ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ կեղծ թղթադրամներ պատրաստելու գործով. ովքեր են կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` կեղծ թղթադրամների պատրաստմամբ զբաղվող խմբի բացահայտման մասին: 8 ամիս անց այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 7 անձ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները, օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ: Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել. հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար: Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, որոնց եւ ձերբակալել են:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 8 ամիս առաջ գրել էր, որ գործով ձերբակալված անձանցից մեկը պարտքեր է ունեցել, եւ պարտքատերերը առեւանգել են եւ պահանջել վերադարձնել իրենց գումարները: Բայց տեղի է ունեցել անկանխատեսելին. առեւանգված անձին պարտքատերերից փրկել է Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, որի նկատմամբ քրեական գործ կա հարուցված, եւ իրավապահները չեն կարողանում տեղափոխել Հայաստան: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել Արթուր Խանյանը, Հայկ Մուրադյանը, Խաչատուր Կուռոյանը, Մհեր Գեւորգյանը, Սարգիս Դավթյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել, որ կեղծ փողեր պատրաստելու եւ դրանք իրացնելու համար նախապես միավորվել են, ձեռնամուխ են եղել նախանշված հանցավոր մտահղացման իրականացմանը:

Իսկ, ահա, Հայկազ Անտոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով իր ծանոթ, իրացման նպատակով կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի անդամներ Խաչատուր Կուռոյանի կողմից նշված հանցագործությամբ զբաղմելու մասին, վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել իրացման նպատակով կեղծ տարադրամ, մասնավորապես` ԱՄՆ դոլար ձեռք բերելու վերաբերյալ:

Գործով 4 անձ կալանավորված է, իսկ, ահա, երկու հոգու նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս