դե կգրանցեն ինձ իրենց «սեւ ցուցակ»-ում»:
Պոզները նաեւ պատմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփումից ստացած տպավորությունների մասին` նշելով, որ Փաշինյանի համար շարունակում է կարեւոր մնալ իր` լրագրողի մասնագիտությունը: Հիշեցնենք, որ Պոզները Հայաստան էր ժամանել մայիսի 22-ին: