ԿՅԱՆՔԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԿՈՒՐՍԵՐ ԱՆՑԱԾ ՆԱԽԱՐԱՐԸ – 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար նշանակվելուց կարճ ժամանակ անց Արտակ Զեյնալյանի անունը ֆեյսբուքում սկսվեց ակտիվորեն շրջանառվել շատ ցավոտ մի թեմայի՝ նույնասեռականներին աջակցելու համատեքստում: Նախարարը ստիպված եղավ արձագանքել «Հանրային հարթակ Թումասյանի հետ» էջում արված հետեւյալ գրառմանը. «Տարածեք եւ միացեք մեր նախաձեռնությանը. կոչ համայն հայությանը. Միացեք եւ ազգովի կանգնեցնենք Հայաստանում գոմիկների օրինականացմանը»:

Զեյնալյանը, անդրադառնալով վերը նշվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելինե՛րս, ես ո՛չ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին եւ ո՛չ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո «Քրեական օրենսգրքում» փոփոխություն անելու որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել։ Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»։ Մեկ օր անց, միայն, գրառման մեջ ավելացրեց. «Մեկնաբանություններում հայտնված բոլոր ոչ կոռեկտ, անպարկեշտ, խտրականություն եւ ատելություն պարունակող գրառումները կջնջվեն: Անչափ շնորհակալ եմ»։ Արտակ Զեյնալյանը, նախկինում զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ, նկատենք` ջանքեր է գործադրել երկրում ամեն տեսակի խտրականության բացառման ուղղությամբ: Ավելին` խտրականությունն արգելող օրենքի ընդունումը եղել է Զեյնալյանի 2016թ. ամանորյա ցանկությունն ու մաղթանքը։
Հաջորդ անախորժությունը՝ կապված Զեյնալյանի, ավելի ստույգ՝ նրա գլխավորած կառույցի հետ, առնչվում էր կոռուպցիայի կանխարգելման խնդրին: Երբ անցյալ տարեվերջին կոռուպցիային անհաշտ պայքար հայտարարած կառավարության՝ արդարադատություն իրականացնող գերատեսչությունը հանրային քննարկման դրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ներից մի քանիսը կոշտ քննադատության ենթարկեցին այն, բանը հասավ ընդհուպ այդ ժամանակ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանին անվստահություն հայտնելուն: Նախագծում, որը ՀԿ-ները մեծ հաշվով անպիտան էին որակել, մասնավորապես ամրագրված էր, թե «վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետեւողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»: ՀԿ-ները նշել էին, թե «ինչպես նախագծի մշակման գործընթացը, այնպես էլ դրա կառուցվածքը եւ բովանդակությունը խնդրահարույց են»։
«Ժամանակն է վերջ տալ նախորդ կառավարությունից ժառանգած ձեւական ու կեղծ մոտեցումներին, եւ երկրի հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար փաստաթուղթը համահունչ դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամքի առկայությանն ու հանրային ակնկալիքներին»- նշել էին ՀԿ-ներն իրենց հայտարարության մեջ։ Նախագծի վերաբերյալ, նկատենք, ստացվել է շուրջ 400 դիտողություն, եւ այն ներկայումս լրամշակման փուլում է: Այս օրերին էլ հաճախակին են դարձել վեթթինգի ինստիտուտի, ինչպես նաեւ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման մասին խոսակցությունները, եւ այդ գործում, որպես կարեւոր դերակատար, նախանշվում է նաեւ Արդարադատության նախարարությունը: Նախարարն օրերս նշեց, որ վեթթինգն իրականացվելու է առանց խնտրականության, եւ որեւէ դատավոր չի թիրախավորվելու: Ի դեպ, վերջերս՝ դեռ մինչ «դատարանների դռները փակելու օպերացիան», Զեյնալյանը հայտարարել էր դատական համակարգում կոռուպցիայի առկայության մասին: «Համենայնդեպս, նման ընկալում եւ տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաեւ այն գործերը, որոնք այս պահին քննվում են… Իհարկե, պետք է նաեւ վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը, դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ եւ համարժեք կենսաթոշակ»,- նշել էր նախարարը:
Համաներում
Զեյնալյանի պաշտոնավարման ընթացքում նշանակալի իրադարձություններից է մասնավորապես երկար սպասված համաներումը: ԱՆ-ում համապատասխան նախագիծը պատրաստ էր նրա նշանակումից երեք շաբաթ անց, սակայն ընդունվեց անցյալ տարի աշնանը: Այս թեմայով հանրային քննարկումների ընթացքում հաճախ շեշտվում էր այն հանգամանքը, թե արդյո՞ք պետք էր համաներում շնորհել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանվողներին նույնպես: «Դրա վերաբերյալ բազմիցս հանդես եմ եկել հրապարակային բացատրություններով, եւ՛ ես, եւ՛ քաղաքային իշխանությունը: Պիտի ասեմ, որ համաներումն ընդունվել է ԱԺ բոլոր ներկա պատգամավորների կողմից միաձայն քվեարկությամբ: Սա քաղաքական փաստաթուղթ է եւ կառավարության ու օրենսդիր մարմնի կամքն է արտահայտում, լեգիտիմ իշխանության կամքն է արտահայտում: Սա բետոնյա գնահատական է այդ համաներման ակտին»,-իր հարցազրույցներից մեկում շեշտել էր Զեյնալյանը:
Ընտանիք՝ բազմազավակ հայրիկն ու պապիկը
Ա. Զեյնալյանը բազմազավակ հայր է, չորս զավակ ունի՝ երկու որդի եւ երկու դուստր՝ Հայկը, Նանեն, Մանանան եւ Վահագնը, որը դպրոցական է: Զեյնալյանը նաեւ պապիկ է՝ մեկ թոռ ունի. ավագ որդին է պարգեւել: Նա 28 տարեկան է, ծնվել է, երբ հայրը ռազմաճակատում էր: Ավագ դուստրը՝ Նանեն, 27 տարեկան է, «Insight Consulting» ընկերության հիմնադիրն է։ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, մասնագիտությամբ բժիշկ անեսթեզիոլոգ է, ԵՊԲՀ դասախոս: Զեյնալյանը, ինչպես ասում են, ձեռքի շնորհքով մարդ է, մեկ-մեկ հաճույքի համար կարող է խոհանոցում ինչ-որ բան պատրաստել, ասենք՝ գառան թիակ՝ կիտրոնի եւ կիվիի սոուսով: Հոգում է նաեւ տան տարբեր էլեկտրական սարքերի, վերանորոգումների, ջրի, խողովակաշարերի, պատուհանների, տարբեր սարքավորումների հետ կապված վերանորոգումների հարցը: Զեյնալյանը, նշենք, «Զրպարտություն եւ վիրավորանք» լրագրողների եւ փաստաբանների համար ձեռնարկի համահեղինակն է: Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1996թ., ԼՂՀ), արժանացել ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչման (2009թ.), «Համընդհանուր իրավունքների մրցանակ»-ին (2014թ., ԵԱՀԿ), «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին (2016թ., ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն):

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Վերջին շրջանում բավականին ակտիվացել են փողոցային դրամահավաքները, որով խնդրում են գումար փոխանցել այս կամ այն մանկատանը, ծանր հիվանդությամբ տառապող երեխայի կամ վիրավոր զինվորի բուժման համար: Կամ ինչ-որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցում մոտենում են անցորդներին եւ առաջարկում գումար հանգանակել նման նպատակներով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մի քանի օր Երեւանի Հյուսիսային պողոտայում մի քանի հոգի իբր բարեգործական համերգ են կազմակերպել Գավառի մանկատանը օգնելու նպատակով: Եւ դրա անվան տակ անցորդներից գումարներ են հավաքել:
Բայց ուշագրավն այն է, որ «մանկատան սաներին որոշ ժամանակով ժպիտ պարգեւելու համար» իրականացվող այս բարեգործական ակցիայից տեղյակ չի եղել մանկատան տնօրենը` Նիկոլայ Նալբանդյանը: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ «բարեգործական» ակցիայի համար իրեն զանգահարել են Երեւանի ոստիկանությունից եւ տեղեկացրել ստեղծված իրավիճակի մասին: Մանկատան տնօրենից ArmLur.am-ը տեղեկացավ, որ բարեգործական համերգ կազմակերպողներից մեկը ներկայացել է մանկատան նախկին սան: Սակայն Նիկոլայ Նալբանդյանը պնդում է, որ մանկատունը նման սան չի ունեցել:
ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ մայիսի 27-ին` ժամը 22.00-ին, Հյուսիսային պողոտայից ապօրինի համերգ կազմակերպելու համար բաժին են տարել մի քաղաքացու, որը նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո խարդախությամբ տիրացել է գումարին: Այժմ հետաքննություն է կատարվում:
Պարզվում է` մայրաքաղաքի ցանկացած հատվածում կարելի է նման գործունեությամբ զբաղվել. երաժշտական գործիքները դնել եւ նվագել ու երգել, միաժամանակ գումար հավաքել: Իսկ քաղաքային իշխանություններն ուղտի ականջում քնած են: Այսինքն` քաղաքապետարանը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլեւ չի վերահսկում քաղաքում տիրող վիճակը: Արդյունքում` ով որտեղ ինչ ցանկանում, անում է:
ArmLur.am-ի հարցին` քաղաքապետարանը պատասխանատվություն կրո՞ւմ է, արդյոք, քաղաքի ինչ-որ հատվածում բարեգործական համերգ կազմակերպելու հարցում, մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ եթե մարդիկ խաբեության են դիմել եւ քրեական օրենսգրքով պատժելի արարք են գործել, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Ապա հորդորեց գրավոր հարցում անել պարզելու` քաղաքապետարանը նման համերգ անելու համար թույլտվություն տվե՞լ է կամ իրազեկում ստացե՞լ է, թե՞ ոչ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. մարտի 25-ին կարգադրել էր Իջեւան համայնքի ղեկավարի կողմից հողերի օգտագործման եւ պահպանման գործառույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Որպես այդ կարգադրության հիմք մարզպետը նշել է ՀՀ Հողային օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը: Աշխատանքային խմբի ղեկավար էր նշանակվել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսաք Մելքումյանը: Մարզպետն աշխատանքային խմբին կարգադրել էր ուսումնասիրել Իջեւան համայնքի ղեկավարի կողմից հողերի հրապարակային սակարկությունների կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանների պահպանումը՝ հայտարարությունների հրապարակումից մինչեւ արձանագրությունների կազմելը եւ պարզել, թե հողերի հրապարակային սակարկությունները վերջնական արդյունքում որքան եկամուտ են ապահովում համայնքի համար, եւ որքանով են դրանք ծառայում համայնքի զարգացմանը:
Մայիսի 17-ին Իջեւան քաղաքին հարակից Ենոքավան գյուղում կայացավ մարզպետ Հ. Չոբանյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր որպես մարզպետ նրա պաշտոնավարման 100-օրյակին: Ասուլիսի ավարտին մարզպետ Հ. Չոբանյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` Իջեւան համայնքի ղեկավարի կողմից հողերի օգտագործման եւ պահպանման գործառույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով աշխատանքային խմբի գործունեության մեկամսյա ժամկետն ավարտվել է, ի՞նչ է պարզել այդ հանձնաժողովը: Մարզի ղեկավարն ասաց, որ հանձնաժողովը Իջեւանի հողերի օգտագործման եւ պահպանման գործառույթում որոշակի խախտումներ է արձանագրել, 3 դեպքով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են Տավուշի մարզի դատախազություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս