Հարգելի քաղաքացիներ
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված կարգով չեն ստուգաչափվել, հետևաբար՝ դրանց տվյալները կարող են լինել ոչ ճշգրիտ, ինչն էլ կարող է հանգեցնել սխալ ախտորոշման՝ վտանգելով Ձեր կյանքը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից նշված առողջարաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կողմից չի պահպանվել «Չափումների միասնականության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ «Չափման միջոցների ստուգաչափումը», 1-ին մասի՝ «1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման» և 2-րդ մասի՝ «2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման» պահանջները:
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր: Կարգադրագրերի կատարման և խախտումների վերացման՝ վերոնշյալ չափիչ սարքավորումների ստուգաչափման մասին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի:
Հետևեք Ձեր առողջությանը և եղեք հանրային վերահսկող: