ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակի լարում` տևական դադարից հետո. ինչ վիճակում են գտնվում վիրավոր զինվորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական հրադադարից հետո Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում կրկին իրավիճակը սրվել է, ադրբեջանական զինուժը ոտնձգությունների է դիմել Հայաստանի սահմանին: Նկատենք, որ խոսքը ոչ թե Արցախ-Ադրբեջան, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածին է վերաբերում: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են գտնվում վիրավորները:

Եւ այսպես, հուլիսի 28-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Բուլղադարյանը մահացել է: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ Արման Բուլղադրայանը Վանաձորի բնակիչ էր, նրա 24-ամյակը հուլիսի 11-ին էր լրացել:

Հուլիսի 28-ին` ժամը 23․10-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ դիրքերից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել պայմանագրային զինծառառող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ 1986թ․ ծնված Վլադիմիր Օսիպյանը: Նոյեմբերյանի ԲԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ նա ձախ արմնկային շրջանում հրազենային վիրավորում է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հուլիսի 29-ին`օրվա ընթացքում, Վ. Օսիպյանը ավտոմեքենայով կտեղափոխովի Երեւան` զինվորական հոսպիտալ:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ հուլիսի 28-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի հարեւանությամբ գտնվող հայկական պաշտպանական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական գնդակների մի մասը կարող էին ընկած լինել հայկական պաշտպանական դիրքերից ոչ հեռու գտնվող միջպետական ավտոճանապարհին:

Այդ պատճառով հուլիսի 28-ին` ժամը 22:30-ից, մոտ կես ժամ միջպետական այդ ճանապարհը երթեւեկության համար փակ է եղել, այդ ընթացքում ավտոմեքենաների երթեւեկը կատարվել է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, ադրբեջանական գնդակոծությունից համեմատաբար անվտանգ ավտոճանապարհով:

Նշենք, որ հուլիսի 27-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանապահ դիրքերում կրծքավանդակի աջ կեսում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 1992թ․ ծնված Վազգեն Ուլուխանյանը: Նրա վիճակը կայուն է. վիրավորը ռեանոմոբիլով Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան եւ բուժվում է զինհոսիպտալում:
Մեզ մնում է առողջություն մաղթել հայ սահմանապահներին:

Մանրամասները` տեսանյութում

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս