Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք վերջին շրջանում արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում: Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից:
Խստորեն դատապարտում ենք մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ: Այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: