ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱ՞Ն Է, ԹԵ՞ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկում Վահե Գրիգորյանին։ Վերջինս, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել եւ նախկին ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը։ Իհարկե, Եվրադատարանում Մարտի 1-ի գործերի մեծ մասը նախկին ընդդիմությունը պարտվել է՝ թույլ հիմքերի պատճառով, բայց Վահե Գրիգորյանին շատ շրջանակներ պրոֆեսիոնալ են համարում։ Հատկանշական է փաստը, որ Վ.Գրիգորյանի թեկնածությունը ՀՀ նախագահն առաջադրեց այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությամբ մերժեց նրա հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին՝ հասկացնելով, որ կշարունակի նույն գործելաոճը, մինչեւ ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացվի ԱԺ-ի համար ընդունելի թեկնածու: Պատահական չէ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ ասել էր. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»: Եւ հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց հաջորդ օրը կատարեց իր քայլը՝ ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության համար ընդունելի թեկնածուին՝ Վ. Գրիգորյանին (իսկ որ հենց Վ.Գրիգորյանն է իշխանությունների համար ընդունելի թեկնածու, խոսվել է բացահայտ): Բայց այս իրավիճակում ողջ խնդիրն այն է, որ նախորդ տարի՝ մինչ ԱԺ-ի ցրվելը, նույն Վ. Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվել էր «Ելք» դաշինքի կողմից, սակայն Հանրապետական խմբակցությունը մերժել էր նրա թեկնածությունը։ Եւ հիմա խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ օրենք է խախտվում այս քայլով։ Ինչո՞ւ, որովհետեւ ԱԺ կանոնակարգ օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվում է. «Եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»: Այսինքն՝ նոր թեկնածու պետք է առաջադրվի, այլ ոչ թե ԱԺ-ի կողմից արդեն իսկ մերժված մեկը։ Ըստ պնդումների՝ Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելը հակասում է օրենքին, սակայն իշխանությունը փակում է աչքերը այդ հանգամանքի վրա եւ գերխնդիր է դարձրել Վ. Գրիգորյանին ամեն գնով դատական համակարգ՝ հատկապես Սահմանադրական դատարան ուղարկելը։ Եւ հիմա իշխանությունները պետք է հստակ հիմնավորումներ բերեն, որպեսզի ՍԴ դատավորի ընտրության սահմանադրականությունն ապացուցեն, եւ իշխող խմբակցությունը չդառնա քննադատությունների առարկա՝ կոնկրետ անձին ամեն գնով հովանավորելու համար:

 

 

 

 

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են: Մինչ այս գործով նախաքննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան: Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է, իսկ մեքենան ուղեւորվել է Երեւան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ: Կասկածներ կան, որ ճանապարհին հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեեւ ինքը չի եղել մեքենայի մեջ: Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջեւ դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում: Չի բացառվում` Սեւան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետեւանք է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել:

 

 

 

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է նաեւ Հարկային օրենսգրքի փաթեթը։ Այս օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ աշխատանքները մեկնարկել էին վաղուց, սակայն ամբողջական փաթեթը խորհրդարան է ուղարկվել միայն ապրիլին եւ որոշում կայացվեց արտահերթ նիստով քննարկել փաթեթը։ Այժմ նախագիծն ամբողջական պատրաստ է,ու դրանով առաջարկվում է բանկերի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7 հազարապատիկի չափով: Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով: Նախատեսվում է առաջիկայում կես տոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը: Շուրջ 15 տարի այս ոլորտում որեւէ փոփոխություն չի եղել։ Եվ, ըստ այդմ, առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում միջգերատեսչական պայքար է հասունացել. Ջերմուկ եւ Նոյեմբերյան համայնքների ավագանիները դուրս են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության դեմ: Պատճառը նախորդ տարվա ընթացքում երկու համայնքների ավագանիների կողմից մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին որոշումներն են, որոնք նախարարությունը պահանջում է անվավեր ճանաչել, քանի որ կարծում են՝ ավագանին նման որոշումներ կայացնելու իրավասություն չուներ: «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում քաղաքականություն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Բայց համայնքների ավագանու անդամները շարունակում են պնդել, որ իրենք ճիշտ որոշում են կայացրել, եւ հրաժարվում են անվավեր ճանաչել ընդունած որոշումը: Իսկ այս ամենի արդյունքում նախարարությանը մնում է դիմել դատարան` ընդդեմ ավագանու:

 

 

 

 

ԱՐԱԳԻ ՄԵՋ
Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից տասը օր անց դեռ մեկ հոգի է հրաժարական ներկայացրել: Խոսքը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է: Իսկ դատական համակարգը դեռ դիմադրում է, հատկապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ դատավորները, որոնց հրաժարականի կամ հեռացնելու անհրաժեշտության մասին խոսել էր վարչապետը: Դժվար չէ ենթադրել՝ այդ դիմադրությունը ժամանակավոր բնույթ կկրի, եւ որոշ ժամանակ անց նրանք ստիպված են լինելու հանձնվել (ճիշտ այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում իշխող ՀՀԿ-ական մեծամասնությունը ստիպված եղավ համաձայնել ԱԺ լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը): Ի վերջո, դատական համակարգում արմատական փոփոխությունների պահանջ առաջադրել է ժողովուրդը, եւ ընդհանրապես, այսօր Հայաստանում դժվար է գտնել մարդու, որ կողմ չարտահայտվի նման փոփոխություններին: Պարզապես, այդ փոփոխությունների մասին մարդկանց պատկերացումներն են տարբեր: Այնպես որ, դատական համակարգի վիրահատությունը դեռ առջեւում է:
Մանավանդ, այս հարցում վարչապետ Փաշինյանն ունի միջազգային հանրության աջակցությունը: Պատահական չէ փաստը, որ եվրոպական կողմը շատ արագ արձագանքեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների մասին վարչապետ Փաշինյանի հայատարարությանը: Մայիսի 20-ի խորհրդակցությունից ընդամենը երկու օր անց վարչապետի հետ հեռախոսազրույց ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Տիեբորն Յագլանդը՝ հաստատելով իրենց լիակատար աջակցությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, իսկ, ահա, նախօրեին այդ հեռախոսազրույցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ-ում էր ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Ու ԵԽ պաշտոնյան շեշտել է, որ վերահաստատում են ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին, որ ԵԽ-ն ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության քայլերն ու նշել, որ ժամանել են քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները: Ի դեպ, այս առումով հետաքրքիր էր Փաշինյանի արձագանքը, երբ ընդգծելով ՀՀ-ի` ԵԽ անդամ լինելու փաստը` ԵԽ-ին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում: Սա, ըստ էության, նաեւ բարձրացնում է ԵԽ պատրաստակամություը ՀՀ-ում կատարվող գործընթացներին ներգրավվելու։




Լրահոս