ՀՀ հաշվեքննիչ պալատն արդեն Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Այն դեռեւս չի քննարկվել հանձնաժողովներում. միայն քննարկումներից հետո կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ: Մինչ այդ նշենք, որ Հաշվեքննիչ պալատի հաղորդման մեջ հետաքրքիր տվյալներ են ներկայացված նախորդ տարվա գործունեության արդյունքում իրականացրած բացահայտումների վերաբերյալ:
Եւ այսպես` տեղեկանում ենք, որ 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով կառույցը նախատեսված է եղել կատարել 25 հաշվեքննություն: Սակայն նախատեսված 25 հաշվեքննությունից 5-ն ավարտվել է 2018 թվականի ընթացքում, իսկ մյուս 20-ը տեղափոխվել են հաջորդ տարի, որից երկուսը մնում է կասեցված, 4-ը դեռ շարունակվում է, իսկ 14-ն ավարտվել է: Այսպիսով` 2018 թվականի գործունեության ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ն ավարտված են, երկուսը՝ կասեցված, 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են:
Եվ արդեն ԱԺ ներկայացված հաղորդումը պարունակում է հետեւյալ ուղղությունների մասին տեղեկություններ.
– Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաշվեքննություն
– ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի հաշվեքննություն,
– Ջրային պետական կոմիտեի հաշվեքննություն,
– Սոցիալական ապահովության ծառայության հաշվեքննություն,
– ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություն,
– ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հաշվեքննություն,
– ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեքննություն,
– Բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման հաշվեքննություն,
– Դեղատնային գործունեության լիցենզավորման հաշվեքննություն,
– ՀՀ Բնապահպանության նախարարության հաշվեքննություն,
– Տեսչական մարմինների հաշվեքննություն,
– Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ-պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին արձանագրության պահպանման նկատմամբ հաշվեքննություն:
Սրանք Հաշվեքննիչ պալատը նախորդ տարի ճանաչել էր առավել ռիսկային ոլորտ, ուստի դրանով էր պայմանավորված հենց այս կառույցներում ստուգումները:
Ընդ որում, Հաշվեքննիչ պալատի կողմից 2018 թվականին անցկացվել է 33 նիստ (ներառյալ նաեւ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը), որոնցից 20-ը՝ արտահերթ, ընդունվել է 193 որոշում, որոնցից գերակշիռ մասը՝ 169-ը (88%) առնչվում է հաշվեքննության գործընթացին, 8-ը՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության մեթոդական եւ իրավական ապահովմանը, 5-ը՝ անձնակազմի կառավարման հարցերին, 11-ը՝ ֆինանսատնտեսական գործունեությանը:
Ինչպես արդեն նշեցինք` հաշվեքննություններից 4-ի մասով աշխատանքները շարունակվում են: Եվ դրանք վերաբերում են ՀՀ պաշտպանության նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Ռուս-Հայկական համալսարանի (ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ) եւ Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացի հաշվեքննությանը:
Տեղեկացանք, որ Ռուս-Հայկական համալսարանում (ՌԴ հաշվիչ պալատի հետ համատեղ) հաշվեքննության իրականացումը հետաձգվել է՝ նկատի ունենալով ՌԴ հաշվիչ պալատի նախագահի պաշտոնական առաջարկն առ այն, որ ՌԴ կառավարության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխություններն այդ պահին սահմանափակում են լիարժեք եւ արդյունավետ հաշվեքննության իրականացումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում, Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացին վերաբերող հաշվեքննություններն իրենց բնույթով բավականին ընդգրկուն են, ծավալուն եւ առանձնահատուկ: Օրինակ` պաշտպանությանն առնչվող միջոցների հաշվեքննությունն ընդգրկում է 2009 թվականից մինչեւ 2018 թվականի գործունեության հետեւյալ առարկաները՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովմանն ուղղված պետական գաղտնիք պարունակող գնումներ, արտաբյուջետային միջոցների ձեւավորում եւ օգտագործում: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով հաշվեքննությունն ընդգրկում է 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածը: Ի դեպ, երկու դեպքում էլ նախկինում այդ թեմաների նկատմամբ Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն չի իրականացվել: Բավական առանձնահատուկ է նաեւ դեղերի շրջանառության գործընթացի հաշվեքննությունը, որը նույնպես պահանջում է համապատասխան ռեսուրսներ: Հաշվեքննիչ պալատը որոշել է դրանց իրականացման ժամկետները հետաձգել մինչեւս 2019 թվականի հունիսի 30-ը:
Հինգ առանձին ուղղություններով Հաշվեքննիչ պալատը եկել է հետեւության, որ բացահայտված փաստերը պարունակում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, եւ այդ նյութերը համապատասխան որոշումներով ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Դրանցից երկուսը վերաբերում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, այդ թվում՝ ԲԷՑ-ի մասով: Ընդ որում, երեկ ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, ԲԷՑ-երում հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ են բացահայտվել այն բանից հետո, երբ դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների եւ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ինչեւէ, ՀՊ երկու հաղորդումներն էլ վերաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, իսկ մեկը՝ ՀՀ Արվամիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություններին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵԿ ԱՄՍԻՑ
ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական Դատարանի դատավոր: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչեւ հիմա ԱԺ ներկայացրած թեկնածուներից ոչ մեկն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության «սրտով չեն». իշխանությունները ցանկանում են ՍԴ-ում տեսնել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին: ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման իրավունքը նախագահինն է, իսկ Արմեն Սարգսյանը չի ներկայացնում նրան /Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել էր նախորդ խորհրդարանում, եւ այն ժամանակ էլ ՀՀԿ-ական մեծամասնությունը նրան էր մերժել/: Երեկ նախագահի ներկայացրած հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց Միրզոյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախագահը հաշվի առնելով ԱԺ մեծամասնության ցանկությունը` հաջորդ անգամ ՍԴ դատավորի պաշտոնում կներկայացնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: ««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն` Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ թեկնածու առաջադրելու համար: Այդ ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի»,-ասաց տիկին Պետրոսյանը: Նկատենք, որ այս պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ ի վերջո, նախագահը Գրիգորյանին առաջադրելու է, թե շարունակելու է ուրիշ թեկնածու ուղարկել խորհրդարան՝ հերթական անգամ մերժվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով:
ՆՎԱԶՈՒՄՈՎ
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Երեւանի կոնյակի գործարանը զգալի նվազեցրել է իր հարկերը. 2019 թվականի հունվար-մարտին Երեւանի կոնյակի գործարանը պետական բյուջե կատարել է 738 մլն դրամի հարկային վճարումներ` հայտնվելով հազար խոշոր հարկատուների 48-րդ տեղում: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է ցանկի 23-րդ տեղը եւ վճարել 1 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ընկերությունը 455 մլն 718 հազար դրամով պակաս է հարկ վճարել: Բայց չնայած սրան` ընկերությունը վճարված հարկերի ցուցանիշով հազար խոշոր հարկատուների ցանկում խմիչքների արտադրության ոլորտում առաջին տեղում է: Թե ինչն է պատճառը, դժվար է ասել. համենայն դեպս, կոնյակի արտադրության ծավալները ՀՀ-ում աճել են, բայց պարզ է, որ վիճակագրությամբ ներկայացված է բոլոր գործարանների արտադրանքի ծավալները:
ԱԶԱՏԵԼ Է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի խումբ փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Վարչապետի որոշմամբ պաշտոններից ազատվել են՝ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը եւ Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը եւ Գեւորգ Լոռեցյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը եւ Վարդան Գեւորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը եւ Նազենի Ղարիբյանը:
ՀՈՐԴՈՐ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում: «ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին եւ միաժամանակ ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից», -նշված է Արցախի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կողմերը քննարկել են առկա իրավիճակը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարները: Հիշեցնենք, որ մայիսի 27-ին համանախագահներին Երեւանում ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետ նրանք մեկնել էին Արցախ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ: