Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր արհեստական է այն լարվածությունը, որն առկա է ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների եւ հանրության շրջանում: Ըստ նախկին վարչապետի` պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել` այդ ամենը կանխելու համար, քանի որ նման լարվածություններ ստեղծելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, այն իսկապես վտանգավոր է:
-Պարո՛ն Հարությունյան, օրերս Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հայտարարել էր, որ եթե իմանան, որ Ռոբերտ Քոչարյանին ընդունել են Արցախում, Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը կցխենք»: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը, արդյո՞ք պետք է ակտիվիստը նման կերպ իրեն դրսեւորի, որքան էլ որ անընդունելի լինի այն քաղաքականությունը, որը վարում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
-Բնականաբար շատ բացասական, քանի որ ցանկացած բռնություն եւ անօրինականության խրախուսում պարունակող հայտարարություն չի կարող լավ հետեւանք ունենալ:
-Վերջին ժամանակահատվածում նկատվում է լարվածություն Արցախի եւ Հայաստանի միջեւ, ըստ Ձեզ` ինչո՞ւ է լարվել Հայաստանի եւ Արցախի թե՛ իշխանությունների, թե՛ հանրության փոխհարաբերությունները, ինչի՞ց է սկսվել այս ամենը: Ի՞նչ եք կարծում` ի՞նչը հիմք հանդիսացավ, որ նման իրավիճակ ստեղծվի այսօրվա մեր իրականությունում:
-Կարծում եմ՝ ամեն ինչ ավելի քան արհեստական է, քան իրականում կա: Բայց մեր մտահոգությունները դրանով չպետք է ավելի քիչ լինեն, եւ առիթից օգտվելով` կհորդորեի մեր լրատվամիջոցներին այս հարցում ավելի ակտիվ աշխատանք ծավալել: Տարանջատման, պառակտման բոլոր տեսակի փորձերին պետք է լուրջ հակազդեցություն լինի, քանի որ նույն ազգի եւ ժողովրդի մեջ չեն կարող հակասություններ լինել: Դա շատ վտանգավոր եւ անդառնալի հետեւանքների կարող է բերել:
-Պարո՛ն Հարությունյան, արդեն հայտնի է, որ Դուք մասնակցելու եք Արցախի նախագահի ընտրություններին, որը պետք է կայանա 2020 թվականին, ի՞նչ եք կարծում` արդյո՞ք Ձեր հաղթանակը ապահովված է, ի՞նչ հույսեր ունեք Ձեր հաղթանակի հետ կապված, արդյո՞ք կարծում եք, որ արցախցին ցանկություն ունի Ձեզ տեսնել նախագահի պաշտոնում:
-Մինչեւ նախագահական ընտրությունները մոտ մեկ տարի դեռ կա, եւ այս պահին վաղ է որեւէ գնահատական հնչեցնելը: Բազմիցս հայտարարել եմ, որ ընտրապայքարը պետք է ծավալվի ծրագրերի միջեւ: Ինչքանով կապահովվի իմ հաղթանակը, միանշանակ կախված կլինի, թե որքանով ընդունելի կլինեն այն ծրագրերը, որը կներկայացնեմ Արցախի ժողովրդին:
-Հայտնի է նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սատարում է Ձեր թեկնածությունը, կարծում եք` այն ազդելու է ընտրությունների արդյունքների վրա: Ըստ տեղեկությունների` վարչապետի «բարեհաճությունն» արդեն նշանակում է, որ Դուք ունեք արցախցիների ձայնը: Դուք կիսում եք այդ տեսակետը:
-Գիտեք, էթիկապես ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Կարող եմ մի բան հստակ ասել, Արցախի ներկա եւ ապագա բոլոր իշխանությունները պետք է շատ ջերմ եւ փոխհամաձայնեցված հարաբերություններ ունենան ՀՀ իշխանությունների հետ: Մենք երկու պետություն ենք, մեկ՝ հայրենիք: Այս սկզբունքով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պետական բարձրաստիճան հայ պաշտոնյա: Դա իմ խորին համոզմունքն է:
-Տեղեկություններ կան նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս իր թեկնածությունն է առաջադրել, ի՞նչ եք կարծում` որքանով են իրատեսական այդ տեղեկությունները:
-Անկեղծ ասած` ես իրատեսական չեմ համարում:
-Պարո՛ն Հարությունյան, Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ իրենց վրա բանդա է հարձակվել, որի հետ անմիջական կապ ունեք Դուք: Իսկապե՞ս Դուք առնչություն ունեք այդ ամենում: Դա կապվա՞ծ է առաջիկա ընտրությունների հետ:
-Արդեն քսան տարի է` ինչ Արցախում բանդաներ կամ հանցագործ խմբավորումներ չկան: Ուստի ինձ համար անընդունելի է Սամվել Բաբայանի նմանօրինակ սադրիչ հայտարարությունները: Ինչ վերաբերվում է կոնկրետ այն անձանց, որոնց մասին նշվել է հայտարարության մեջ, այո, ես նրանց հետ ունեմ լավ հարաբերություններ, ինչպես Արցախում ապրող բազմաթիվ շատ այլ քաղաքացիների, բայց դա չի նշանակում, որ եթե նրանք որեւէ հանցագործություն կատարեն, չպետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի առաջ: Եթե ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, այլապես որեւէ հաջողության հասնելու հնարավորություն չենք ունենա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ԴՆԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ:
-Պարո՛ն Համբարձումյան, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր դատավորները պետք է վեթթինգի ենթարկվեն: Այս հայտարարությունը տարբեր կարծիքների առիթ դարձավ: Ոմանք քննադատություններ հնչեցրին: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
-Միանշանակ ես կողմ եմ վարչապետի ասածին, որ, այո, պետք է բոլոր դատավորները վեթթինգի ենթարկվեն, բայց քանի որ այս պահի դրությամբ ձեւաչափը չկա, չեմ կարող մանրամասնություններից խոսել: Բայց այն, որ միանշանակ կողմ եմ վարչապետի ասածին, եւ մենք ունենք այսօր այդ խնդիրը, դա այդպես է:
-Ամեն դեպքում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում վեթթինգը:
-Ես հիմա չեմ կարող պատասխանել, քանի որ մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց վստահ ասում եմ` մասնակցելու եմ քննարկումներին, երբ որ լինի վերջնական տարբերակը, ես կարող եմ զրուցել, տեղեկացնել, իմ առաջարկությունները ներկայացնել:
-Ասում են` այս գործողությունները ուշացած էին: Համաձա՞յն եք այս կարծիքի հետ:
-Որոշ չափով` այո, որոշ չափով` ոչ: Ինչու ոչ, որովհետեւ այս ժամանակահատվածում փոփոխություններ, հեղափոխությունից հետո օրենսդիրում փոփոխություններ, կառավարություն ասելով` միայն նախարարներ, մարզպետներ չհասկանանք, ավելի ներքին շերտերում էլ կան փոփոխություններ, որոնք տեղի են ունենում: Այսինքն` այդ առումով ուշացած չէ: Գործընթացը հերթականությամբ տեղի է ունենում: Որոշ դատավորների մասով` այո ուշացած էր: 50-50, այսպես ասեմ:
-Ինչո՞ւ թիրախավորվեց հենց դատական համակարգը:
-Չէի ասի, որ հատուկ թիրախավորվել է, ուղղակի իմ պատկերացմամբ` ՀՀ-ում կա 4 իշխանություն` ժողովուրդ, օրենսդիր, գործադիր եւ դատական: Ինչպես տեսնում ենք` ժողովուրդը հեղափոխությունն արեց եւ հեղափոխության առաջնորդ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ձեւավորվեց կառավարությունը, ձեւավորվեց Ազգային ժողովը, հիմա մնացել է 4-րդ իշխանությունը, որը պետք է ծառայի ՀՀ քաղաքացիներին:
-ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ վեթթինգը պետք է սկսել պատգամավորներից: Համաձա՞յն եք:
-Ես, անկեղծ ասած, չգիտեմ` ինչի համար է ասել: Ամեն մեկն իր ասածի համար պատասխան կտա, բայց ես «Իմ քայլը» խմբակցությունում չեմ տեսնում այդ անհրաժեշտությունը: Բոլորը, ամենայն ազնվությամբ, աշխատում են` ի շահ ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացիների:
-Դուք անձամբ պատրա՞ստ եք վեթթինգի ենթարկվել: Մտավախություններ չունե՞ք:
-Եթե ժողովուրդը ցանկանում է, եթե ես իրականում ունեմ այդ խնդիրը, ես ոչ միայն պատրաստ եմ վեթթինգի ենթարկվել, այլ պատրաստ եմ իմ մանդատը վայր դնել: Եթե ես ինչ-որ մի տեղ պահել եմ սխալ իմ ժողովրդի նկատմամբ, ապա պատրաստ եմ մանդատս վայր դնել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԹԵԺ ԱՄԱՌ
Առաջիկա ամիսը պատգամավորների համար խոստանում է թեժ, նույնիսկ գերծանրաբեռնված լինել: Նախ հունիսի 5-ից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկում են ՀՀ պետական բյուջեի 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները, որը տեւելու է 10 օր, որից հետո մեկ անգամ եւս կքննարկվի արդեն լիագումար նիստում: Բացի այդ, հունիսին շատ կլինեն արտահերթ նիստեր, որպեսզի հասցնեն քվեարկել եւ ընդունել ուշացող նախագծերը: Եվ ահա մեկ արտահերթ նիստ արդեն իսկ նախատեսված է հունիսի 7-ին, որի ժամանակ կքննարկվի Հարկային փոփոխությունների մեծ փաթեթը: Սակայն սա միակ արտահերթը չի լինի: Ըստ էության, պատգամավորներն ամռան կեսը կաշխատեն եւ արձակուրդի մասին կկարողանան մտածել միայն օգոստոսից: Եթե հաշվի առնենք, որ տարվա սկիզբն անցավ գրեթե պարապուրդային վիճակում, ապա պատգամավորներն իսկապես դժգոհելու տեղ չունեն:
ՀԻՆ ՁԵՎՈՎ
Նախկին իշխանությունները հետաքրքիր քաղաքականություն էին վարում եւ ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացված նախագծերը մերժելով` ամիսներ անց արդեն դրանք ներկայացնում էին կառավարության նախաձեռնությամբ: Այդպիսի քաղաքականություն առկա է նաեւ նորընտիր իշխանությունների կողմից: Ինչպես հայտնի է` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել` կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ, որպեսզի նրանցից երեքը լինեն ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված անձինք: Եվ ահա, դրանից որոշ ժամանակ հետո արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է նույն օրենքի վերաբերյալ փոփոխություն ներկայացրել: Արդեն երեկ կառավարության նիստում մերժվեց ԲՀԿ-ի պատգամավորի ներկայացրած նախագիծը, եւ գործադիրն առաջարկել էր Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
2018 թվականի հուլիսի 9-ին իր տանն ինքնասպան էր եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «Տրանս Գազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան: Ընդ որում, նա ինքնասպանություն գործել էր ՀՀ նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի` 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ պարգեւատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին եղել էր այդ ատրճանակը:
Ինչեւէ, շուտով կլրանա հայտնի գործարարի ինքնասպանության մեկ տարին, սակայն դեպքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը դոփում է տեղում, եւ նոր հանգամանքներ մեկ տարի անց չկան, եւ ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից` քննությունը շարունակվում է: Այսինքն՝ մի կողմից քննում են, ու չկա բացահայտում, մյուս կողմից էլ գործը չեն շտապում կարճել: