ՄԻՊ-Ի ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մարտ ամսին հրապարակել էր մարտի 1-ի քրեական գործով որպես վկա հարցաքննված նախկին պաշտոնյաներից մի քանիսի ցուցմունքներն այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն այս քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարեց ու նյութերը ծանոթանալու համար տրամադրեց կողմերին: Դրանից հետո, ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 16-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննական տվյալները հրապարակելու առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով:
ՀՀ մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, մեր հարցմանն ի պատասխան, ասել է, թե ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելուց հետո ինքն անհապաղ միջամտել է, քանի որ դրա համար հիմք է ծառայել լրատվամիջոցի կողմից նախաքննության գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման փաստը: «Սա այն պարագայում, երբ այդ ցուցմունքների` որպես ոչ հանրամատչելի տեղեկության պաշտպանվածությունն արդեն իսկ խախտվել է այն մասով, որ դրանք երրորդ անձը լրատվամիջոցին արդեն հասանելի էր դարձրել»,- նշել է Թաթոյանը: Միաժամանակ նա պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկել ՀՔԾ եւ ՀՀ գլխավոր դատախազություն: «ՀՔԾ-ից արդեն իսկ ստացվել են հավաստիացումներ եւ պարզաբանումներ այն մասին, որ քրեական վարույթը նպատակ չունի հետապնդման ենթարկել լրագրողին իր մասնագիտական աշխատանքի համար կամ լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ իրականացնել այլ միջամտություն: Հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս գործը կշարունակի գտնվել իմ ուշադրության ներքո` կարեւորելով լրագրողական պաշտպանված աշխատանք»,-ասել է ՄԻՊ-ը:

 

 

 

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հարցին, որ որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում իրեն սատարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել` Արցախի ներկա եւ ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ եւ փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ: Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է»,- պնդել է Հարությունյանը: Ինչ վերաբերում է իր հաղթանակին, Հարությունյանն ասել է. «Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջեւ: Ինչքանով կապահովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում: Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը եւ բենզինի բաքի մեջ ջուր լցրել: Ավելին` իրավապահները պարզել են, որ այդ ամենի արդյունքում 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, եւ որոշում է կայացվել այն չշահագործել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն: Քննությունը շարունակվում է:

 

 

 

 

Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը: Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է: «Մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասաց նա: Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի: «Մինչեւ դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը եւ հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- արդարացավ իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանը:

 

 

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շուրջ արհեստականորեն ստեղծված աղմուկը ստվերեց այնտեղ քննարկված, բարձրացված կարեւոր հարցերը: Իսկ այնտեղ խոսք է գնացել ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման մասին. մի հանգամանք, որը կարող է տեւական ժամանակով երաշխավորել գազի անփոփոխ սակագին ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի համար: Սա, ինքներդ եք հասկանում, իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ ներդրումային դաշտի վրա, եւ ընդհանրապես, արդյունաբերողների համար: Ի վերջո, բիզնեսը սիրում է կանխատեսելիություն, բիզնեսը սիրում է կայունություն: Արդյունաբերողներին է՛լ ավելի հարմար է աշխատել մի երկրում, որտեղ էներգակիրների սակագները պարբերաբար վայրիվերումների չեն ենթարկվում:
Նկատենք, որ ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորման մասին առաջին անգամ չէ, որ խոսվում է: Տարեսկզբին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը սահմանին կարող է թանկանալ, Փաշինյանը հունվարին ԵԱՏՄ նիստում խոսել էր նավթի, նավթամթերքի եւ գազի միասնական շուկաների ձեւավորման ուղղությամբ: «Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը եւ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաեւ դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,- ասել էր նա:
ԵԱՏՄ վերջին նիստում արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, «որոնք կատարվել են անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ու Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու առանձնահատկությունները»: Նա նաեւ հավելել էր. «Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձեւավորել անդամ պետությունների միջեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման եւ համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաեւ թույլ կտան սահմանել անդամ պետությունների եւ երրորդ երկրների համակարգային օպերատորների միջեւ համագործակցության սկզբունքները»: Այս թեմայով իր ելույթում խոսել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` կարեւորելով համապատասխան փաստաթղթերի ստորագրումը:
Հիմա, փաստորեն, տարեսկզբին առաջ քաշված հարցերը կամաց-կամաց իրագործվում են, եւ ստորագրվում համապատասխան փաստաթղթերը:




Լրահոս