«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի հետ:
-Ջիվա՛ն, Ձեր անձի շուրջ խոսակցությունները թեժացան, երբ Ձեր հրապարակային ելույթում խոսեցիք Բակո Սահակյանի մասին, օգտագործեցիք «գլուխը ցխել» արտահայտությունը: Տեղի ունեցածին արձագանքեց նաեւ ադրբեջանական մամուլը: Մտավախություն չունեի՞ք, որ դա աղմուկի է վերածվելու, եւ ինչո՞ւ եք ատելության այդպիսի կոչեր հնչեցնում:
-Ես տեղեկություն չունեմ, որ ադրբեջանական մամուլը անդրադարձել է. առաջին անգամ Ձեզնից լսեցի: Այստեղ կարեւորությունը նրա մեջ չէ, թե ինչ հետեւանք ունեցավ, կարեւորն այն է, թե ինչ քաղաքական կոնտեքստ բոլորը դրեցին: Նախադասությունը կազմված է ապագա անկատար ժամանակով, եւ եթե ուշադիր լինեք` կա գործողությունների հաջորդականություն: Այսինքն` այդ գործողությունների ընթացքում խախտվում է Հայաստանի օրենսգիրքն ու Սահմանադրությունը: Եթե խախտվում է Սահմանադրությունը, եւ նոր գործողություն է կատարվում ինչ-որ, կարելի՞ է դրանից մի մեծ պատմություն սարքեք: Իհարկե` ոչ: Չեմ կարծում, որ օրենքով ոչ դատապարտելի արարքների մասին իրավունք ունեն շատ մարդիկ անդրադառնալ եւ փորձեն քաղաքական դիվիդենտներ հավաքել: Դա ինձ համար քաղաքական անկրթություն է, որովհետեւ նման դիվիդենտները շատ շուտ կորցնելու են նույն այդ քաղաքական տարրերը, որոնք այդպիսի պահվածք են ցուցաբերել:
-Այսինքն` Ձեր խոսքերի համար չե՞ք փոշմանում:
-Միանշանակ:
-Պետք է հաշվի առնել, որ հավաքների ժամանակ բազմիցս ասել եք, որ սատարում եք Նիկոլ Փաշինյանին: Դրա պատճառով Ձեզ ասոցացնում են իշխանության հետ: Բացի դրանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել եք «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորի թեկնածու Արուս Մանավազյանի նախընտրական շտաբի պետը: Ինքն իր քաղաքական թիմի հետ համաձայնեցրե՞լ է այդ ընտրությունը:
-Նիկոլ Փաշինյանը չի պատկանում «Իմ քայլ»-ին: Փաշինյանը ՀՀ 100 տոկոս քաղաքացիների վարչապետն է: Երկրի վարչապետը հանդիսանում է պետական սիմվոլ, այսինքն` պատկանում է բոլորին: Եթե ես որպես անհատ, կամ մարդ, որ ներկայացնում է որոշակի մարդկանց խումբ, հայտարարում եմ, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա չի նշանակում, որ մենք պիտի լինենք ՔՊ-ից, քանի որ գոյություն ունի վերկուսակցական` ազգ գաղափար: Այսօր մեր երկրի վարչապետը Փաշինյանն է, եւ նրա վարած քաղաքական կուրսը մեզ հոգեհարազատ է, եւ մենք սատարում ենք այդ քաղաքական կուրսին: Եթե մարդիկ քաղաքականապես այնքան անգրագետ են, որ նման եզրույթները չեն կարողանում վերլուծել, ապա ասեմ, որ սա տարիներով կրթության բարձր մակարդակի պակասն է եղել, ինչի համար նույնպես պայքարում եմ: Արուսը իմ շատ մտերիմ ընկերն է, բայց լինելով իր քարոզարշավի շտաբի պետը` դա չի նշանակում` իմ հետագա քաղաքական պատկերացումները պետք է համաձայնեցված լինեն Արուսի հետ:
-Ձեր ելույթներից մեկում ԲՀԿ-ական պատգամավորների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցին: Կոնկրետ ո՞ւմ մասին էր խոսքը:
-Վիրավորական արտահայտություն չի եղել. խոսել եմ իրողության մասին: Ապա ի՞նչ է նշանակում պատգամավոր, որը քննչական մարմնից առաջ է ընկնում, մամուլում տարածված սուտ ինֆորմացիան պաշտոնական է դարձնում, այսինքն` պաշտոնական լծակները օգտագործվում են սուտ խոսելու համար: Ես դա դատապարտում եմ: Իսկ եթե կենդանիների հետ համեմատությունն է եղել խնդիրը, ապա եթե ինչ-որ մեկը իրեն վերագրել է, ապա հենց իրեն էլ վերաբերում է:
-Ո՞ւմ մասին է խոսքը:
-Եթե սկսեմ անուններով խոսել, շատերի անունը պիտի տամ: Չեմ ցանկանում: Ես միշտ պայքարել եմ երեւույթների դեմ, այլ ոչ թե անձանց:
-Գուցե անուններ չտալով` պատասխանատվությունից խուսափո՞ւմ եք:
-Բացառապես չեմ խուսափում: Եթե պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր ինձ հետ տարբեր կարծիքներ ունեն, սիրով պատրաստ եմ իրենց հետ խոսել:
-Ձեր քեռին` Էդուարդ Սախկալյանը, պաշտպանել է Կարեն Գրիգորյանին: Բացի դա` նրա անունը ընտրակեղծարարության հետ է կապվում…
-Նման բան չկա: Ես հերքում եմ: Դա որոշակի անձանց խոսքերի վերլուծությունն է: Ձեզ էլ կխնդրեմ սկզբնական աղբյուրի ինֆորմացիայի ճշգրտությունը ստուգել, տեսնել` կա մի ապացույց, որ նման երեւույթ է եղել, ապա դրանից հետո նոր անձին մեղադրել: Բացի դա` նա իմ քեռին է, բայց դա չի նշանակում, որ քաղաքական հայացքները պետք է նույնը լինեն: Դուք կարող եք այդ հարցերը իրեն ուղղել, որովհետեւ մենք քաղաքականապես իրար հետ ընդհանրապես կապ չունենք, եւ ես ոչ մեկի հետ չեմ քննարկում այն քաղաքական կուրսը, որով ընթանում եմ:
Հ.Գ. Պարզաբանվեց, որ խոսքը վերաբերում էր Ջիվան Աբրահամյանի քեռու որդուն` Ալբերտ Սախկալյանին, որը հրապարակայնորեն պաշտապնում էր Կարեն Գրիգորյանին: Ջիվանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կապը միայն բարեկամական է, իրենց քաղաքական հայացքները բոլորովին տարբեր են:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը Ջիվանի հետ զրուցել է նաեւ Էջմիածնի քաղաքային իշխանությունների հետ ունեցած լարված հարաբերությունների, քաղաքապետ դառնալու հնարավոր ամբիցիաների, հավաքների ուղղորդված լինելու մասին:
Մանրամասները դիտեք ArmLur.am կայքում:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«ԲԱՆԱՆՑ»-«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ»` ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ «ԵԶՐԱՓԱԿԻՉԸ»
Այսօր տեղի կունենա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը, եւ հենց վերջին խաղում էլ պարզ կդառնա առաջնության չեմպիոնի անունը: «Բանանց»-«Արարատ-Արմենիա». հենց այս հանդիպումն է կենտրոնականն այս տուրում: «Արարատ-Արմենիան» հաղթելու դեպքում կհռչակվի Հայաստանի չեմպիոն, իսկ այս խաղում յուրաքանչյուր այլ արդյունքի դեպքում բաղձալի տիտղոսին կտիրանա «Փյունիկը»:
Խաղի ֆավորիտը համարվում են «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները, սակայն, իհարկե, մեծ սխալ կլինի ասել, որ «Բանանցը» թույլ մրցակից է: Ո՛չ, այս խաղը շատ բարդ է լինելու երկու թիմերի համար էլ, նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ «Բանանցը» պայքարում է, այսպես ասած, Եվրոպայի Լիգայի «ավելի հարմար» ուղեգրի համար, ապա այս խաղի հետաքրքրությունն ու լարվածությունը հասնում է գագաթնակետին:
Վերջին տուրում կարեւորությամբ երկրորդ հանդիպումը կարելի է համարել «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպումը: Վանաձորի թիմը շատ հաջող մեկնարկելով առաջնությունում` քայլ առ քայլ նվազեցրեց տեմպը եւ արդյունքում առաջին հորիզոնականից գահավիժեց 5-րդ տեղ: Արդեն ոչ մի բանի համար այս առաջնությունում չպայքարող լոռեցիները կփորձեն վրեժխնդիր լինել Աբրահամ Խաշմանյանի «Ալաշկերտ»-ից, որը «Լոռի»-ին հաղթել էր Հայաստանի Գավաթի եզրափակչում: Երեւանը ներկայացնող թիմը նաեւ պայքարում է 3-րդ հորիզոնականի համար, որը կարող է զբաղեցնել «Բանանցի» միավորներ կորցնելու արդյունքում:
Հայաստանի Բարձրագույն խմբում թեթեւ ինտրիգ է նշմարվում նաեւ ռմբարկուական պայքարում, որտեղ առաջատարը «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսերին է խփած 17 գոլերով: Նրանից լավագույն ռմբարկուի կոչումը կարող է խլել «Արարատ-Արմենիա»-ի հարձակվող Կոբյալկոն, եթե «Բանանցի» դեմ խաղում դառնա հեթ-տրիկի հեղինակ: Հետաքրքիր եւ չափից դուրս լարված այս մրցաշրջանը եւս մոտեցավ իր ավարտին: Վերջին տուրի բոլոր խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ