Այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ, «Երևանի պատվավոր քաղաքացի», բժշկուհի Սառա Եսայանի տարեդարձն է: Սառա Եսայանի և նրա ամուսնու՝ Կառլեն Եսայանի անունները վերջին տասնամյակում ասոցացվում են ոչ միայն բժշկական աշխարհի և այնտեղ տեղի ունեցող գործընթացների, այլ նաև հսկայածավալ բարեգործական նախաձեռնությունների հետ, որոնք իրականացվել ու այսօր էլ շարունակվում են Արցախում, Երևանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում:
Տիկին Եսայանն սակավախոս է, չի սիրում բարձրաձայնել իր ընտանիքի կողմից իրականացվող բարեգործությունների մասին, բայց ամեն անգամ հերթական նախաձեռնության ավարտի ազդարարումից այնպես է հուզվում կարծես տեղի ունեցողն ամնենևին էլ չի առնչվում իր անձին: Ազնիվ ու բարի այս տիկնոջ հետ ամեն հանդիպումից նորից հասկանում ես, որ մարդկությունն այս տեսակով է ապահովում շարունակություն:
ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո` 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ` որպես բժիշկ-ռևմատոլոգ:
Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ` տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր տեղն է գտել Եսայանի կենսագրությունում:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
• 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,
• 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով,
• 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով»,
• 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով,
• 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով,
• 2010 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր,
• 2012 թ. Երկրապահ կամավորական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը,
• 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով,
• 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ,
• 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,
• 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,
• 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով,
• ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով,
• 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով,
• 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»:
Կառլեն և Սառա Եսայաններ ամուսինների բարեգործական նախաձեռնությունների հսկայածավալ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավելենք նաև, որ տիկնոջ ու նրա անուսնու ջանքերով է վերաբացվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան՝ զինված նոր ու ժամանակակից սարքավորումներով: Կառլեն Եսայանը շուրջ 40 տարի աշխատել է Երևանի 8-րդ բուժմիավորումում, որն հիմա արդեն իր անունն է կրում: Եսայանների ընտանիքը 500 միլիոն դրամ ծախսեց պոլիկլինիկայի հիմնանորոգման ու կահավորման վրա: