Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՀՀ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: «Առնվազն մեկ տարի է` Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ներգրավված է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրման նպատակով Ազգային ժողովին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածություն առաջարկելու գործընթացում»,- նշված էր հայտարարությունում:
Այնուհետեւ, ըստ հաղորդագրության, «կարեւորելով իրավական համակարգի, այդ թվում` Սահմանադրական դատարանի գործունեության արդյունավետությունը, նկատի ունենալով, որ ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա` հենվելով իր եւ իրավական հանրույթի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՍԴ դատավորի հավանական թեկնածուների հետ վերջին երկու օրերի ընթացքում ունեցած քննարկումների արդյունքների վրա, Հանրապետության նախագահը առաջարկում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ` պարզելու համար, թե այս անգամ ինչ դիրքորոշում ունեն ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները` նախագահի առաջադրած թեկնածուի հետ կապված, որովհետեւ արդեն ՍԴ երկու թեկնածուներին դեմ են քվեարկել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
-Տիկի՛ն Սամսոնյան, ինչ դիրքորոշում ունեք նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին, քանի որ, ըստ տեղեկությունների, ընդդիմությունը դեմ է, քանի որ հակասահմանադրական է համարում նրա թեկնածության առաջադրումը:
-Մենք «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ ենք հայտարարել մեր դիրքորոշումը: Այդ ժամանակ փորձ արվեց հանելու «նոր» բառը, սակայն մեր խմբակցությունը կանխել է դա, ու, հետեւաբար, եթե ներկայացնում են թեկնածու, ապա պետք է լինի նոր թեկնածու, քանի որ Վահե Գրիգորյանն արդեն մեկ անգամ առաջադրվել է, ու խորհրդարանն արդեն մեկ անգամ մերժել է:
-Այսինքն` հստակ է, որ Ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելիս:
-Առաջիկայում դեռ կերեւա, մենք խմբակցությունում դեռեւս չենք քննարկել նախագահի հայտարարությունը: Մի բան պարզ է, որ մենք այն դիրքորոշումը, որը հայտնել ենք, եթե ներկայացվում է, ապա պետք է լինի նոր թեկնածու, այդ դիրքորոշումից հետքայլ չի կարող լինել:
-Բայց, կարելի է ասել, Վահե Գրիգորյանն իշխանությունների համար ընդունելի թեկնածու է: Ըստ Ձեզ` կհաջողվի այդ հետքայլը չանել. գաղտնիք չէ, որ «Իմ քայլը» մեծամասնություն է խորհրդարանում:
-Ես չեմ կարող միաժամանակ պնդել, որ նա իշխանությունների նախընտրելի թեկնածուն է. դա միայն մենք կարող ենք ենթադրել այն հայտարարություններից տարբեր հարթակներում, որ արել են տարբեր մարդիկ, ովքեր այդ կարծիքը հայտնել են: Առաջիկայում կհասկանանք:
-Ըստ Ձեզ` ՀՀ նախագահը տեղյակ չէ՞, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելով` հակասահմանադրական քայլ է անում. ինչո՞ւ է նախագահը նման որոշում կայացրել:
-Ես նախագահի հայտարարությունից հասկացա, որ դա ուղղված էր իշխող ուժին, թե Վահե Գրիգորյանն է ձեր թեկնածուն, եւ ես ստիպված առաջադրում եմ, որովհետեւ իմ առաջադրած նախորդ երկու թեկնածուներին դուք արդեն մերժել եք: Նախագահի հայտարարությունից նախնական տպավորությունը դա եմ ստացել, ենթատեքստը այդպես հասկացա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
-Պարո՛ն Փամբուխչյան, ըստ ընդդիմության` ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն իշխող ուժի նախընտրելի թեկնածուն է. որքանո՞վ է իրատեսական այդ տեղեկությունը:
-«Իմ քայլը» խմբակցությունում Վահե Գրիգորյանի առաջադրման հարցը դեռեւս չի քննարկվել: Սովորաբար թեկնածուները հանդիպումներ են ունենում խմբակցությունների հետ, որից հետո նոր լինում են քննարկումներ, որոշումները կայացվում են այդ ժամանակ: Վահե Գրիգորյանի հետ մենք դեռեւս չենք հանդիպել, ուստի չենք կարող որեւէ դիրքորոշում հայտնել:
-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումն արդեն հակասահմանադրական է, քանի որ մեկ անգամ արդեն խորհրդարանը մերժել է նրա թեկնածությունը:
-Եթե ասում են, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես է, մենք դեռ կհասկանանք. եթե հակասամանադրական լինի, բնական է, որ մենք հակասահմանադրական գործողություններ չենք անելու: Վահե Գրիգորյանին առաջադրել է նախագահը, ու Դուք մի ներկայացրեք այնպես, որ նա արդեն ընտրված է, դա այդպես չի: Մենք դեռեւս քննարկելու ենք, հանդիպելու ենք ու արդեն մեր հարցերը ներկայացնելու ենք, միանշանակ ասել մի բան, որը դեռեւս չկա, սխալ է: Ես անձամբ Վահե Գրիգորյանին չեմ ճանաչում, դիրքորոշում կհայտնեմ այն ժամանակ, երբ կհանդիպենք նրա հետ:
Հ.Գ. Երեկ Վահե Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով. «Եւ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական եւ խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության եւ հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ: Եւ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի եւ նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»:
ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԾԻՔԸ ԽԻՍՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՐ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը, խոսելով խորհրդարանում իրականացվելիք հնարավոր վեթինգի մասին, հայտարարել է, որ կողմ է այդ ամենին, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին: Այնուհետեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորը հիշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու հայտարարել, որ միանշանակ պետք է լինի ազատության մեջ:
Գաղտնիք չէ, որ նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր բոլոր հայտարարություններում խուսափում է խոսել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից, առավել եւս նրա ազատության մեջ գտնվել-չգտնվելու հարցից` պնդելով, որ իրավական հարցերը պետք է իրավական դաշտում լուծվեն: Այս հարցում չեզոքություն են պահպանում նաեւ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորները: Բայց, ահա, Վարդան Ղուկասյանը հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը պետք է անպայման ազատության մեջ գտնվի: Այսինքն՝ ստացվում է, որ ԲՀԿ-ականները ամեն կերպ խուսափում են տեսակետ հայտնել Քոչարյանի մասին, սակայն պարզվում է խմբակցությունում կան պատգամավորներ, որ ընդհանրապես համամիտ չեն իրենց առաջնորդի դիրքորոշման հետ, ավելին` ցանկություն կա նրան ազատության մեջ տեսնելու: Ու, ի դեպ, Վարդան Ղուկասյանը իր հարցազրույցում մի քանի անգամ շեշտում է, որ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնյանի հետ` հասկանալու համար` արդյոք խմբակցությունում իրավիճակ է փոխվել Ռ. Քոչարյանի հետ կապված:
Սակայն, պարզվում է, սա անձնական դիրքորոշում է. «Դա պարոն Ղուկասյանի խիստ անձնական կարծիքն է, իսկ ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի հետ կապված բազմաթիվ անգամներ հնչեցրել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, որ սա բացառապես իրավական հարց է, որն այժմ գտնվում է ՍԴ-ի քննության շրջանակներում: Սա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,-եզրափակեց Իվետա Տոնոյանը:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՄԻԱՍԻՆ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը եւ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը համատեղ նախագիծ են ներկայացրել, որը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ դիվանագետ պետք է նշանակվեն դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժ եւ ՀՀ ԱԳՆ-ում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձինք, իսկ եթե այլ շրջանակից, ապա պայմանով, որ նման նշանակումների արդյունքում այս կատեգորիայի անձանց շրջանակից նշանակվածների ընդհանուր թիվը չի գերազանցում դիվանագիտական ներկայացուցիչների ընդհանուր թվի 15 տոկոսը: Բացի այդ, մեկ այլ հոդվածով ամրագրվում է, որ վարչապետը թեկնածուին նախագահին ներկայացնելուց առաջ կարող է իր առաջարկած անձի թեկնածությունը ներկայացնել ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով: Վերջինս էլ կարող է ներկայացնել թեկնածուի վերաբերյալ խորհրդակցական եզրակացություն։ Այսպես, նրանք նպատակ ունեն մեծացնել խորհրդարանական վերահսկողությունը եւ պրոֆեսիոնալ կադրերի նշանակումը:
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
Մեղրիի նախկին քաղաքապետը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները Մեղրիի նախկին համայնքապետ Արշավիր Հովհաննիսյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ պաշտոնավարման ընթացքում, իր տեղակալ Վանիկ Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու համայնքի օրինական շահերին: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաեւ նախկին քաղաքապետի տեղակալին: Այս գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:
ԱՆՁԱՄԲ Է ՀՍԿՈՒՄ
Գյումրիում փողոցաշինության ծրագիրը հայտնվել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձեռքի տակ։ Նա անձամբ է վերահսկում Գյումրիում փողոցների, եզրաքարերի նորոգման աշխատանքները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վերմիշյանն այդ նպատակով անգամ մի քանի օր անցկացրել է Գյումրիում։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ այդ նորոգման գործընթացը կասեցված է։ Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել: Քաղաքաշինության կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Վահագն Վերմիշյանը Գյումրիում եղել է եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերկանգնվող մի շարք փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու խնդիրներին: