Բոլորը մեկնաբանում են, դրանց հիմքում դրված են կրքեր, ցանկություն հարցը քաղաքականացնելու. Ռուբեն Վարդազարյանը` Դավիթ Գրիգորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի անվան շուրջ կրքերը չեն դադարում: Ինչպես հայտնի է, հուլիսի 26-ին նրա լիազորությունները նոր ԲԴԽ-ի կողմից միաձայն կասեցվել են, եւ մի շարք փաստաբաններ ահազանգում են այն մասին, որ Դավիթ Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները իրավական գործընթացներ չեն, այլ հետապնդում են: Ինչպես հայտնի է, Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին ազատ արձակեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո էլ հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:

-Պարո՛ն Վարդազարյան, դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում. մեղադրանքներ են հնչում, որ քաղաքական հետապնդման հետեւանքով են դատավորի լիազորությունները կասեցվել: Ինչո՞ւ այդպիսի բան արեցիք:

-Ես արձակուրդ եմ, մեկ տարի աշխատել եմ, որ կարողանամ հանգստանալ:

-Բայց դատական համակարգում լուրջ իրավիճակ է, մի՞թե դա Ձեզ չի մտահոգում:

-Ես արձակուրդի մեջ եմ:

-Այսօր ԲԴԽ նոր կազմին համարում են իշխանության կամակատարը, իշխանություների համար ցանկալի որոշում կայացնողներ: Քանի որ Դավիթ Գրիգորյանը Քոչայանին ազատ արձակեց, դատավորի լիազորություները կասեցվեցին: Ի՞նչ կասեք այս մասին:

-Չեմ մեկնաբանի որեւէ քաղաքական ուժի քաղաքական հայտարարություն. կարձագանքեմ բացառապես իրավական գնահատականներին, եթե այդպիսիք կլինեն:

– Ինչո՞ւ ԲԴԽ բոլոր անդամներով միաձայն քվեարկեցիք, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվեն, ինչո՞ւ չկանգնեցիք դատավորի կողքին: Փաստաբանները առաջ են քաշում մեկ փաստ, որ Դավիթ Գրիգորյանի գործողությունների մասով փետրվար ամսին դիմում է եղել իրավապահ մարմիններին, սակայն դատախազությունը մերժել է քրեական գործ հարուցել, դիմում է եղել նաեւ դատարան, որը եւս մերժվել է, ու երբ հանկարծ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց, որոշեցին քրեական գործը հարուցել: Այս իրավական շարադրանքները բավարար չե՞ն կատարվածը հետապնդում որակելու համար:

– Եթե հարցադրումները քաղաքական դաշտում են, ապա ես կրկնեցի` զերծ կմնամ, չեմ մեկնաբանի, բայց ինձ համար զարմանալի է, երբ մասնագիտական համայնքը փորձում է գնահատական տալ ԲԴԽ-ի այն որոշմանը, որը չի ընթերցել, չի մասնակցել, էլ չեմ ասում` չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը: Այս պահին այդ որոշումը հասանելի չէ, դա նախաքննական գաղտնիք է: Երբ որ կընթերցեն, կփորձեն հասկանալ, եւ մասնագիտական ոլորտում քննարկում կգնա, այդ դեպքում ես կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին: Ես զարմանում եմ մեր մասնագիտական համայնքի վրա, որոնք տեղի-անտեղի փորձում եմ գնահատական տալ: Ավելին, պարզ լեզվով ասեմ` ԲԴԽ-ի նախաձեռնությունը չէ, մեղադրանք առաջադրելու միջնորդությամբ հանդես է եկել Հատուկ քննչական ծառայությունը եւ ՀՀ գլխավոր դատախազությունը:

-Մերժեցիք միջնորդությունը, կանգնեիք դատավորի կողքին: Նախկին ԲԴԽ կազմին մեղադրում էին, որ միայն դատավորին պատժում են, Դուք նախկինների գործելաոճն եք շարունակում: Դատավոր Գրիգորյանը տեւական ժամանակ իր իրավունքների ոտնահարման մասին է խոսում:

-Երբ միջնորդություն են ներկայացնում Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, այդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան. դա նշանակում է, որ գալիս է գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում գլխավոր դատախազի պաշտոնակատարը եւ ներկայացնում է այն նյութերն ու ապացույցները, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Դուք պատկերացրեք՝ ԲԴԽ-ում այս պահին կան 4 գիտնական, 4 դատավոր անդամ. եթե բոլորը միաձայն քվեարկում են ու համարում են, որ միջնորդությունը հիմնավոր է, եւ թույլատրում են քրեական հետապնդում իրականացնել, Դուք դրա գնահատականն եք ուզում` ինչու չպաշտպանեցինք: Իսկ երբեւիցե ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ այդ միջնորդությունը կարող է հիմնավոր լինել, թե՞ պարտադիր Ձեր հարցին հարցով պատասխանեմ. Դուք ինձ այլ եղանակ չեք թողնում: Դուք ասում եք` ինչո՞ւ չպաշտպանեցիք, արդյոք ԲԴԽ-ն առաքելություն ունի՞ ցանկացած պարագայում պաշտպանել դատավորին: ԲԴԽ-ն, հանդիսանալով այդ պահին որպես դատարան, նրա առաքելությունն է այդ պահին արդարադատություն իրականացնել դատավորի նկատմամբ, եթե միջնորդությունը հիմնավոր է, բավարարվում է, իսկ եթե անհիմն է, մերժվում է: Իսկ ԲԴԽ-ն իշխանությունների կամակատարն է դարձել, թե ոչ` դա կարելի է շատ հանգիստ փորձարկել, կարելի է բերել անհիմն միջնորդություն եւ պարզել եւ տեսնել, թե Բարձրագույն դատական խորհուրդը ինչպես կարձագանքի:

-Երեք դրվագից է բաղկացած եղել միջնորդությունը. կմանրամասնե՞ք դրվագները: Երրորդ դրվագը, որը մերժեցիք, կալանավորմա՞նն էր վերաբերում:

-Չեմ կարող հայտնել. դա նախաքննական գաղտնիք է: Երբ նախաքննությունը կավարտվի, եւ ամեն ինչ հասանելի կդառնա, այդ ժամանակ շատ կցանկանամ` քննարկում տեղի ունենա մասնագիտական առումով, եւ այդ ժամանակ գնահատական տան ԲԴԽ-ին: Իսկ այն աղմուկը, որ բարձրացվել է դատական համակարգի շուրջ` Դավիթ Գրիգորյանի հետ կապված, դա հետապնդում է, քաղաքական նկատառումներ: Մեկ բան նկատի՛ ունեցեք եւ վստա՛հ եղեք. եթե ԲԴԽ-ն կնկատի, որ դատավորի իրավունքները ոտնահարվել են, առանց մեկ վայրկյան կասկածելու իմացե՛ք, որ իր լիազորությունների շրջանակներում կբարձրաձայնի եւ կկանգնի ցանկացած դատավորի կողքին` դա կլինի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը հայտնի է բոլորիս` ծանր գործը քննելով, թե Սյունիքում, թե Աշոցքում ոչ հայտնի դատավորը: Ես ցավում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ կամ նույնիսկ իմ կոլեգաները մասնագիտական համայնքում փորձում են այս ամենը քաղաքականացնել: ԲԴԽ-ն ապաքաղաքականացված է, նա չի մասնակցում որեւէ քաղաքական գործընթացի եւ չի էլ մասնակցելու երբեւէ:

-Փորձը ցույց է տվել, որ նախկին դատավորների սխալ որոշումները նոր են ի հայտ գալիս: Որպես ԲԴԽ նախագահ` չե՞ք վախենում, որ հետագայում այս Ձեր կայացրած որոշումն էլ Ձեր դեմ դուրս կգա, ու կասեն` այսօրվա ԲԴԽ-ն հաճոյացավ այս իշխանություններին՝ դատավոր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելով:

-Մտավախություն ունեմ միշտ, երբ խոսքը վերաբերում է ոչ պրեֆեսիոնալ մոտեցմանը: Այսօր երբ ՀՔԾ-ն կանի իր գործողությունները ու գործառույթները, դատախազությունը իր լիազորություների շրջանակից դուրս չի գա: Երբ ԲԴԽ-ն իրականում կանի այն գործառույթը, որը վերապահված է իրեն, երբ փաստաբանական համայնքը կմնա իր փաստաբանության շրջանակներում, երբ լրագրողները կմնան լրագրողական դաշտում, երբ քաղաքական գործիչները ընդամենը քաղաքական վերլուծություններ կանեն, այլ ոչ թե իրավական պրոսեցները քաղաքականացնել, այդ դեպքում մտավախություն չեմ ունենա: Իսկ այժմ բոլորը իրենց պատկերացնում են քաղաքական գործիչներ եւ ցանկացած երույթի փորձում են քաղաքական գնահատական տալ: Այսօրվա քննադատությունները եւ ծափահարությունները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, ո՛չ ողջույնի խոսքերն եմ ծափահարություններով հանդերձ ընդունում, ո՛չ էլ ընդունում եմ քննադատական խոսքերը, քանի որ ոչ ոք չի կարդացել այդ որոշումը, համենայնդեպս, նախաքննության մարմինը գիտի, դատախազությունը գիտի եւ ԲԴԽ-ն. այդ երեք մասնագիտացած կառույցները լռում են, չեն մեկնաբանում, քանի որ նախաքննական գաղտնիք է, իսկ մնացած բոլորը մեկնաբանում են, եւ այդ մեկնաբանությունների հիմքում դրված են կրքեր եւ ցանկություն հարցը քաղաքականացնելու:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս