ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼԳԲՏ համայնքը կարող է օգտվել նոր նախագծից. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծերը: Հետաքրքիր է, որ այն շրջանառության մեջ է դրվել հուլիսի 15-ին, եւ հանրային քննարկման համար սահմանված ժամկետն ավարտվում է այսօր, եւ արդեն իսկ առկա են 57 դեմ, 43 կողմ ձայներ:

Նախ նկատենք, որ այս երկու նախագծերը ներկայացված են միասին, որոնք պետք է լրացնեն միմյանց, եւ հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

Այն ներկայացվում է որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագիծ: Միեւնույն ժամանակ ընդդիմախոսները նկատում են, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը միտում ունի նաեւ պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը, եթե նրանք այս կամ այն հարցի պարագայում կարող են խտրականության ենթարկվել: Այլ կերպ ասած, փորձ է արվում ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքի տակ «սղղացնել» այլ կարգավորումներ եւս եւ մեծ քննադատության արժանացած «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել այս օրենքի հոդվածներով:

Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը սահմանում է. «Խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների եւ ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական, կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։

Եվ արդյոք այս օրենքը իրավական դաշտում որոշակի արտոնություններ կտա՞ նաեւ սեռական փոքրամասնության խմբերին, այսինքն` ԼԳԲՏ համայնքներին: Օրինակ, կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ աշխատանքի չեն ընդունում համասեռամոլի, եւ վերջինս այս օրենքի հիման վրա կարող է դատի տալ նրան՝ բողոքարկել որոշումը: Իսկ օրենքի ընդունումից հետո այլ իրավիճակ է լինելու. կարող են ասել` խտրականություն են ցույց տվել եւ աշխատանքի չեն ընդունել: Սա, իհարկե, հոդվածի խորքային մեկնաբանություն է, սակայն, բնականաբար, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կարող են օգտվել օրենքի կարգավորումներից: Նախագծում հստակ մատնանշված է, որ այս օրենքը նպատակ ունի ապահովել յուրաքանչյուր անձի եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ առանց խտրականության:

«Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկանում է, որ դրա ապահովման համար պետք է այդ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, ձեւավորել Իրավահավասարության խորհուրդը եւ հրավիրել դրա առաջին նիստը: Ընդ որում, դա պետք է անի մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ Իրավահավասարության խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին է, որի նպատակն է աջակցել մարդու իրավունքների պաշտպանին անձանց իրավահավասարության եւ խտրականության բոլոր դրսեւորումներից պաշտպանության ապահովման հարցում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ խորհուրդը պետք է կազմված լինի 7 անդամներից, որոնք մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակվում են 3 տարի ժամկետով, մեկ անգամ վերանշանակման իրավունքով եւ գործում են հասարակական հիմունքներով: Իսկ մարդու իրավունքների պաշտպանն էլ խորհրդի անդամներին ընտրում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանցից եւ գիտնականներից եւ ամիսն առնվազն մեկ անգամ պետք է նիստ հրավիրի:

Ամրագրելով խտրականության համընդհանուր արգելքը՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է խտրականության հասկացությունը եւ տեսակները, ինչպիսիք են ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, հետապնդումը եւ սեգրեգացիան: Անկյունաքարային նշանակություն ունի Նախագծով խտրականության վերաբերյալ բողոքների քննության համար ապացուցման բեռի բաշխումը:

Եվ նախագծի վերջում հեղինակները ընդգծել են, որ երկու նախագծերն էլ օրգանական կապի մեջ են միմյանց հետ, եւ այդ պատճառով էլ նպատակահարմար է դրանք ներկայացնել մեկ փաթեթով: Հավելենք, որ նախագծի շուրջ իրենց տեսակետն են արտահայտել «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության անդամները եւ նշել, որ հաշվի չեն առնվել մինչ այժմ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը իրենց մոտ դժգոհություն է առաջացրել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիրքորոշումն ունենալ այս նախագծի վերաբերյալ եւ հասկանալ` արդյոք այս օրենքի նախագիծը կարող է դատապարտել խտրականությունը նաեւ սեռական փոքրամասնությունների հանդեպ, եւ ինչ կտա օրենքի ընդունումը: Խոստացան հարցին անդրադառնալ վաղը:

Իսկ ահա արդարադատության նախարարությունից հայտնեցին. «Մեր քաղաքացիներին խնդրում ենք կարդալ նախագիծը, ու հնարավորության դեպքում ցույց տալ հոդված, որով ասվում է, թե, օրինակ, այս կարգավորմամբ նման բան է սահմանվում: Իրականում, Իրավահավասարության մասին օրենքը, բացի այն, որ Ազգային փոքրամասնությունների մասին օրենքից է նաև բխում, Իրավահավասարության մասին օրենքով նախաեսվում են կյանքի մի շարք բնագավառներում (աշխատանքային, տնտեսական) խտրականության արգելքի կիրառումը, ինչպես նաև այն, թե ինչ պատասխանատվություն պետք է վրա հասնի, եթե արձանագրվի խտրականություն։ Նախագծով սահմանվում են խտրականության ձևերը, խտրականության հատկանիշները և դրանք բառ առ բառ կրկնում են Սահմանադրության 29 հոդվածի հատկանիշները»:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս