Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։
Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։
Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։ Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։
Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը։ Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։ Խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։