Հունիսի աշխատավարձը չի բարձրացել. պայմանագրային զինծառայողները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում, Վարդավառ էր տոնվում։ Տավուշի մարզի պայմանագրային զինծառայողները, որոնք սահմանագոտու պաշտպանությունն են իրականացնում, հույս ունեին, որ իրենց աշխատավարձը կստանան մինչեւ Վարդավառ: Սովորաբար պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը վճարում են տվյալ ամսվա 27-ին կամ 28-ին: 2019 հուլիսի 27-ը շաբաթ էր, 28-ը` կիրակի:

Պայմանագրային զինծառայողների բանկային քարտերին հուլիս ամսվա աշխատավարձերի գումարները հայտնվել են հուլիսի 29-ի կեսօրից հետո միայն: Ինչպես հայտնի է, պայմանագրային զինծառայողների մեծ մասը սոցիալական վատ վիճակում է ապրում: Նրանցից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին, որ հարկ էր իրենց աշխատավարձը փոխանցել հուլիսի 26-ին, որպեսզի կարողանային Վարդավառի տոնակատարության համար գնումներ անել, ոչ թե Վարդավառը պարտքով նշել:

Նրանք ասացին նաեւ, որ իրենց փոխանցվել է միայն հուլիս ամսվա բարձրացված աշխատավարձը, մինչդեռ հույս ունեին, որ հունիս ամսվա աշխատավարձն էլ կբարձրանար, այդ բարձրացված չափի գումարն էլ կստանային հուլիսի աշխատավարձի հետ, սակայն դա տեղի չունեցավ: Ու ստացվում է, որ հունիսի աշխատավարձը չի բարձրացել։ Օրեր առաջ ՊՄ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, հավանաբար, հունիսի աշխատավարձի բարձրացված չափը կտրվի հուլիս ամսվա աշխատավարձի հետ, որը, փաստորեն, տեղի չի ունեցել:

Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզ




Լրահոս