«ՎԵՐՋԵՐՍ ՀԱՐԱԶԱՏ ՄԵԿԸ ՀԱՐՎԱԾԵՑ ԹԻԿՈՒՆՔԻՑՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Արթուր Հակոբյանն է: Մենք բացահայտել ենք նրա սովորությունները, բնավորության` միայն իրեն բնորոշ գծերը:

-Պարո՛ն Հակոբյան, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…
-Հիշողություններ: Եթե հիշողություն չունես, ուրեմն չես ապրել:
-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:
-Մեկ ասում են` գեղեցիկը, մեկ` սերը: Ես կարծում եմ` այս աշխարհը կարող է փրկել միայն բարձրյալը: Ոչ մի երկրային էակ ընդունակ չէ դրան:
-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:
-Դավաճանությունը:
-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Շատ հավեսով, անկրկնելի պապիկ կլինեմ. պարզապես վստահ եմ: Կարող է` թոռներիս բրդուճ անեմ, ուտեմ, խայտառակ լինեմ (ծիծաղում է):
-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ աբողջ աշխարհը պնդի:
-Ո՛չ, հիմա չեմ ծխում, չեմ խմում. երբ որոշ հիվանդություններ ձեռք բերեցի, թողեցի:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:
-Վերջերս եմ թիկունքից հարված ստացել հարազատ մարդուց: Դա ցավոտ է:
-Լուռ հեռացո՞ղ եք, թե՞ աղմուկ եք բարձրացնում:
-Ո՛չ, երբեք լուռ հեռացող չեմ եղել, մարդու երեսին շխկացնում եմ այն, ինչ մտածում եմ: Չեմ սիրում պատերի տակ խոսել: Եթե ուզում են, կարող են, թող իմ ասածին պատասխանեն:
-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:
-Այո՛, ուզում եմ տուն ունենալ: Չգիտեմ` կհասցնեմ այդ նպատակս կյանքի կոչել, թե ոչ:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:
-Ասում են, որ լավ զրուցակից եմ: Երեւի դա սերտորեն կապված է մասնագիտությանս հետ: Իհարկե, կարեւոր է, որ դիմացինս եւս լավ զրուցակից լինի, այլապես փախուստի եմ դիմում:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Կարծում եմ` ամենադժվարը դեռ առջեւում է: Իսկ անցյալից կարող եմ նշել 1988-ի երկրաշարժի տարին, որն աղետալի էր ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ հայ ազգի, հատկապես գյումրեցիներիս համար:
-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:
-Ասում են` ամենադժվար մասնագիտությունը մարդ մնալն է: Կնոջ համար սրան գումարվում է եւս մեկը` կին մնալը, որն աշխարհում ամենաբարդ բաներից մեկն է: Տղամարդկանց պատկերացմամբ` նրանք պետք է անընդհատ ֆորմայի մեջ լինի, ժպտան, բայց կյանքն այնպիսի բան է, որ դա հաճախ հնարավոր չի լինում, իսկ մենք` ախմախ տղամարդիկս, անընդհատ դա պահանջում ենք:
-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տնտեսակա՞ն, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:
-Շոփինգի սիրում եմ գնալ, երբ հավես եմ ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դերասան դառնալ:
-Մասնագիտական կրթությունը լավ բան է, այն անհրաժեշտ է, բայց եթե մարդ չունի աստծո կողմից տրված շնորհ, թող չմոտենա այս մասնագիտության: Ես ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ խնդրում եւ աղաչում եմ: Երկու տարի կնկարահանվեք, երկու օր չեք երեւա էկրանին, ձեզ կմոռանան: Կնշանակի` վատ դերասան եք:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:
-Ոչ մի բան այն իմաստով, որ մեծամիտ չեմ դարձել:
-Ավելի շատ այցելում եք քահանային, թե՞ հոգեբանին:
-Երկուսին էլ, եթե դրա անհրաժեշտությունը լինում է: Քահանան մաքրում է հոգիս, իսկ հոգեբանը` մտքերս: Նա ռետինով ջնջում է այն թունավոր երեւույթները, որոնք կան գլխիս մեջ:
-Որքանով գիտեմ` բավական բռնկուն եք, այո՞:
-Այո՛, շատ բռնկուն եմ եւ դրանից առաջինը տուժում եմ ես, բայց չեմ կարող սուս մնալ, երբ վատ երեւույթի եմ հանդիպում:
-Խի՞ստ հայրիկ եք:
-Այո՛, միեւնույն ժամանակ նաեւ բարի:
-Ինչպիսի՞ երեխա եք եղել:
-Կռվարար էի: Հիշում եմ` կամ ես էի հարեւանի երեխեքին ծեծում, կամ իրենք` ինձ, հետո մի հատ էլ մայրս էր տանը ինձ ծեծում դրա համար:
-Երբ ամեն բան վատ է, ինքներդ Ձեզ ասում եք…
-Երբ ջահել էի, ասում էի` լավ կլինի, բայց հիմա ասում եմ` ի՞նչը լավ կլինի, տղա ես` դիմացիր, եթե կարող ես` ինչ-որ բան արա, եթե ոչ` վեր ընկիր տեղդ:
-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ եւ երբեք չեք մոռանա:
-Այո՛, հայրս է ասել, որ երբեք զուր տեղը խոստում չտամ, եթե չեմ կատարելու:
-Ձեր երազած փոխադրամիջոցը:
-Դա մի գնացք է` 50 վագոնով եւ 10 ընտանիքով: Մի ամբողջ քաղաք-գնացք, որտեղ կան խանութներ, խաղատներ, լողավազաններ, մարզասրահներ, ու մարդիկ անընդմեջ ճամփորդում են աշխարհով:
-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:
-Բոլոր հայ դասականներին սիրում եմ, բայց կառանձնացնեի Շիրազին:
-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:
-Առողջություն, փող ու շատ: Խելոք մարդու համար փողը դարդ չէ…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՀԱՅ ՏՂԱՆԵՐՆ ԱՄԵՆԱԼԱՎՆ ԵՆ ՈՒ ԴՈՒԽՈՎԸ»

«Չեմ հետեւում հայկական շոու-բիզնեսի թոհուբոհին, փոխարենը հետաքրքրված եմ համաշխարհային երգարվեստով, լսում եմ, ոգեշնչվում: Իսկ մեր երկրում ոմանք միայն բիզնես են անում, շոու նրանց գործերում առկա չէ: Մենք շոուի մեջ սովորելու շատ բան ունենք, ինչպես նաեւ՝ բիզնեսի: Ամեն դեպքում, եթե երաժշտությամբ ես զբաղվում, արվեստը պետք է լինի առաջին տեղում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Նարինե Դովլաթյանը:

Նա տեղեկացրեց, որ ձայնագրել է նոր երգ՝ երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն: Բացի այդ՝ կա եւս մեկ նոր ստեղծագործություն, որի վրա աշխատում է երգչուհին, իսկ թե կոնկրետ որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի, դեռ չի որոշել:
Այս տարին Նարինեի համար բուռն է համերգների առումով: Տեւական ժամանակ է՝ նա համերգային շրջագայությամբ Ֆրանսիայում էր, իսկ հունիսի 15-ին էլ Project LA նախագծի շրջանակում համերգով հանդես կգա Մարզահամերգային համալիրում:
Հարցին, թե իրեն որ ժանրում է գտել, Նարինեն պատասխանեց. «Երբեք չեմ կարող ասել, թե որ ժանրում եմ հանդես գալիս. մեկ՝ փոփ, մեկ՝ ջազ եւ բլյուզ, ֆոլկ եւ ռոք: Ամենակարեւորը հարմոնիան է, մեղեդին, խոսքը: Սստեղծագործելիս չես մտածում ժանրի մասին, էականն այն է, որ երգի մեջ հոգի եւ իմաստ դնես»:
Որոշ ժամանակ առաջ Նարինեն ակտիվ կերպով նկարահանվում էր սերիալներում եւ ֆիլմերում: Վերջին ժամանակահատվածում նրան դերասանուհու դերում չենք տեսնում, հետաքրքրվեցինք՝ ինչու. «Սերիալներն ինձնից շատ ժամանակ էին խլում, չէի հասցնում երաժշտությամբ զբաղվել այնքան, որքան կցանկանայի: Իհարկե, գեղարվեստական ֆիլմեր շատ եմ սիրում, բայց, չգիտես ինչու, ինձ միշտ առաջարկում են դրամատիկ դերեր: Կցանկանայի հումորային, ուրախ աշխույժ կերպար մարմնավորել: Եթե հարմար առաջարկ ստանամ, չեմ հրաժարվի»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մենք մի փոքր էլ անձնական թեմաներից զրուցեցինք: Նարինեին հարցրինք՝ ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գերի նրա սիրտը. «Տղամարդը պետք է լինի անկեղծ, հումորով, ազնիվ, աշխատասեր ու պատասխանատու: Սրանք մեկը մյուսի հետ սերտորեն փոխկապակցված են: Իսկ, ընդհանրապես, հայ տղաներն ամենալավն են ու ամենադուխովը»,-եզրափակեց երգչուհին:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԼՈՒԿԱԿՈՒՆ ՄՈՏ Է «ԻՆՏԵՐ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒՆ
FootballItalia-ն տեղեկացնում է, որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է իտալական «Ինտեր» տեղափոխվելուն: Նշվում է, որ 26-ամյա հարձակվողը հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել միլանյան ակումբի հետ: Նրա տարեկան աշխատավարձը, հնարավոր է, լինի 7.5 մլն եվրո: FootballItalia-ն հայտնում է նաեւ, որ բելգիացի ֆուտբոլիստի` ակումբը լքելու գլխավոր պատճառը մանկունյանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Ուլե Սուլշերն է:

 

 

 

ՄԻԱՅՆԱԿ ԴԺՎԱՐ Է ՀԱՂԹԵԼ
ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման խոսել է Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականի կազմում այդքան էլ հաջող հանդես չգալու մասին: «Նույնիսկ հանճարեղ մարդիկ աշխատում են թիմում, որպեսզի կատարելագործեն իրենց ունակությունները: Մեսսիի ներկայությունը թիմում չի օգնում Արգենտինայի հավաքականին դառնալ աշխարհի չեմպիոն: Նա միայնակ ոչինչ անել չի կարող, եւ ուզում եմ, որ դա իմանան բոլորը»,-ասել է Օբաման: Հավելենք, որ հունիսի 14-ից հուլիսի 7-ը Բրազիլիայում տեղի ունեցող Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինան ընդգրկված է B խմբում, որտեղ կմրցի Կոլումբիայի, Պարագվայի ու Քաթարի հավաքականների հետ:

 

 

 

 

100 ՄԼՆ ԵՎՐՈ
Ինչպես հաղորդում է իսպանական AS-ը, Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել թիմի պաշտպան Սերխիո Ռամոսին, առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Աղբյուրի պնդմամբ` «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է 33-ամյա ֆուտբոլիստին, որ կհամաձայնի վաճառել նրա տրանսֆերը 100 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Ռամոսը հայտնել է, որ ցանկանում է խզել պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ու տեղափոխվել Չինաստան ազատ գործակալի կարգավիճակով: Իր հերթին Պերեսը հայտարարել է, որ չի պատրաստվում անվճար բաց թողնել Ռամոսին, քանի որ չի կարող գտնել փոխարինող ֆուտբոլիստ:
33-ամյա իսպանացին հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2005 թվականից:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս