Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում է լինելու նաեւ Հարկային օրենսգրքի փաթեթը։ Այս օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ աշխատանքները մեկնարկել էին վաղուց, սակայն ամբողջական փաթեթը խորհրդարան է ուղարկվել միայն ապրիլին, եւ որոշում կայացվեց արտահերթ նիստով քննարկել փաթեթը։
Հիմա նախագիծն ամբողջական պատրաստ է, եւ այդ նախագիծը հարկային ոլորտում լուրջ փոփոխություններ է ենթադրում։ Մասնավորապես, առաջարկվում է բանկերի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7 հազարապատիկի չափով: Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով: Նախատեսվում է առաջիկայում կես տոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը: Այս նախագծով փոփոխություններ կկատարվի նաեւ գրավատնային ոլորտում։ Շեշտվում է, որ շուրջ 15 տարի այս ոլորտում որեւէ փոփոխություն չի եղել։ Եվ, ըստ այդմ, առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ: Ի դեպ, հիմնական անհամաձայնությունը եղել է հենց այս փոփոխությունների հետ կապված, քանի որ գրավատների եւ փոխանակման կետերի ներկայացուցիչները բազմաթիվ բողոքի ցույցեր են արել, լսումների, քննարկումների մասնակցել։ Եվ վերջնական նախագծում, ամեն դեպքում, բարձր տուրքերը մնացին։
Բացի այդ, նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն բարձրացնել մի շարք ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը եւ գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների գծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:
Մյուս փոփոխությունը կապված է հարկման տարբեր համակարգերի կիրառության հետ, որը, ըստ նախագծի հեղինակների, սխալ է, եւ նրանք առաջարկում են հարկման միասնական համակարգ կիրառել։ Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան` 23, 28 եւ 36 տոկոս դրույքաչափեր:
Հարկային օրենսգրքում մանրամասն ներկայացված են փոփոխությունները եւ դրանք անելու պատճառները։ Օրինակ` փոփոխություններից մեկը վերաբերում է հանրային սննդի ոլորտի հարկման համակարգին։ 2019 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ եւ զուգահեռաբար նախատեսվել է, որ, ինչպես 2019 թվականի հունվարի 1-ին, այնպես էլ 2020 թվականի հունվարի 1-ին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը պետք է բարձրանա: Ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումների եւ քննարկումների արդյունքները նախագծի հեղինակներին ցույց են տվել, որ հարկային բեռի բարձրացումը կարող է խոչընդոտել ոլորտի զարգացմանը եւ նոր ձեռնարկատիրական նախագծերի իրականացմանը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս, 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը եւ հաստատել նոր դրույքաչափեր` հիմնված արդյունավետ դրույքաչափերի հաշվարկային մեծությունների վրա, 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը։
Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն բարձրացվելու է խաղային ոլորտում եւ ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, 20 տոկոսով ավելանալու է խաղային ոլորտում գործունեության բոլոր տեսակների համար (վիճակախաղ, շահումով խաղ, ինտերնետ շահումով խաղ) անհրաժեշտ լիցենզիայի տրամադրման համար սահմանված պետական տուրքը եւ այլն։
Ինչպես հայտնի է, նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, եւ հիմա, ըստ հեղինակների, ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի:
Հաշվի առնելով այս փաթեթի վերաբերյալ վերջին շրջանում թեժ քննարկումները, կարելի է ակնկալել, որ հունիսի 7-ից մեկնարկող արտահերթ նիստերը կրկին թեժ են անցնելու։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՋԱԿԻՑԸ
Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հանդիպել է իր աջակիցների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում է եղել նաեւ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ աշխատել է ՊԵԿ փոխնախագահ, հետո ՀՀ ՊՆ խորհրդական: Այդ միջոցառմանը Վահրամ Բարսեղյանի մասնակցությանն ուշադրություն չէինք դարձնի (ի վերջո, բնական է, որ նա պետք է աջակցի նախկին ղեկավարին), եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. նա նաեւ թավշյա հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել ՀՀ ՊՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Բարսեղյանն այսօր է՞լ է շարունակում պաշտոնավարել: Ա. Հովհաննիսյանը նշեց, թե Վ. Բարսեղյանը նախկինում եղել է այդ հաստիքում նշանակված, սակայն հիմա այլեւս չի աշխատում: Հարցին` մինչեւ երբ է Բարսեղյանը պաշտոնավարել, Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բարսեղյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
ՄԻՊ-Ը ՄՆԱՑ
Երեկ խորհրդարանում շարունակվել են մայիսի 29-ին գումարված հերթական նիստերի աշխատանքները: Այս նստաշրջանն առանձնանում էր ընտրություններով. պատգամավորները բավական երկար ժամանակ ծախսեցին հենց դրա վրա: Օրակարգը բավական հագեցած ստացվեց, եւ հերթական նիստերի աշխատանքները կշարունակվեն արդեն երկուշաբթի, քանի որ դեռ չքննարկված նախագծեր կան: Երեկ կիսատ մնաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հասցրել է մինչ այժմ թեժ քննարկումների առիթ դառնալ: Բացի այդ, այս նստաշրջանի օրակարգում է Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը՝ 2018 թվականի գործունեության մասին: Ընդ որում, այս նախագիծը պետք է ընդգրկվեր դեռեւս նախորդ նիստերում, սակայն օրակարգի հագեցած լինելու պատճառով քննարկումը հետաձգվեց: Ենթադրվում է՝ այս նիստերին եւս հերթը դեռ դրան չի հասել:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՀԱՆԵՑԻՆ
Ինչպես հիշում եք, 2019 թ. մարտին Մեղրիի զորամասերից մեկից զինծառայողներն ինքնակամ լքել էին զորամասը` այդպիսով հայտնելով իրենց բողոքը, այնուհետեւ երթ արել` իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին: Դրանից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում 5 զինծառայողների, նաեւ զորամասի հրամանատար, գնդապետ Ռ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել` նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Ի դեպ, նրան առաջարկել են այլ ցածր պաշտոն, բայց նա դեռեւս չի համաձայնել, եւ դեռ հարց է` կհամաձայնի, թե ոչ:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԹԵՄԱ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը աջակցում է կարգավորմանը եւ անում է դա, կարծում եմ, մաքսիմալ ջանքերով: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան` ոչ: Ամեն դեպքում, ռուսաստանյան արտաքին քաղաքականության համար ղարաբաղյան կարգավորումը հանդիսանում է առաջնահերթ թեմաներից մեկը»,- ասել է Մ. Զախարովան: Նրա խոսքով` Մոսկվան, անշուշտ, հասկանում է, որ առաջնահերթ դերակատարումը կարգավորման գործընթացում երկու պետություններինն է` Հայաստանինն ու Ադրբեջանինը:
ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) հայտարարել է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը: Երեկ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եթե մեկշաբաթյա ժամկետում Խաչատուրյանը չվերցնի դիմումը, ապա նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը: Նշենք, որ ԱԺ-ում պատգամավորական մանդատը վայր դրած Նարինե Խաչատուրյանին (Թուխիկյան) կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակից Արթուր Հովհաննիսյանը:
«ԲԱՐԳԱՎԱՃ»-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունիսի 11-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Իրացման գոտիներ` առկա խնդիրներ եւ հնարավոր լուծումներ» խորագրով: Լսումների նպատակն է բազմակողմանի քննարկման առարկա դարձնել Երեւան քաղաքի իրացված եւ հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչների` տարիների ընթացքում լուծում չստացած խնդիրները:
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է
Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված` վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների եւ վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս ամիս երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված օրենսդրական փոփոխություններով` 5 նախարարություն կրճատվելու է` նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը:
ԴՐԱԿԱՆ
«Ես անձամբ շատ դրական եմ վերաբերվում Արայիկ Հարությունյանին. մենք բազմիցս ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ»,- այս մասին ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնող, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը փորձում է սիրաշահել ՀՀ իշխանություններին, որ Արցախում ճանապարհ հարթի ու դառնա նախագահ: «Կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը եւ ընթացող ժողովրդավարական գործընթացներն այլընտրանք չունեն եւ միմիայն լավ ու աննախադեպ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի եւ Արցախի համար»,- ասել է Ա. Միրզոյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների համագործակցությանը, նա նշել է. «Ովքեր էլ լինեն իշխանության Հայաստանում եւ Արցախում, նրանք դատապարտված են ամենասերտ համագործակցության` հանուն մեր ազգի բարօրության»: