«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Դատական օրենսգրքում», որով հնարավորություն կընձեռվի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքում։ Եվ բնականաբար, այս իրավիճակում այդպիսի լիազորություն է ունենալու Բարձրագույն դատական խորհուրդը։
Նման փոփոխություն անելու կարեւորությունը նաեւ ակնառու դարձավ վերջերս, երբ հուլիսի 25-ին ՄԻԵԴ վճռով Հայաստանը պարտավորվել է եռամսյա ժամկետում 83-ամյա Յուրի Վարդանյանին փոխհատուցել 1 մլն 608 հազար եվրո։ Եվ եզրակացությունում նշված էր, թե Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել։ Եվ չնայած դրան, այս հարցի վերաբերյալ քննություն իրականացնելու լիազորություն այժմ առկա չէ, եւ դրա բացը եւս Դատական օրենսգրքինն է։
Բանն այն է, որ նախկին Դատական օրենսգիրքը թույլ էր տալիս եւ նախատեսում էր ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում դատավորին պատասխանատվության ենթարկել։ Սակայն այժմ գործող Դատական օրենսգիրքը այդ հնարավորությունը չի ընձեռում, եւ ավելին՝ օրենսգրքում ասվում է՝ եթե դատական վարույթից եւ դատական ակտի կայացումից անցել է հինգ տարի ժամկետ, ապա կարգապահական վարույթ չի կարող հարուցվել։ Եվ ինչ-որ մի տեղ հենց այդ հանգամանքն էր պատճառը, որ նախկինում դատավորներն արարքներ են թույլ տվել եւ չեն վախեցել պատասխանատվությունից, քանի որ դրա համար ժամկետ էր նախատեսված»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում