Օրեր առաջ Factor.am լրատվական կայքի` ««Իմ քայլ»-ում քննարկվել է լրագրողների աղբյուրները բացահայտելու նպատակով ԱԱԾ-ին դիմելու, ինչպես նաեւ լրագրողների մուտքը 334 դահլիճ սահմանափակելու հարցը» վերտառությամբ հոդվածը թեժ քննարկումների առիթ է հանդիսացել ինչպես լրագրողական հանրության շրջանում, այնպես էլ նույն այդ իշխող խմբակցությունում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից մեկը բավական բուռն էր անցել, այնքան բուռն, որ լրագրողներն էլ փակ դռների հետեւից կարողացել են լսել պատգամավորների խոսքերը եւ վերարտադրել դրանք: Ու հիմա այդ ամենն իշխող խմբակցության պատգամավորներին հիմք է տվել զգուշանալ նման քննարկումների արտահոսքերից: Վերջինիս հարցը մշտապես է խմբակցությունում դրված եղել, եւ պատգամավորներին զգուշացված է եղել խուսափել փակ նիստերից ինֆորմացիոն արտահոսքերից, սակայն վերջին նիստը, ինչպես ասում են, վերջին կաթիլն է եղել եւ հանգեցրել լրագրողների աշխատանքը սահմանափակելու մասին աղմկահարույց քննարկումների:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին «Իմ քայլը» խմբակցության անդամները հերթական փակ քննարկումն են ունեցել, սակայն այս անգամ ոչ թե խորհրդարանում, այլ կուսակցության գրասենյակներից մեկում: Մեզ հետ զրույցում պատգամավորներն այդ փաստը մեկնաբանեցին ոչ աշխատանքային օրով, սակայն մեր տեղեկություններով` պատգամավորները նաեւ ցանկացել են զգուշավորություն ցուցաբերել եւ ավելի փակ վայրում քննարկում անցկացնել: Ընդ որում, առաջին անգամը չէ, որ խմբակցության նիստերը նաեւ գրասենյակում են անցկացնում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեի քննարկմանն անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում` լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակին: Եվ մենք տեղեկացանք, որ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը` փորձելով հարթել իրավիճակը: Եվ հենց դա էր պատճառը, որ երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկին լրագրող է, հենց այդպիսի մեսսիջով հանդես եկավ` փորձելով սրված իրավիճակը մեղմել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սարգիս Խանդանյանը չհերքեց, որ իր հարցազրույցն իսկապես լարված իրավիճակը մեղմելու նպատակ է ունեցել, սակայն նշեց, թե իր նախաձեռնությունն է եղել խոսելը: Միաժամանակ Խանդանյանը նաեւ ընդգծեց, որ լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակի հարցով խմբակցության առանձին անդամների հետ հաճախակի է քննարկում եղել, եւ ինքն էլ անձամբ այդ հարցի մասին զրուցել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բացի Սարգիս Խանդանյանից, այլ պատգամավորներ եւս իրենց մտահոգություններն են հայտնել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որ պետք է հարթել իրավիճակը եւ ինչ-որ քայլել ձեռնարկել: Նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը, ում հետ զրույցից հետո էլ լրատվական կայքը նման հրապարակում էր արել, արդեն խուսափում է պատասխանել լրագրողների բանավոր հարցերին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հորդորեց հարցերն իրեն գրավոր ուղարկել` ընդգծելով, որ լրագրողների աշխատանքները սահմանափակելու հարց խմբակցությունում չի քննարկվում եւ չի էլ քննարկվել:
Մենք նաեւ տեղեկացանք, որ նախօրեի փակ նիստում անդրադարձ է կատարվել նաեւ մի քանի այլ հարցերի, այդ թվում` երեկ տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը: Այդ հարցով մեկ անգամ եւս խմբակցության անդամները հավաքվել են նաեւ երեկ, սակայն արդեն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ընդ որում` խմբակցության ոչ բոլոր անդամներով` կրկին խուսափելով հայտնի 334 սենյակից, որտեղ էլ հիմնականում անցկացվում են խմբակցության նիստերը: Երկու հանդիպումների ժամանակ էլ նշվել է, որ պետք է դեմ քվեարկել դատավորի թեկնածուին, կապ չունի` ինչ գիտելիք, փորձ կամ հմտություն ունի վերջինս: Ընդ որում, ինչպես Գոռ Հովհաննիսյանի թեկնածության դեպքում, այնպես էլ այս անգամ եւս որոշում է կայացվել բազմաթիվ հարցեր ուղղել դատավորին` նաեւ քաղաքական ակտուալ թեմաներով եւ այդկերպ փորձել այլ լույսի ներքո ներկայացնել դատավորին` փորձելով հիմքեր գտնել նրան մերժելու համար:
Եվ երեկ եւս ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին` սկսած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատելուց, վերջացրած ԲԴԽ-ի կարգավիճակով: ՍԴ դատավորի թեկնածուն էլ պատասխանեց բոլոր հարցերին: Սակայն, ինչպես եւ սպասելի էր, «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց նրան, եւ վերջինս չընտրվեց` ստանալով 53 դեմ, կողմ 30 ձայներ: Ի տարբերություն իշխանական խմբակցության` ընդդիմությունը բավական գոհ էր նրա թեկնածությունից եւ կողմ էր քվեարկել: Հավելենք, որ սա յոթերորդ գումարման խորհրդարանում արդեն երկրորդ դեպքն է, երբ ՍԴ դատավոր չի ընտրվում եւ կրկին մեծամասնության դեմ քվեարկելու պատճառով:
Հավելենք նաեւ, որ նախօրեի նիստում, բացի վերը նշված հարցերից, անդրադարձ է եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին. նա Ապարանում նախկին իշխանությունների հետ միջոցառումների է մասնակցել: Պատգամավորները քննադատել են նրա վարքը եւ մասնակցությունը նույն միջոցառմանը նախկին իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես Աղվան Հովսեփյանի հետ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին: Խնդրի հետ կապված դեռեւս մեկ շաբաթ առաջ զրուցել էինք մարզպետի հետ, որը նշել էր, թե սա քաղաքական սադրանք է` ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, եւ եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան: Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս եւ շատ անհարգալից տոնով իմ եւ եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել: Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, եւ ավելի ուշ հասկացանք` պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչը չէր կարող իրականություն դառնալ: Սույն օբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին», – նշել էր մարզպետը: Ինչեւէ, հետաքննական մարմինը բացատրություն էր վերցրել ինչպես Կոտայքի մարզպետի եղբորից, այնպես էլ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանից, եւ դատաբժշկի ուղեգիր էին տվել: Արդյունքում երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 24-ին հետաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցել է քրեական գործ եւ այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Սակայն նկատենք, որ մեղադրյալներ դեռ չկան:
ԿՍԱՌԵՑՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ինեկոբանկը» իր հաճախորդներին ծանուցումներ է ուղարկում եւ հորդորում է ձեռնպահ մնալ Իրանի հետ կապված բեռնափոխադրողների կամ Իրանի տարածքով փոխադրվող ապրանքների դիմաց բանկային հաշվեհամարով դրամական փոխանցումներ կատարելուց: Պատճառը Իրանի գծով միջազգային պատժամիջոցներն են: Ըստ բանկի` վերջին ամիսներին Չինաստանից, ԱՄԷ-ից դեպի ՀՀ ապրանքների ներմուծման նպատակով որպես բեռնափոխադրող ընտրվում են Իրանում գրանցված տրանսպորտային կազմակերպությունները: Հետեւաբար բեռնափոխադրող ընկերության ծագումը կամ բեռնափոխադրման իրականացումը Իրանի տարածքով կարող է հանդիսանալ ներմուծվող ապրանքների ձեռքբերման եւ բեռնափոխադրման ծախսերի համար բանկային փոխանցումների չեղարկման եւ դրամական միջոցների սառեցման պատճառ: Իսկ եթե կատարվեն դրամական փոխանցումներ Իրանի տարածքով, ապա այդ դրամական փոխանցումների չեղարկման սառեցման ողջ պատասխանատվությունը կրելու է հաճախորդը: «Ինեկոբանկ»-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ երկուշաբթի օրվանից սկսած է հաճախորդներին ուղարկվում ծանուցումները: Իսկ թե որքան կտեւի այս սահմանափակումը, բանկի աշխատակիցը դժվարացավ ժամկետներ նշել:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկող Միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Համաժողովի մասնակիցների թվում է լինելու նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: «Մյուս ղեկավարների մասնակցությունը ես առայժմ չեմ կարող ազդարարել, քանի որ վերջնական հաստատումներ դեռ չկան»,-նշել է Պեսկովը:
ՉԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ
«Ես ո՛չ զանգել եմ Քոչարյանին, ո՛չ հանդիպել»,-հարցին, թե հանդիպե՞լ է Հայաստանի երկրորդ նախագահին վերջինիս կալանքից ազատ արձակվելուց հետո, ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այն հարցին, թե Քոչարյանի հետ հանդիպելուց ինչու է խուսափում, Ծառուկյանը պատասխանել է. «Բայց խի՞ եմ խուսափում, ինչի՞ց եք ենթադրում, որ խուսափում եմ: Որ դա չի եղել, չենք զանգել, չենք ասել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»: Դիտարկմանը, թե կար ժամանակ, որ նրա անունը կապում էին Քոչարյանի հետ, Ծառուկյանն այսպես է արձագանքել. «Մենք ի՞նչ կապ ունենք, որ, ասենք թե, պետք է կապեն: Ամեն մարդ էսօր իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, էսօր օրը երկու հատ կուսակցություն է բացվում` ամեն մեկն իր քաղաքական տեսակետով, իր մոտեցմամբ, դա մեզ հետ ի՞նչ կապ ունի»:
ՈՒՇԱՑՈՒՄՈՎ
Երեկ Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին հատվածն անցել է առանց ԱԺ հերթական նիստերի օրակարգը հաստատելու. քվորում չի եղել, քանի որ պատգամավորները դահլիճում չեն եղել: Օրակարգը հաստատելուն կողմ է քվեարկել 61 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 ձայն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զարմացել է, որ օրակարգը չի հաստատվել, եւ ստիպված է եղել ընդմիջում հայտարարել: Ընդմիջման ավարտից հետո Միրզոյանը հայտնել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` փաթեթը չհաստատելու դեպքում հարցերն առանձին-առանձին են դրվում քվեարկության, բայց քանի որ օրակարգը չէր հաստատվել զուտ տեխնիկական պատճառով, խմբակցություններին առաջարկել է կրկին ամբողջ փաթեթի համար քվեարկել, քանի որ մոտ քսան հարց էր լինելու առանձին քվեարկության համար: Ավելի ուշ խորհրդարանը սկսել է քառօրյա նստաշրջանի աշխատանքները:
ԽՈՍԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ու իր զորակցությունը հայտնել «Արսենալ»-«Չելսի» երեկվա խաղից առաջ, որին հայազգի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը: «Ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- նշել է վարչապետը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում երեկ հանդես են եկել երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը եւ «Չելսի»-ն: Մխիթարյանն իր թիմի հետ Բաքու չի մեկնել: