ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ ԲԵՆԶԻՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահներն օրերս ՊԲ զորամասերից մեկում ուշագրավ դեպք են բացահայտել: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՊԲ զորամասերից մեկի սպան մարտական մեքենաների միջից դիզվառելիքը հանել, մեջը ջուր է լցրել:

2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՀՀ իրավապահները բանակում տիրող իրավիճակի մասով մի շարք բացահայտումներ արեցին: Ավելին` դեռեւս 2017 թվականի մարտի 1-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում.«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:
Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո Զինված ուժերի պաշտոնատար անձինք պետք է դաս քաղեին, առավել եւս՝ թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ու տես, որ այդպես չէ: Օրերս ՀՀ իրավապահների բացահայտումը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ ՊԲ զորամասերից մեկի սպան` Արթուր Ղ-ն, զորամասին պատկանող 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը եւ դրա փոխարեն ջուր լցրել: Նպատակը, ինչպես հասկանում եք, եղել է բանակին տրամադրված բենզինը յուրացնելը:
Իսկ հետաքրքիր է` ինչու է բենզինի փոխարեն մարտական մեքենայի բաքում ջուր լցրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա այդ քայլին գնացել է, որպեսզի, եթե զորամասում ստուգումներ լինեն եւ ստուգեն, տեսնեն, որ մարտական մեքենաների բենզինի բաքը ամբողջությամբ լիքն է: Բայց, դե, սպայի այս քայլը չի օգնել նրան խուսափել իրավապահների աչքից: Կատարվածը պարզվել է:
Ավելին` իրավապահների կողմից իրականացված այս բացահայտումից հետո պարզվել է, որ մարտական մեքենաների բենզինի բաքում ջուր լցնելու հետեւանքով այդ մեքենաները տեխնիկական խնդիրներ են ունեցել: Արդյունքում որոշում է կայացվել, որ 11 մարտական մեքենաները չշահագործեն եւ համալիր ստուգման ենթարկեն:
Այս պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել: Երբ գործը հասել է արդեն նախաքննական մարմին, այստեղ եւս մեկ անհասկացվածություն է եղել գործը հսկող դատախազի եւ քննիչ միջեւ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական քննչական վարչության, միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Արթուր Ղ-ի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը, սակայն դատախազը միջնորդությունը հետ է վերցրել, եւ դատարանի որոշմամբ ՊԲ սպայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին: Ասել է, թե քննիչի համար հարցական է մնացել, թե ինչու դատախազը կողմ չի եղել, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Ինչեւէ, մինչ երկու գերատեսչությունները կփորձեն միմյանց հետ լեզու գտնել եւ կատարվածին իրավաբանական գնահատական տալ, փաստ է մեկ բան, որ այս գործով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում քննություն է ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն: Նախաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԹԵ ՔՐԵԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾ
Որքան մոտենում են Արցախի Հանրապետության նախագահի ընտրության օրերը, իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Նախ հայտարարություն եղավ, որ «մայիսի 29-ի գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Սեւանի մայրուղու Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են եւ հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ:
Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը: Մեզ հասած տվյալներով` դրանք Քարվաճառի եւ Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները: Ի դեպ, կրակողներից մեկը եղել է սպիտակ «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին: Այս բանդաներն իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախագահի թեկնածու «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»,- նշված էր հայտարարության մեջ:
Ահազանգից անմիջապես հետո armlur.am-ը զրուցեց Մարտակերտի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանի եւ Ալեքսեյ Բալայանի հետ, որոնք վստահեցրին, որ այդ դեպքի հետ որեւէ կապ չունեն եւ պատրաստ են իրավապահների բոլոր հարցերին պատասխանել: Ավելին` Գրիգորի Միրզոյանը պնդեց, որ պատիվ է պահանջելու իր անունը այդ միջադեպի հետ կապելու համար: Իր հերթին հայտարարությամբ հանդես եկավ «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ դատապարտեց դեպքը` նշելով, որ ցանկացած չճշտված եւ չհիմնավորված հայտարարության տարածումով փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: «Մասնավորապես «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով` դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որեւէ աղերս չունեն»,- ասված էր հայտարարության մեջ:
Ու մինչ ենթադրյալ միջադեպի պատասխանատուները պնդում էին, որ կատարվածի հետ կապ չունեն, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, թե «դա երկու խումբ անձանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, եւ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ»:
Սակայն Բաբայանի կողմնակիցների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` կատարվածը կապ չունի ֆինանսական հարցերի հետ, ավելին` անգամ միջադեպին ներկա չի եղել այն անձը, ում ենթադրաբար պարտք են եղել կրակողները:
Կարճ ասած` իսկական առեղծված:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱԿԱԳՐԵՑԻՆ
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Նշենք, որ խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու եւ նրա գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԱԺ-ՈՒՄ
ՀՀ կառավարությունն առաջարկում է հունիսի 7-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ: Արտահերթ նիստի օրակարգում կառավարությունն առաջարկում է ընդգրկել Հարկային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» օրենքում, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների նախագծերը: Ներկայացված նախագծերն ԱԺ-ում կներկայացնի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

 

 

 

ԶԱՎԵՇՏԱԼԻ ԴԵՊՔ
Ազգային ժողովի նիստի ընթացքում երեկ զավեշտալի միջադեպ է գրանցվել: Երբ հարց տալու համար ձայնը տրվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանին, նա հարց տալու փոխարեն ասել է. «Մի րոպե, էնտեղ բան են լսում»,- ակնարկելով, որ ինչ-որ մեկի բջջային հեռախոսն է միացել եւ գովազդ է հնչում: Խորհրդարանի նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես խնդրում եմ` բուքմեյքերական գրասենյակի գովազդը ԱԺ դահլիճից դուրս հանել: Ինչի է հասել, որ դահլիճում է արդեն գովազդ հնչում»:

 

 

 

ՎԻԶԱ Է ԿԵՂԾԵԼ
ՀՀ ՔԿ-ում ավարտվել է խարդախության եւ կեղծ վիզա ձեւակերպելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռքբերված տվյալների համաձայն` Երեւան քաղաքի բնակիչը խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու եւ կեղծ փաստաթուղթ իրացնելու դիտավորությամբ Շենգենյան համաձայնության երկրներ մուտքի թույլտվության իրավունք վերապահող կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել եւ խարդախությամբ հափշտակել է 6500 եվրո գումար: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

 

ԱՅՑ ՔԿՀ
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ հայտարարած 2 անձի եւ մի շարք այլ ազատազրկվածների հետ: Ըստ ՄԻՊ-ի` հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ, սակայն չի դիմել քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմին: Հացադուլ հայտարարած մեկ այլ կալանավորված անձ նշել է, որ ունի լյարդի հետ կապված առողջական խնդիր: Ազատությունից զրկված անձանց ներկայացվել են հացադուլի բացասական հետեւանքներն իրենց առողջական վիճակի վրա:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի ոստիկանությունը բացատրել է` ինչու էին իրավապահները Բաքվի փողոցներում կանգնեցնում երկրպագուներին, որոնք հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով էին շրջում: «Երկրպագուներին կանգնեցնում էին` ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ որեւէ մեկը չէր ցանկանում, որպեսզի նրանք կոնֆլիկտ սադրեն: Որեւէ մեկը նրանց բերման չի ենթարկել, սահմանափակումներ չի կիրառել»,-ասել են Ադրբեջանի իրավապահ մարմինները: Հիշեցնենք, որ հրապարակվել էին կադրեր, որոնցում ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են «Արսենալ»-ի` Մխիթարյանի մարզաշապիկներով երկրպագուներին: Մայիսի 29-ին Բաքվում կայացավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը «Արսենալ» եւ «Չելսի» ակումբների միջեւ:




Լրահոս