Այս տարվա մարտի 16-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննական տվյալները հրապարակելու առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով: Այս առիթով բազմաթիվ լրագրողական կազմակերպություններ իրենց մտահոգությունը հայտնեցին վատ նախադեպի համար:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Ներկայացնում ենք մեր հարցմանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պատասխանները:
-Ի՞նչ է արել ՀՀ ՄԻՊ-ը այս առիթով:
-Լրագրողներն ու լրատվության ոլորտի ներկայացուցիչները կարեւոր դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում հանրային բանավեճերի եւ որոշումների կայացման գործընթացներում` իբրեւ հանրային կամ սոցիալական դիտորդներ (watchdogs) հանդես գալու եւ տեղեկատվության ու գաղափարների փոխանակման, դրանց քննարկման ընդհանուր հարթակներ ստեղծելու միջոցով.
-Ի՞նչ գնահատական եք տալիս կատարվածին:
-Խոսքի ազատությունը կիրառելի է ոչ միայն ընդունելի, անվնաս կամ չեզոք տեղեկությունների կամ գաղափարների, այլեւ այնպիսի տեղեկությունների նկատմամբ, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են պետությանը կամ հասարակության որոշակի խմբին.
-Ձեր կարծիքով` ինչպե՞ս է հանգուցալուծվելու խնդիրը:
-Խոսքի ազատությունը պետք է լիարժեք պաշտպանված լինի` ընդգրկելով այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են` լրագրողի տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը, լուրերի եւ տեղեկությունների հավաքման գործընթացի պաշտպանվածությունը, խմբագրման ու ներկայացման ինքնավարությունը եւ այլն:
4.Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ մի շարք այլ միջազգային արտյանների իրավական դիրքորոշումն է, որ հարցազրույցի ընթացքում այլ անձի հայտարարությունների տարածմանը նպաստելու համար լրագրողին պատասխանատվության ենթարկելը կամ նրա նկատմամբ ներգործության այլ միջոց կիառելը լրջորեն կխաթարի մամուլի ներգրավվածությունը հանրային հետաքրքրության հարցերի քննարկմանը: Որեւէ միջամտություն պետք է բացառվի, եթե դրա համար չկան միջազգային չափանիշներ կամ Սահմանադրությամբ նախատեսված հիմքեր:
5.«Ժողովուրդ» օրաթերթի հետ կապված իմ անհապաղ միջամտության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է ծառայել, ըստ ծառայության պաշտոնական հաղորդագրության, հենց Ձեր լրատվամիջոցի կողմից նախաքննության գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման փաստն այն պարագայում, երբ այդ ցուցմունքների` որպես ոչ հանրամատչելի տեղեկության պաշտպանվածությունն արդեն իսկ խախտվել է այն մասով, որ դրանք երրորդ անձը լրատվամիջոցին արդեն հասանելի էր դարձրել:
6.Նախաքննության մարմնի հրապարակային հայտարարությունն առերեւույթ վկայում էր, որ նախաքննության գաղտնիքի հրապարակմանը` որպես արդարադատության դեմ ուղղված քրեորեն հետապնդելի արարքին պետական արձագանքը կոնկրետ դեպքում տրվում է ոչ թե տեղեկատվության սկզբնական կրողի` դատավարական կարգավիճակ ունեցող անձի գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատականով, այլ լրատվամիջոցին ուղղված եղանակով, ինչն անթույլատրելի է:
7. Այս նկատառումը որոշակիորեն ամրապնդվում է հենց Հատուկ քննչական ծառայության հայտարարությամբ խնդրո առարկա տեղեկությունների գաղտնիությունը խախտած անձի կամ անձանց արարքների ոչ քրեաիրավական բնորոշումներով` դրանք որակելով իբրեւ «դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսք»:
8. Լրատվական գործունեություն իրականացնողին քրեական վարույթին ներքաշելու հնարավոր նման միտումները չեն կարող լինել ընդունելի` հաշվի առնելով նաեւ լրագրողական գործունեության պաշտպանվածությունն ու երաշխիքները հենց քրեական գործերով վարույթներում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լրագրողի կողմից տեղեկատվության աղբյուրը չբացահայտելուն` բացառությամբ, երբ այդպիսի բացահայտումն անհրաժեշտ է «անձի կյանքի պաշտպանության», «ծանր հանցագործության կանխման», «ծանր հանցագործության մեջ մեղադրվող կամ դատապարտված անձի պաշտպանության» համար:
9. Ավելին` լրագրողի` որպես հատուկ պաշտպանության ենթակա մասնագիտական գործունեություն իրականացնողի գործոնից զատ` խնդրո առարկա վարույթի նախաձեռնումը կարող է չփարատված մտահոգություն թողնել` կապված նախաքննության գաղտնիքի հրապարակման քրեաիրավական եւ քրեադատավարական կարգավորումներին անհամապատասխանության առումով:
10. Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը, նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության կանխավարկածն ամրագրելով հանդերձ, միաժամանակ սահմանում է վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին գրավոր նախազգուշացնելու կառուցակարգը: Հետեւաբար, քրեական օրենքի արգելքի շրջանակը պետք է կանխորոշվի քրեադատավարական կարգավորումներով: Այլ կերպ ասած` խնդրո առարկա հանցակազմի սուբյեկտ կարող է լինել միայն այն անձը, ով նախաքննության տվյալներին հասանելիություն է ունեցել դատավարական կամ այլ` նախաքննության գաղտնիքին անմիջական ծանոթացում ենթադրող կարգավիճակի ուժով: Հակառակ մոտեցումը կհակասի ոչ միայն քրեադատավարական դրույթի տրամաբանությանը, այլեւ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված` մարդու ազատ գործելու իրավունքին, համաձայն որի` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Հաշվի առնելով վերը նշվածը` պարզաբանումներ ստանալու նպատակով գրություն է հասցեագրվել Հատուկ քննչական ծառայություն: Առանձին գրություն է ուղարկվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն` որպես մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող եւ քրեական քաղաքականության գործում առանցքային դեր ունեցող մարմին:
Հատուկ քննչական ծառայությունից արդեն իսկ ստացվել են հավաստիացումներ եւ պարզաբանումներ այն մասին, որ քրեական վարույթը նպատակ չունի հետապնդման ենթարկել լրագրողին իր մասնագիտական աշխատանքի համար կամ լրատվամիջոցի գործունեության վերաբերյալ իրականացնել այլ միջամտություն:
Հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս գործը կշարունակի գտնվել իմ ուշադրության ներքո` կարեւորելով լրագրողական պաշտպանված աշխատանք»,- տեղեկացրել է Թաթոյանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ` 17 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ինչպես հայտնի է` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունները, որի արդյունքում կրճատվելու է նախարարությունների թիվը, ուժի մեջ է մտել: Եւ երեկ տեղի ունեցավ կառավարության՝ 17 նախարարությունների կազմով վերջին նիստը:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նրանց, ովքեր կշարունակեն, հաջողություն եմ մաղթում, ովքեր չեն շարունակի, շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` այս ամենի արդյունքում կունենանք դրական արդյունքներ:
Տեղեկացնենք, որ նախագծի ամբողջական կիրառման դեպքում արդեն կառավարությունը կազմված կլինի հետեւյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Իսկ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՂՄՈՒԿ
Դիլիջանի գրադարանի քառահարկ շենքի վրա ամբարձիչ կռունկ է հայտնվել. շենքի վրա կառուցվում է 5-րդ հարկ: Այդ շենքում է գործում Դիլիջանի Թումո կենտրոնը: Հարկի ավելացումը համացանցում մեծ քննարկման պատճառ է դարձել: Սոցիալական ցանցերում դիլիջանցի օգտատերերը գրել են, որ Դիլիջանի կենտրոնում նոր ռեստորանա-հյուրանոցային համալիր կգործի, այն տեղակայված կլինի կրթական-տեխնոլոգիական-գրադարանային կենտրոնի գլխին, Երեւանի, Ծաղկաձորի ճարտարապետությունը աղճատելուց հետո Դիլիջանի տեսքն է խաթարվում: Դիլիջանի բնակչուհիներից մեկը գրել է, թե այդ շենքն ամբողջությամբ սարքելու են սրճարաններ, խանութներ, Թումո կենտրոնում առկա համակարգիչներն էլ համայնքի երիտասարդներին ժամավճարով կտան, որ այդ մասին Թումո կենտրոնի տնօրեն Մարիլուն է հայտարարել: Այդ քննարկումները, ի թիվս այլոց, հասցեագրված էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Նա էլ արձագանքելով համացանցում քննարկմանը` տեղեկացրել է, որ ինքն առաջիկայում տեղեկատվություն կհրապարակի այդ թեմայի վերաբերյալ, թույլ չի տա, որ անօրինականություն լինի: Այդ խնդրի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազրույց ունեցավ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի հետ: Նա ասաց, որ կատարվող շինարարությունն օրինական է, այդ շինարարության նախագիծը հաստատել է Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության խորհուրդը: Սանթրոսյանը հայտնեց, որ կառուցվող հարկում եւս Թումո կենտրոն է գործելու, քանի որ այդ կենտրոն հաճախել ցանկացող երեխաների թիվը մեծ է, ներկայիս տարածքը չի բավականացնում, այդ նպատակով է շենքին հարկ ավելացվում: Համայնքապետը ժխտեց, թե այդտեղ որեւէ ռեստորան կամ հյուրանոց է լինելու, նաեւ հերքեց, թե նոր հարկի կառուցման նպատակով ամբարձիչ կռունկի աշխատանքը վտանգ է ներկայացնում այդ շենք հաճախող երեխաների կյանքին: Ա. Սանթրոսյանն ասաց, որ շենքը անցյալ դարի 80-ական թվականներին է կառուցվել, գեղեցիկ շենք է, սակայն պատմամշակութային կոթող չէ:
ԵՐԿՈՒ ԹԵԿՆԱԾՈՒ
Հունիսի 9-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Թեկնածուները երկուսն են` Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, 1985թ. ծնված Վահագն Ալավերդյանը եւ այդ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, 1974թ. ծնված Սեւադա Բալասյանը: Վ. Ալավերդյանը ՀՅԴ անդամ է, Ս. Բալասյանը` անկուսակցական, երկուսն էլ թեկնածու են առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ