Արցախի ՀՅԴ-ն նախագահի 4 թեկնածու ունի. խմբակցության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Արցախի Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարանականներն այս օրերին զբաղված են տարբեր կուսակցությունների հետ հանպիպումներով: Բանն այն է, որ ՀՅԴ-ականներն արդեն որոշել են, որ մասնակցելու են ապրիլին նախատեսված ԼՂՀ խորհրդարանական եւ նախագահի ընտրություններին ու փորձում են հասկանալ, թե ով ինչ ձեւաչափով է նպատակադրվել մասնակցել համապետական ընտրություններին: ՀՅԴ-ականներին եւս անհանգստացնում են Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմակիցների ստորագրահավաքն ու դրանից բխող հետեւանքները, ինչի համար էլ վերջիններս փորձում են հասկանալ սպասվելիք իրադարձությունները:

ՀՅԴ-ականներին անհանգստացնում է այն լարված իրավիճակը, որն այս օրերին առկա է Արցախում: ԼՂՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Արցախի ՀՅԴ-ականները նպատակ ունեն հանդիպել նաեւ անձամբ Սամվել Բաբայանի հետ` հասկանալու համար նրա պահանջը, ու ամեն ինչ անել երկկողմանի կրքերը հանդարտեցնելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ` պարզելու, թե ինչ փուլում է գտնվում նրանց հանդիպումների պրոցեսը:

-Պարո՛ն Սարգսյան, ՀՅԴ-ն արդյոք որոշե՞լ է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին:

-Հաստատ մասնակցելու ենք ընտրություններին, դեռեւս պաշտոնապես որոշում չկա, թե երբ է լինելու ընտրությունները, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք: Եթե քաղաքական կուսակցություն ենք, ուրեմն մասնակցելու ենք: Մենք հաստատ լինելու ենք հաջորդ խորհրդարանում, ուղղակի արդեն ընտրություններից հետո կորոշվի, թե քանի տոկոս ենք լինելու ԱԺ-ում: Բնականաբար դեռ շատ ամիսներ կա, չենք կարող այս պահին սոցիոլոգիական վերլուծություններ անել:

-Բայց արդյոք արցախցին ցանկանո՞ւմ է Ձեզ տեսնել հաջորդ խորհրդարանում, ժողովրդի տրամադրվածությունը ՀՅԴ-ի նկատմամբ արդեն պարզե՞լ եք:

-Ինձ թվում է` նորմալ են տրամադրված: Ես կարծում եմ, որ մեզ նորմալ են ընդունում:

-Իսկ որոշում կա՞ նախագահական ընտրությունների մասով, արդյոք թեկնածու ունենալո՞ւ է ՀՅԴ-ն:

-Մենք փորձում ենք համաձայնեցված ձեւով նախագահ առաջադրել. եթե տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր միավորվեն, ապա կփորձենք կոալիցիոն: Ոչ թե միասնական թեկնածու, այլ համաձայնեցված, ու ՀՅԴ-ն իր թեկնածությունն է կազմել ու կառաջադրի միասնական պլատֆորմում, կտեսնենք` այդ ամենի շուրջ ինչ համախմբում է լինելու: Եթե նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կուսակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրվելու է «Դաշնակցության» կողմից: Մենք մոտավորապես 4 թեկնածու ունենք, բայց դեռ չենք կենտրոնացել որեւէ մեկ թեկնածուի վրա:

– Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից տարվող ստորագրահավաքների մասով լարվածություն կա: Ըստ մեր տեղեկությունների` Արցախի ՀՅԴ-ն հանդիպումներ է նախաձեռնել` պարզելու համար, թե ինչ լուծում կարելի է գտնել այդ մթնոլորտը հարթելու համար: Ի՞նչ ելք է գտել ՀՅԴ-ն` այդ հարցի հետ կապված:

-Դեռ որոշում չկա, դեռ պետք է այդ ստորագրահավաքները մտնի խորհրդարան, այդ օրենքի նախագիծը դեռ չի մտել ԱԺ, իսկ եթե այն մտնի խորհրդարան, բնական է` ՀՅԴ-ն կներկայացնի դիրքորոշումը, բայց կան տարբեր կարծիքներ, որոնք տարբեր անձանց կողմից հնչեցվել է, իսկ մեր հիմնական նպատակն այն է` ցանկացած օրենքի նախագիծ համապատասխանի Սահմանադրությանը եւ իրավական առումով ճիշտ կլինի: Իսկ ռեալ կլինի պատասխանել, երբ որ նախագիծը կմտնի Ազգային Ժողով:

-Կարծես թե շատ մարտական են տրամադրված Սամվել Բաբայանի թիմակիցները, քանի որ վերջիններս նպատակ ունեն փակել միջպետական ճանապարհները, եթե իրենց ցանկալի արդյունքը չլինի: Ըստ ՀՅԴ-ի` ինչպե՞ս պետք է հարթել այդ լարվածությունը: Ըստ մեր տեղեկությունների` ՀՅԴ-ն փորձում է տարբեր քաղաքական կուսակցությունների հետ ճիշտ ճանապարհ գտնել հարցին լուծում տալու համար:

-Մենք այդ ճանապարհ փակելու լուրերը լսում ենք, բայց դրա հիման վրա չի կարելի կարծիքներ հայտնել. կլինեն գործողություններ, ու կլինի նաեւ մեր վերաբերմունքը: Լարվածությունը տեսնում ենք ու փորձում ենք հաղթահարել, դրա համար «Դաշնակցությունը» պատահական չէ, որ փորձում է քաղաքական կուսակցությունների հետ հանդիպել, քննարկել: Պատահական չեն այդ հանդիպումները: Ամեն ինչ անում ենք, որ, ինչքան հնարավոր է, իրավիճակը չլարվի: Դեռ ամիսներ կան ընտրությունների համար, ու մենք ամեն ինչ անում ենք` հարթելու իրավիճակը: Պետք է այնպես անել, որ ժողովուրդը մասնակցի արդար, թափանցիկ ընտրությունների. մենք պայքարում ենք դրա համար:

-Իսկ Սամվել Բաբայանի հետ հանդիպե՞լ եք, փորձե՞լ եք իրենից հասկանալ` ինչ նպատակներ ունեն:

-Քանի որ կենտրոնական կոմիտեն է հանդիպումներ ունենում, ես որեւէ բան չեմ կարող ասել, պետք է իրենցից ճշտեք. ես այդ պրոցեսի մեջ չեմ:

-Ըստ Բակո Սահակյանի թիմակիցների` Բակո Սահակյանի իշխանությունը պետք է օր առաջ հրաժարական ներկայացնի եւ հեռանա. Դուք կո՞ղմ եք այդ ամենին:

-Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ ինքը նորից չի առաջադրվելու, եւ մի քանի ամիս հետո լինելու է ընտրությունը: Էդ ի՞նչ է եղել, որ մի քանի ամսվա համար պետք է հրաժարական ներկայացվի, ժողովուրդն էլ հանգիստ գնա, մասնակցի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս