Մայիսի 27-ին դատավորների ժողովում ընդունված հայտարարությունը՝ ԲԴԽ-ի անգործության մասին, լուրջ քննարկման առիթ է դարձել ԲԴԽ-ի անդամների միջեւ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կարգով խոսել են դատավորների հետ եւ հետաքրքրվել, թե ինչու են նման բան արել: «Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնացել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո Ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց Դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասեցիք, որ կառույցը անգործության է մատնված», -ընդգծել են ԲԴԽ անդամները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից շատերն էլ ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց քայլը պայմանավորված է եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի՝ դատական համակարգի հասցեին կոշտ հայտարարություններով: Ու միայն դրանից հետո են դատավորները որոշել արտահերթ ժողովի տեքստում ընդգծել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված: Իսկ ահա ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր. «Ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձն ունի կոռուպցիոն հակումներ: Այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում, ուրեմն այստեղ պետք է երկու բան անել. կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել եւ այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրովոկացիա, ինչպես Վրաստանում էին անում: Եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել, կոնկրետ գործով բռնել եւ կրկին անարգանքի սյունին գամել»: Ի դեպ, երեկ ՍԴ-ն էլ պարզաբանում է տարածել նախորդ շաբաթ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտարարության վերաբերյալ, որում վճռաբեկը ՍԴ-ին մեղադրել էր գործառույթային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ: ՍԴ-ն, սակայն, հակադարձում է, որ գործել է իրեն վերապահված գործառույթների շրջանակներում:
Մինչ այդ նկատենք, որ դատական համակարգում իսկապես լուրջ ճգնաժամ է, որը գնալով ավելի ու ավելի է խորանում:
«Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու` կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում` լրագրողների գործունեությանը: Մեր տեղեկություններով` իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը` փորձելով հարթել իրավիճակը: Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում: Պատգամավորներից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթթինգին, որը պետք է ուսումնասիրի դատավորների անձի, քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նրա զբաղեցրած պաշտոնի պրոֆեսիոնալությունը: Մասնավորապես նրանք այլ մեխանիզմի կողմնակից են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից ճշտել` որն է նման դիրքորոշման պատճառը: Վերջինս ըստ էության չհերքեց, որ առանձին պատգամավորների, այդ թվում եւ իր կողմից այլ մոտեցում է առկա: «Ես մի բան եմ առաջարկում, որ պետք է վեթթինգը սկսել ԱԺ-ից, տեսնենք, թե որ պատգամավորը որքանով է համապատասխանում իր կարգավիճակին, վեթթինգը պետք է գնա կառավարություն, դրան ենթակա ենթակառուցվածքներ, ու նոր գնա դատական համակարգ», – մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը: Միայն թե, նկատենք, որ ԱԺ-ում վեթթինգ անելու դեպքում ԲՀԿ-ն կարող է շատ ավելի անհարմար դրության մեջ հայտնվել. ապացույցը այդ խմբակցության որոշ պատգամավորների պահվածքն ու հայտարարություններն են:
Գյուղմթերքի մթերմամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը դժվարություններ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը: «Մենք փորձում ենք մեր բնականոն աշխատանքին վերադառնալ: Վերջին դեպքերի հետ կապված շատ ծանր ֆինանսական հարված ունեցանք: Ընկերությունը դժվարություններ ունի, քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն հունին»,- փոխանցեց Բաղդասարյանը: Ապա հայտարարեց, որ ընկերությունը մթերումներ է իրականացնելու: Այժմ նախապատրաստական փուլում են գտնվում: «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում նախապատրաստվենք, որովհետեւ հունիսի 10-ից հետո սկսելու է մթերումը: Մենք բոլոր տարբերակները փորձում ենք օգտագործել, որ այդ նախապատրաստական աշխատանքը արագ կատարվի: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ անցյալ տարվա ծավալները գերազանցենք»,- տեղեկացրեց փոխտնօրենը` նշելով, որ ընկերությունը ոտքի կանգնելու համար վարկային միջոցներ է ներգրավելու:
ՉՍՏԱՑՎԱԾ ԻՆՏՐԻԳ
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան այցն առանց «ինտրիգների» չանցավ: «Ինտրիգը», պարզվում է, ոչ թե այցի ժամանակ էր, այլ դրա շուրջ մանիպուլյատիվ մեկնաբանություններում: Նպատակը պարզ էր. ամեն կերպ ցույց տալ, որ Փաշինյանի այցը ձախողվել է, եւ որ նրան ԵԱՏՄ-ում չեն ընդունում:
Մեխանիզմը պարզ էր. նախ նիստից մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրվեց ու տարածվեց լուրը, թե Փաշինյանը Ղազախստանում «կարող է» հանդիպել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Երեկ Ղազախստանում Փաշինյանի ու Պուտինի երկկողմանի հանդիպում տեղի չունեցավ, քանի որ նման հանդիպում ընդհանրապես նախատեսված չէր: Ի դեպ, այնտեղ երկկողմանի հանդիպումներ տեղի չունեցան ԵԱՏՄ մյուս պետությունների ղեկավարների միջեւ. միայն հյուրընալող կողմի նախագահն է առանձին-առանձին ընդունել ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներին, բացի Պուտինից. վերջինս հանդիպել է միայն առաջին նախագահ Նազարբաեւին:
Եւ ահա, չնայած այս ամենին, քարոզչական դաշտում ներկայացվեց, թե Պուտինի եւ Փաշինյանի հանդիպումը չի կայացել, քանի որ ՌԴ նախագահը չի ցանկացել, սա Փաշինյանին դուր չի եկել այն աստիճան, որ նա չի մասնակցել պաշտոնական ճաշկերույթին, այցը կիսատ թողած, չեղարկելով մյուս հանդիպումները` վերադարձել է ՀՀ: Այցն իբր կիսատ թողնելու եւս մեկ պատճառ էլ նշվեց ու տիրաժավորվեց. ի տարբերություն ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահների, Փաշինյանին Ղազախստանի նախագահ Տոկաեւը չի պարգեւատրել Նուրսուլթան Նազարբաեւի անվան շքանշանով, եւ իբր ՀՀ վարչապետը նեղացել է դրանից: Որ Փաշինյանին չեն պարգեւատրել, փաստ է: Բայց պարզվում է՝ ԵԱՏՄ անդամ մյուս երեք երկրների նախագահները պարգեւ ստացել են եվրասիական ինտեգրացիայի գաղափարի 25-ամյակի եւ ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման 5-ամյակի եւ երկկողմ հարաբերությունների խորացման համար: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, ընդամենը 1 տարի առաջ է ընտրվել ՀՀ վարչապետ, մինչ այդ ընդդիմադիր պատգամավոր էր, հետեւաբար չէր կարող 5 տարի առաջ որպես երկրի ղեկավար ստորագրած լիներ ԵԱՏՄ պայմանագիրը: Այնպես որ, Փաշինյանի՝ այդ ցանկից «դուրս մնալը» միանգամայն տրամաբանական էր, ավելին` հակառակը կարող է դիտվեր աննորմալ: Ու բացի այդ` պարգեւատրում որպես այդպիսին տեղի է ունեցել ոչ թե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում, այլ Տոկաեւի հետ պետությունների ղեկավարների առանձին հանդիպումներում:
Ու վերջապես, իրականում Փաշինյանը մասնակցել էր եւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ճաշկերույթին, հետո նաեւ Ղազախստանում ՀՀ դեսպանատանը հանդիպել մի խումբ հայ գործարարների հետ, ընդ որում՝ հանդիպումն էլ տեւեց մոտ 45 րոպե: