«Ժողովուրդ» օրաթերթը բեմադրիչ, դերասան, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հետ զրուցել է Հայաստանի մշակութային քաղաքականության, Օպերային թատրոնի շուրջ ծավալվող իրադարձությունների, Նազենի Ղարիբյանի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելու եւ արվեստի գործիչների հանդեպ հայաստանյան իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքի մասին:
-Պարո՛ն Ստեփանյան, արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում իշխանություն է փոխվել: Արվեստի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի ներկայիս իշխանությունը: Դրական տեղաշարժեր նկատո՞ւմ եք թեկուզ այն թատրոններում, որտեղ ներկայացումներ եք բեմադրում:
-Արդեն վեցերորդ տարին է՝ որեւէ թատրոնում չեմ աշխատում. հրավիրյալ ռեժիսոր եմ եւ դժվարանում եմ գնահատականներ տալ, օրինակ, թատրոնների ներքին կյանքի վերաբերյալ: Այդ մասին, թերեւս, ճիշտ կլինի, եթե դերասաններին հարցնեք, պարզեք՝ իրենց կյանքը այս մեկ տարվա ընթացքում փոխվել է, թե ոչ: Բայց այն, որ իշխանությունը մշակույթի հանդեպ, մեղմ ասած, անտարբեր է, փաստ է: Բավական է այն, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ընտրվեց Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ (hիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Նազենի Ղարիբյանին։ Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ նա պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» թիվ 24-Ա որոշումը եւ Ն. Ղարիբյանի` «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին» մարտի 3-ի հրամանը-հեղ.)։ Թատերական գործիչները պահանջեցին Ղարիբյանի հրաժարականը: Նրանք դեռեւս մարտին բաց նամակ էին գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաեւ թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սեւագիր տարբերակը», լցրել են թատերաշխարհի համբերության բաժակը, բայց, փաստորեն, իշխանությունն անտարբեր գտնվեց, հերիք չէ, դեռ մի բան էլ կարծես ասում է. «Մենք մեր գործն ենք անում, դուք ինչ ուզում եք, արե՛ք` զայրացե՛ք, ելույթներ ունեցե՛ք. դա ոչ ոքի չի հետաքրքրում, ձայններդ կտրե՛ք, ձեզ ո՛չ լսող կա, ո՛չ ուշադրություն դարձնող: Գիտե՞ք, մի տեսակ հիասթափվել եմ, եւ անտարբերություն է մեջս մտել:
-Մեր իշխանություններից ոչ մեկի օրոք էլ առանձնապես առաջնահերթություն չի տրվել մշակույթին. իմ տպավորությունը, համենայնդեպս, այդպիսին է, համաձա՞յն եք: Թեպետ նախընտրական ծրագրերում ծավալուն ծրագրեր ներկայացվում են, բայց, նախ, բովանդակային առումով դրանք թերի են, երկրորդն էլ՝ դրանց զգալի մասն այդպես էլ մնում է թղթի վրա:
-Միշտ էլ մշակույթին վերաբերվել են վերջին հերթին, մշակույթը եղել է ավելցուկ: Մեր երկրում արվեստը պահել եւ պահում են արվեստի գործիչները, որոնք ապրում են դրանով, որոնք ստեղծագործող մարդիկ են եւ նվիրյալներ: Դա կենսական պահանջ է նրանց համար: Ես ուղղակի չեմ հասկանում՝ մենք ինչու ենք ընդհանրապես անդրադառնում այս թեմաներին, եթե մեր կարծիքն այս երկրում հաշվի չի առնվում: Ի՞նչ են անում արվեստի մարդիկ. պարզապես պայքարում են իրենց գործով զբաղվելու համար: Պաշտոն չեն ուզում, գումարներ չեն ուզում, ընդամենը ուզում են` իրենց գործն անեն: Հիմա Օպերային թատրոնի անձնակազմը փոխանակ մտածի՝ ինչ բալետ բեմադրի, նոր օպերա ներկայացնի, պետք է արիշ-վերիշների ու «բազարների» մեջ ներքաշվի: Սա է պատկերը, ավելացնելու բան չունեմ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Տեւական ժամանակ է՝ երգչուհի Էմմա Ասատրյանը չի երեւում էկրաններին, հանդես չի գալիս նոր տեսահոլովակներով: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ ինչն է պատճառը, ինչու երգչուհին նախկինի պես ակտիվ չէ:
«Կարծում եմ՝ պարզապես իմաստ չկա տեսահոլովակ թողարկելու: Հիմա շոուբիզնեսում ուժեղ լճացում է: Հույսով սպասում եմ, որ մի պոռթկում կլինի, եւ իրավիճակը կփրկվի: Ուսանողներիս, աշակերտներիս շրջանում էլ շոուբիզնես մուտք գործելու, ակտիվ գործունեություն ծավալելու ոչ մի ձգտում, նպատակ չկա, բայց նախկինում այդպես չէր: Այն, ինչ հիմա թողարկում են ոլորտի ներկայացուցիչները, մեծ մասամբ սարսափելի է. խայտառակ երգեր են դրանք»,-մեզ հետ զրույցում նշեց Էմման:
Տեղեկացնենք, որ երգչուհին դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազ-էստրադային բաժնում եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Ապրիլին նա իր ուսանողների ու սաների հետ Երգի պետական թատրոնում հանդես եկավ մեծ համերգով. «Ցավոք, այսօր ոչ կոմերցիոն բնույթի նորությունները չեն լուսաբանվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Բայց այսքանով նրանց համագործակցությունը չի սահմանափակվի: Աշնանը Էմման իր ուսանողների եւ սաների հետ կրկին կներկայանա համերգով. այս անգամ նրանք կկատարեն երգչուհու հեղինակային երգերը՝ նոր գործիքավորմամբ եւ կենդանի նվագակցությամբ: Հարցին, թե սաների մեջ ինչ պոտենցիալ է տեսնում, Էմման պատասխանեց. «Այն ուսանողները, սաները, որոնք ապագա ունեն, անպայման ձգտում են արտերկիր գնալ, այսինքն՝ ուսանողների, կադրերի արտահոսք է տեղի ունենում: Լինում է նաեւ այնպես, որ նրանք այլ մասնագիտություն են ընտրում, ինչը նորմալ է: Եթե մեր երկրում, որակյալ երաժշտություն մատուցելով, չեն կարողանում գումար վաստակել, բնական է, որ պետք է այլ ուղիներ փնտրեն»:
Ի դեպ, Էմմայի հորեղբոր որդին՝ դաշնակահար Կարեն Ասատրյանը, որը բնակվում է արտերկրում, Հայաստանում է, եւ նրանք երկուսով հանդես են գալու ակումբային համերգով:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղի` ՈւԵՖԱ-ի տեխնիկական տեսուչ: Մելենդեսը նաեւ անկեղծացել է` նշելով, որ ցանկանում էր եզրափակչում տեսնել «Բարսելոնա»-ին Մեսսիի հետ հանդիպելու համար: «Կցանկանայի հանդիպել Լեոյին, սակայն «Լիվերպուլը» հրաշալի ֆուտբոլ խաղաց եւ արժանիորեն դուրս եկավ եզրափակիչ»,- ասել է Մելենդեսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
ՀԻԱՆԱԼԻ ՀՐԱԺԵՇՏ
Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոսել է Եվրոպա Լիգայի եզրափակչից եւ կարծես ակնարկել, որ այդ խաղը վերջինն է լինելու իր համար «Չելսիի» մարզաշապիկով. «Բոլորս էլ ցանկանում ենք տիտղոսներ նվաճել: Այս մրցաշարը շատ կարեւոր է մեզ համար: Ամեն ինչ կանեմ այս տիտղոսը նվաճելու համար, եւ եթե հեռանամ ակումբից, ապա հաղթանակով հեռանալը հիանալի հրաժեշտ կլինի երկրպագուներին»,-ասել է բելգիացի ֆուտբոլիստը Sky Sports-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Էդեն Ազարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
ԶՐԿՎԵԼ Է
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը զրկվել է հավաքականի ավագի թեւկապից: Այս ամենի պատճառ է դարձել Նեյմարի պահվածքը, որը Ֆրանսիայի գավաթի եզրափակչից հետո հարվածել էր երկրպագուին: Շուտով մեկնարկող Ամերիկայի գավաթի ժամանակ Բրազիլիայի հավաքականի ավագի պարտականությունները կկատարի Դանիել Ալվեսը: Հիշեցնենք, որ Կոպա Ամերիկա 2019-ը տեղի կունենա հենց Բրազիլիայում հունիսի 14-ից հուլիսի 7-ը: Բրազիլիան ընդգրկված է A խմբում, որտեղ ուժերը կչափի Բոլիվիայի, Վենեսուելայի եւ Պերուի հավաքականների հետ:
ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՉՏԵՂԱՓՈԽՎԻ
Արդեն տեղեկացրել էինք, որ Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է թիմից հեռանալու մասին: Ֆուտբոլիստի ամենահավանական գնորդը համարվում էր կատալոնական «Բարսելոնան», սակայն իսպանական Marca-ի հաղորդմամբ, հնարավոր է, այդ տրանսֆերը ձախողվի: Աղմկոտ տրանսֆերի ձախողման պատճառ կարող են դառնալ այն դժգոհությունները, որոնք հնչում են կատալոնական թիմի կազմում: «Բլաուգրանայի» ղեկավարության կազմում ոչ բոլորն են կողմ այդ տեղափոխությանը: Բողոքներ կան նաեւ երկրպագուների եւ ֆուտբոլիստների շրջանում: Ենթադրվում են հետեւյալ պատճառները. ֆրանսիացին անցած մրցաշրջանում հրաժարվել էր տեղափոխվել «Բարսելոնա», եւ Գրիզմանը այդքան էլ լավ չէր արտահայտվել կատալոնացիների մասին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ