ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՎԵԹԹԻՆԳԸ ՍԿՍԵԼ ԱԺ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն առաջարկում է չթիրախավորել դատավորներին, այլ վեթթինգը սկսել Ազգային Ժողովից, հետո անցնել կառավարությանը, ինչից հետո պարզ կդառնա, թե իրականում ինչ կապեր, գույքային վիճակ ունեն հայրենի պաշտոնյաները:

-Պարո՛ն Պետրոսյան, մեր տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեմ է իշխանությունների կողմից հայտարարված վեթթինգին, որը պետք է ուսումնասիրի դատավորների անձի, քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, նրա զբաղեցրած պաշտոնի պրոֆեսիոնալությունը: Ինչո՞ւ եք դեմ:
-Մենք, եթե այդ հարցը չենք քննարկել խմբակցությունում, ոնց կարող ենք այդ դեպքում դեմ լինել: Ես մի բան եմ առաջարկում, որ պետք է վեթթինգը սկսել Ազգային Ժողովից, տեսնենք, թե որ պատգամավորը որքանով է համապատասխանում իր կարգավիճակին, վեթթինգը պետք է գնա կառավարություն, դրան ենթակա ենթակառուցվածքներ, ու նոր գնա դատական համակարգ: Ճիշտ է` դատարանը վերջակետ է դնում մեր երկրում իրավական բնույթի ցանկացած հարցի, բայց միաժամանակ փոխկապակցված են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները: Եկեք մի հատ վեթթինգը սկսենք ԱԺ-ից, տեսնենք, որ պատգամավորը որքանով է իր առաքելությունը իրականացնում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքի շրջանակներում, հետո նույն ձեւ գնանք կառավարություն, հետո գնանք դատական համակարգ: Պետք չի դատավորներին թիրախավորել:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ իշխանությունները թիրախավորե՞լ են դատավորներին:
-Իհարկե, թիրախավորված են, եթե դատավորին հրում, գցում են գետնին, դա չի՞ նշանակում, որ դա անպատվություն է դատավորի նկատմամբ:
-Դուք գո՞հ եք մեր դատական համակարգի գործունեությունից, իրենց վարած քաղաքականությունից, իրենց կայացրած արդարադատությունից:
-Այնպես չի, որ դժգոհությունը միայն դատական համակարգից է, եթե մենք ընդհանուր հաշվի առնենք դժգոհության թիրախները, ապա դա միայն դատական համակարգը չի: Մարդիկ դժգոհ են նաեւ ոստիկանությունից, դժգոհ են դատախազությունից, ասենք, շտապօգնության ծառայություններից, հիմա, որ էսպես մենք նայենք դժգոհություն, ապա բոլորից էլ դժգոհ են, մեզանից էլ են դժգոհ` Աժ պատգամավորներից: Պարզապես դատավորներն ընտրվել են, չգիտեմ ինչի, առաջնային թիրախ, այդ հարցի պատասխանը կարծում եմ` պետք է պարզել այդ որոշումը կայացնողներից, ես երբեք չեմ ասել ու հիմա էլ չեմ ասում, որ ՀՀ-ում բոլոր դատավորները փայլում են իրենց օրինահնազանդությամբ, սահմանադրապաշտությամբ, ոչ, բայց մեկ կամ մի քանի դեպքով վերցնել ու հանպատրաստից գրոհ ձեռնարկել դատական համակարգի նկատմամբ, սա շատ վատ ազդեցություն կարող է ունենալ: Ի վերջո, հարցեր են առաջանում` ովքեր են այդ վեթթինգ անողները, ի՞նչ միջոցներով, ի՞նչ գործիքներով, արդյո՞ք այսպես ընտրանքային պետք է լինի, ո՞ր դատավորի եւ այլն: Սա հիմք է հանդիսանալու, որ այդ վեթթինգ անողները տարանջատեն ցանկալին ու անցանկալի դատավորից ու թիրախավորեն իրենց համար անցանկալի դատավորներին: Այս դեպքում կարծիք կա, որ այդ ամենը կարող են լինել գործադիր մարմնի նախասիրությունները:
-Նկատի ունեք, որ ՀՀ վարչապետի նախընտրությա՞մբ կարող է իրականացվել այդ վեթթինգը:
-Ով որ այդ գաղափարը ներմուծել է մեր իրականություն:
-«Լուսավոր Հայաստան»-ն էլ է առաջիններից եղել, որ «ներմուծել» են գաղափարը:
-Լավ են արել, հիմա եթե մեր Սահմանադրությամբ ամրագրված չէ, թե ինչպես պետք է այն իրականցվի, ինչպես են անելու: Դուք կարող եք վկայակոչել ՀՀ-ում գործող որեւէ իրավանորմ, որը նախատեսի վեթթինգ հասկացությունը: Այսինքն` ի՞նչ է, մենք հակասահմանադրական, հակաօրինական գործընթաց ենք անելո՞ւ, դրա համար նախ եւ առաջ պետք է խնդիրն ունենա օրենսդրական կարգավորում, որի հիման վրա նոր գործընթաց սկսենք: Ոչ թե մենք օրենքներից դուրս սկսենք գործընթացները, հետո հետին թվով օրինականացնենք: Ու դատավորների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը` մարդկանց խփել, պառկացնել, հրել-քցել գետնին, ուղղակի բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ-ի տնտեսական վիճակի վրա, որվհետեւ այս ամենը դրսից նայում են:
-Հիմա Ձեր խմբակցությունն ի՞նչ է առաջարկում:
-Մեր խմբակցությունում չի քննարկվել, մեր խմբակցության առանձին պատգամավորներ կարող են ունենալ անձնական կարծիք, ու եթե խնդիրը քննարկվի խմբակցությունում, մենք մեր տեսակետը կներկայացնենք պաշտոնապես: Պարզապես ինչ-որ մարդիկ ուզում են մեզ մեղադրել, այսպես ասած, առաջադիմական երեւույթներին ընդդիմանալու մեջ, որը այդպես չէ, մենք ինքներս ենք միշտ ասում, որ, այո, ցանկացած պաշտոնյա, պետք է լինի թափանցիկ: Ես նորից եմ կրկնում` եկեք, վեթթինգը սկսենք ԱԺ-ից:
-Իսկ ի՞նչն է խանգարում սկսել ԱԺ-ից:
-Թող սկսեն, ովքեր որ վեթթինգի սիրահարներ են, գաղափարի ջատագովներն են, ես իրենց առաջարկում եմ, որ թող սկսեն ԱԺ-ից: Մենք կպարզենք, թե ԱԺ-ի քանի տոկոսն է իր գործունեությամբ զբաղված, որ մարդիկ ոչ խնդիրներից են տեղյակ, ոչ պատվիրակությունների հետ են հանդիպում ու խորհրդարանում են: Պետք է այդ ամենն անել, ոչ թե գալ էստեղ մենակ կոճակ սեղմելու, մերկապարանոց հայտարարություններ անելու, որեւէ մեկին նսեմացնելու կամ նրան հասարակության աչքից գցելու համար: Մենք նման առաքելություն չունենք, ուղղակի մի բան եթե օրենքով ամրագրված չէ, ինչպե՞ս դա պետք է արվի:

 

 

 

 

 

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ՄՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Երեկ ԱԺ մուտքի մոտ իրավիճակը թեժ էր: Բանն այն է, որ «Գուդվին-Բետ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցները ԱԺ մուտքերից մեկի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում։ Վերջիններս իրենց դժգոհությունն էին հայտնում «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Հիշեցնենք, որ սա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծն է, որով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում։ Նախագծի ընդունման դեպքում բուքմեյքերական գրասենյակներ Հայաստանի տարածքում գործելու են միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի եւ Սեւան քաղաքներում: Տվյալ տարածքներում գործող գրասենյակներ մուտք գործելիս քաղաքացիների ինքնությունը ստուգվելու է: Խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներ Հայաստանի տարածքում չեն լինի:
Օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել բուքմեյքերական գրասենյակների թիվը եւ ընկերությունների համար սահմանել պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ: Աշխատակիցները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով՝ խաղամոլության խնդիրը չի լուծվի: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, քանի որ, ըստ իրենց, Ալեն Սիմոնյանի հետ այլեւս քննարկելու բան չունեն։
Ի դեպ՝ բուքմեյքերական գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները մասնակցել են ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ էլ նախագիծը հավանության էր արժանացել: Իսկ երեկ էլ նրանց ԱԺ-ում ընդունեց նույն հանձնաժողովի նախգահ Բաբկեն Թունյանը, ում հաջողվել է «լեզու գտնել» նրանց հետ:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ՉԵՆ
Օրերս Ազատության հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հանրահավաք անցկացրեց «Զարգանալու ենք չզիջելով. լրջացեք» կարգախոսով: Հավաքի ժամանակ ելույթ ունեցան Դաշնակցության առանցքային դեմքեր, որոնք կոշտ քննադատության ենթարկեցին ներկայիս իշխանության քաղաքականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ի շարքային անդամների մի մասը համաձայն չի եղել, որ կուսակցությունը նման հավաք կազմակերպի: Բանն այն է, որ դաշնակցականները մտավախություն են ունեցել, թե այս հավաքը կկապվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն դեպքում ճնշող մեծամասնությունը կողմ է եղել հանրահավաքին. «Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ մեր շարքերը մեծ ոգեւորությամբ մասնակցել են հանրահավաքին` շատ լավ հասկանալով, թե ինչի համար է հանրահավաքը: Դեռ ավելին` ավելի կտրուկ ելույթներ էին պահանջում կուսակցության ղեկավարությունից: Դաշնակցության մեջ այդպիսի բաներ չկան, շարքերը միակամ են, համախմբված: Բնականաբար, մեծ կազմակերպություն է. շատ հարցերի շուրջ շատ ընկերներ կարող են կարծիք ունենալ, բայց նման խնդիր կոնկրետ հանրահավաքի հետ կապված չի եղել»:

 

 

 

 

ՉԱՔ ՆՈՐԻՍԸ
Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, եւ իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաեւ անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»: Ի դեպ, հիշեցնենք, որ Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաեւ 2013թ. նախագահական ընտրություններում եւ քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նշեց. «Չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քվեարկությունը գաղտնի է»:

 

 

 

ՈՎ Է
Վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը տեղափոխվելու է գործադիր: Նա առաջիկայում կնշանակվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մշակույթի նախարար: Վերջինս անձամբ չի էլ հերքել նման խոսակցությունների առկայությունը: Նշենք, որ Նարինե Թուխիկյանը պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, եղել է ցուցակում 20-րդը, իսկ նրանից հետո` մինչեւ 85 համարում ընդգրկված անձինք տարբեր պաշտոններ են զբաղեցնում եւ նրա` գործադիր տեղափոխվելու դեպքում պատգամավորական մանդատ կարող է ստանալ միայն 85-ից հետո գտնվող անձանցից որեւէ մեկը: Նրանց թվում կան նաեւ ավագանու անդամներ:




Լրահոս