ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԴԻՄԱՑՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՏԱԽՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության համակարգում արմատական բարեփոխումներ անցկացնելու, «վեթթինգի» եւ անցումային արդարադատության մեկնարկի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտնի ելույթը մի շարք քաղաքական շրջանակների համար պատեհ առիթ դարձավ իրենց գոյության մասին հիշեցնելու: Թե ինչքանով էր վարչապետի հայտարարությունը հասունացած, անհրաժեշտ կամ գուցե ուշացած, չգնահատենք, փաստենք, սակայն, որ վերջին շրջանի մի շարք քաղաքական եւ քաղաքական հստակ երանգավորում ունեցող իրավական անցուդարձեր առավել ակներեւ դարձրին ամբողջ արդարադատության համակարգի վերակառուցման եւ «ռեստարտի» հրատապությունը:

Բնականաբար, անցումային արդարադատությունը, վեթթինգը եւ հանրության առողջացման նմանօրինակ այլ գործիքակազմերի ու համակարգերի անցումը խորը մտահոգություններ է առաջացրել «նախկինների» ճամբարներում: Զարմանալի չէր, որ անցումային արդարադատության վերաբերյալ վարչապետի հենց առաջին իսկ հիշատակումից հետո ՀՀԿ-ական եւ ներկա իշխանության նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող մի շարք շրջանակների կողմից ակտիվ հակաքարոզչություն սկսվեց հենց «անցումային արդարադատություն» գործիքակազմի նկատմամբ:
Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ վերոհիշյալ շրջանակները «անցումային արդարադատությունը» սկսեցին համեմատել «տրոյկաների», «վրեժխնդրության մահակի», «սահմանադրական կարգ տապալելու գործիքի» եւ այսօրինակ երեւույթների հետ: Ըստ ընդդիմադիրների մեկ այլ գնահատականի՝ անցումային արդարադատությունը կիրառվում է աֆրիկյան երկրներում, որտեղ միջցեղային բախումներ, կոտորածներ են եղել, եւ այն երկրներում, որտեղ արդարադատության համակարգը ջլատված է եւ անկարող արդարադատություն իրականացնելու: Թե ինչու են մոռացել կամ գուցե եւ տեղյակ էլ չեն եվրոպական մի շարք երկրներում (Իսպանիա, Լեհաստան, Բուլղարիա եւ այլն) այս գործիքակազմի կիրառման մասին, այլ հարց է: Փաստը, սակայն, այն էր, որ այսօրինակ հիմնավորումը բերում են կրկին անգամ նշելու համար, որ անցումային արդարադատությունը «վտանգավոր վիրահատական գործիք է եւ կարող է դառնալ վրեժխնդրության միջոց»:
Շեշտենք՝ նման մոտեցմամբ անցումային արդարադատության հնարավոր կիրառումից մտահոգված «նախկինները» հենց այստեղ էլ ի ցույց են դնում իրենց անտեղյակությունը բուն գործիքակազմից: Թերեւս սույն դիտարկման սահմաններում նպատակահարմար չէ եւ հնարավոր էլ չէ ամբողջության ներկայացնել անցումային արդարադատության ամբողջական բովանդակությունն ու էությունը, հավելենք միայն այն, որ այս գործընթացի առանցքը ոչ թե պատիժն է, այլ հանրային համերաշխությունը եւ նաեւ սրա միջոցով պատժի բացառումը: Սա սկզբունքային ելակետ է, որն ինքնին բացառում է գործիքակազմի կիրառումը որպես «մահակ» կամ «վրեժխնդրություն»: Վերջապես հենց «անցումային արդարդատություն» արտահայտությունը կազմված է «անցում» եւ «արդարադատություն» բառերից, որոնցից առաջինը խորհրդանշում է նորի սկիզբը, փոփոխությունը, շարժումը, իսկ երկրորդը՝ իրավունքի գերակայությունը:
Բոլորովին այլ հարց է, որ ներկայիս իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքավորում ունեցող շրջանակների, այդ թվում` ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ ՀՀԿ-ի համար անցումային արդարադատությունը, ինչպես ցանկացած այլ նախաձեռնություն, պարզապես առիթ է հակաքարոզչության համար: Հենց այստեղ է, որ ակնհայտ է դառնում այսօրինակ շրջանակների մտահոգությունների կեղծությունը: Ի վերջո, եթե որեւէ մեկը Հայաստանում իսկապես ցանկանում է ունենալ առողջ, անկախ եւ վստահելի դատական իշխանություն, ապա պարզապես չի կարող չնկատել վերջինիս արատավորության ամբողջ ծավալը: Այստեղ է, որ ինչքան էլ սույն օղակները ատամները սեղմած ողջունում են անցած տարվա ապրիլ-մայիս ամիսների ժողովրդական շարժումն ու հեղափոխությունը, սակայն չեն կարողանում թաքցնել իրենց կարոտախտը առ իշխանական ու կոալիցիոն անցյալը եւ իրենց ատելությունը ամենայն նորի հանդեպ: Եթե իսկապես էլ քաղաքական ուժը, գործիչը, ընդունում է հեղափոխությունը, ողջունում է այն, պարզապես չի կարող պահանջել, որպեսզի ամեն ինչ մնա նույնը: Սա ինքնին հակատրամաբանական է, քանի որ հեղափոխությունը հենց արմատական փոփոխության մեկնարկ է, ոչ թե կոնսերվացիայի գործընթաց: Այլ կերպ ասած, հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք շրջանակներ՝ անգամ հեղափոխությունը ողջունող, դեռեւս չեն հասկացել, թե իրականում ինչու եւ ինչ է կատարվել Հայաստանում մեկ տարի առաջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Կառավարությունը շաբաթներ առաջ հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Կառավարության նիստում հաստատված վարորդական բալային համակարգը մի քանի խնդիր է լուծելու՝ երթեւեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթեւացում»,- այս մասին ասել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Բալային համակարգը, իհարկե, մի շարք կարեւորագույն խնդիրներ կլուծի, բայց, ըստ էության, կան մի քանի հարցեր, որոնք վերահսկելի չեն: «Ժողովուրդ» օրաթերթը սրա հետ կապված մի քանի հարց է ուղղել Արմեն Խաչատրյանին:
-Պարո՛ն Խաչատրյան, եթե մեքենան պատկանում է իքս մարդու, նա չունի վարորդական իրավունք, եւ խախտման պահին մեքենայում եղել է այլ մարդ, ապա ումի՞ց է բալ պակասելու:
-Եթե անձը չունի վարորդական իրավունք, հետեւաբար նա չունի նաեւ միավորներ, եւ ինչ-որ մի բան նվազեցնելը հնարավոր չէ: Սակայն, իհարկե, այս փոփոխություններով նախատեսվել է նաեւ այս խնդրին վերաբերող կարգավորումներ, եւ հետեւյալ կերպ է արվում: Եթե տրանսպորտային միջոցը վարում է այլ անձ, որը սեփականատերը չէ, իհարկե, սկզբնական վարչական ակտերը գնում են սեփականատիրոջ հասցեով, բայց նա հնարավորություն է ունենալու նույնիսկ համացանցով իր տանը հեռախոսից տեղեկությունը ներկայացնել ՃՈ մեքենա վարող անձի վերաբերյալ, եւ վարչական ակտը արդեն փոխվում է վարողի անունով:
-Իսկ եթե սեփականատերը չասի ճիշտը, վերահսկողությունը այս մասով ինչպե՞ս է իրականացվելու:
-Սեփականատիրոջ միավորներն են պակասելու այդ դեպքում: Եթե մարդը համաձայն է` ինքը տուժի վարողի փոխարեն, ուրեմն ոչինչ չկա ասելու: Չեմ կարծում, որ դա խելամիտ է: Իսկ եթե սեփականատերը չունի վարորդական իրավունք, երեք վարչական ակտ եթե լինում է, տրանսպորտային միջոցի հետախուզում է հայտարարվում, եւ դրանից հետո պարզաբանվում է` վարորդն ով է, եւ այդտեղ վարորդը ստիպված է լինում դիմում ներկայացնել, որ ինքն է վարում: Իհարկե, կատարյալ, որ բոլոր հնարավորությունները սահմանափակվի, բացառվում է. ինչ օրենսդրական նախաձեռնություն էլ ուզում է լինի: Այսօր էլ դա կա, դա գործում է, կան հարուցված քրեական գործեր, որ քաղաքացիները այլ տեղեկություններ են հայտնել: Այս նախաձեռնությունից հետո դրա հավանականությունը հասցվում է մինիմումի: Կապված հետեւանքներից` պատասխատավությունը կարող է լինել տարբեր` մինչեւ քրեական պատասխանատվություն, եթե դա արվել է ինչ-որ չափի քրեական օրենսգրքով նախատեսված, պետությունը դրանով վնաս է կրել, կամ ինչ-որ հիմնարկներ վնաս են կրել, այստեղ արդեն քրեական պատասխանատվության մասին է խոսք գնալու: Եթե քրեական ոչինչ չկա, վարչական պատասխանատվություն է լինելու` պետական մարմնին կեղծ տեղեկություն հայտնելու համար:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏՆՎԵՑ ՋԱՐԴՎԱԾ ԳՐԱՏԱԽՏԱԿԻ ԱՌԱՋ

Վերջին շրջանում համացանցում հաճախ հանդիպում ենք օնլայն մրցույթ-քվեարկությունների, որոնց մասնակցում են տարբեր մարզերի բազմաթիվ դպրոցներ: Մրցույթը հաղթահարած երեք դպրոցները ֆինանսավորվում են եւ այդ գումարով ձեռք բերում սմարթ գրատախտակներ, վերանորոգում դպրոցի դահլիճները: Մրցույթները կազմակերպվում են Varks.am կազամկերպության Բարի գործեր ծրագրի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցույթի հետ կապված անխորժություններ են առաջացել Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում: Դպրոցի տնօրեն Լիլիա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք մասնակցել են տվյալ մրցույթին, զբաղեցրել երկրորդ տեղը, հետո Varks.am-ից իրենց ասել են, որ մրցույթի արդյունքները չեղյալ է համարվում, սակայն չեն նշել` ինչ պատճառով, եւ չեն մանրամասնել` կոնկրետ ինչ խնդիր է եղել` դպրոցի հետ կապված:
«Մենք որոշեցինք մասնակցել մրցույթին, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր էր էլեկտրոնային գրատախտակ ունենալը: Մեր նախագիծը սմարթ դասարան ստեծելն էր: Եւ ամեն օր` ժամը առավոտյան 9-ից սկսած մինչեւ երեկոյան ժամը 10-ը, իմ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, բարեկամները հեռախոսահամարներ էին ուղարկում, որպեսզի մենք քվեարկենք: Գնացել ենք Տաշիր, Վանաձոր, Գյումրի ենք գնացել, փողոցում մոտենում էինք մարդկանց, խնդրում էինք քվեարկել: Ճանապարհածախս ենք տվել, հետո էնտեղ երեխաներին բնականաբար կերակրել ենք, այդքան ինտերնետ ենք ակտիվացրել: Դպրոցի հեռախոսից այդ մի ամսվա մեջ միայն 90.000 դրամի խոսել են երեխաները, զանգել տարբեր մարդկանց, խնդրել, որ քվեարկեն: Էնպես չի, որ մենք տանը նստած հակերություն ենք արել, եւ դա հնարավոր էլ չէր: Ապրիլի 30-ը վերջին օրն էր, մենք էլի խմբեր էինք ուղարկել տարբեր քաղաքներ, որ խնդրեն մարդկանց քվեարկել: Ժամը 12-ին ավարտվեց քվեարկությունը, մենք տեսանք, որ երկրորդն ենք, տոնեցինք մեր հաղթանակը եւ սպասում էինք, որ մեզ հաղորդագրություն գա մանրամասների մասին: Մի քանի օր հետո իրենց ֆեյսբուքյան էջում հայտնվեց գրառում, որ քվեարկությունը խախտումներով է եղել, եւ հաղթող են ճանաչվում ամենաքիչ հավաքած երեք նախագծերը: Մենք զանգեցինք, գրեցինք` հարցնելով, թե որն է խախտումը, գոնե մեզ բացատրեք` ինչ ենք արել, եւ մեզ չարձագանքեցին: Ո՛չ ներողություն խնդրեցին, ո՛չ պատճառները ներկայացրին»,- պատմեց դպրոցի տնօրենը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Varks.am կազամակերպությունից: «Բարի գործեր» ֆեյսբուքյան էջը մեզ ուղարկեց քվեարկության կանոնները եւ իրենց պաշտոնական հրապարակումը, որում նշված էր.
«Ցավալի է հերթական անգամ արձանագրել, որ անգամ բարեգործական նախագծին մասնակցելը որոշ անձանց հետ չի պահում զարտուղի ճանապարհներով գնալուց։ Ապրիլ ամսվա քվեարկության ողջ ընթացքում բազմաթիվ փորձեր են կատարվել օգտագործել «Բարի գործեր» նախագծի անունն ու համբավը, չարաշահել մարկանց վստահությունը՝ ապահովելով որոշ նախագծերի համար հաղթանակ։ Արդյունքում, բազմաթիվ անհատների կողմից ստացվել են բողոքներ, եւ տեղի է ունեցել քվեարկած ձայների մանրակրկիտ ուսումնասիրություն։ Բացահայտվել է, որ հերթական անգամ փորձ է կատարվել անձնական շահերը վեր դասել հասարակության շահերից՝ խաթարելով անաչառ քվեարկությունը, եւ խախտվել է մյուս մասնակիցների բարեխիղճ եւ արդար քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց,թե կոնկրետ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի մասով ինչ կեղծիքներ են տեղի ունեցել, պատասախնեցին. «Եւս մեկ անգամ նշում ենք, որ մենք արդեն հայտնել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ




Լրահոս