«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Գեւորգ Մարտիրոսյանն է: Մենք անդրադարձել ենք նրա բնավորության գծերին, սովորություններին: Գեւորգը հանդես է եկել հետաքրքիր խոստովանություններով:
-Գեւո՛րգ, հավատա?լ ճակատագրին, թե՞ սեփական ուժերին:
-Երկուսն էլ կարեւոր է, բայց ավելի շատ պետք վստահել սեփական ուժերին:
-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…
-Պետք չէ հուսահատվել: Չէ՞ որ չկա չարիք առանց բարիքի: Չեմ մոռանում, որ պետք է ուժեղ լինել:
-Կինոմա՞ն եք:
-Եթե ժամանակ ունենում եմ, սիրում եմ դիտել լավ ֆիլմեր:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:
-Ամեն ինչն էլ հաղթահարելի է: Կարծում եմ` մեծ հաշվով չկան նման փուլեր: Ամեն շրջան էլ պետք է անցկացնել պատվով: Դժվար է հատկապես այն մարդկանց համար, որոնք ինքնուրույն ինչ-որ բան են ստեղծում: Ես էլ այդ մարդկանց թվին եմ պատկանում:
-Կա՞ մի բան, որ արգելում եք Ձեր երեխաներին:
-Այսքան ժամանակ նման առիթ չի եղել, չեմ ֆիքսվել նման հարցերի վրա: Եթե նկատեմ արատավոր մի բան, հաստատ կարգելեմ:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ են եղել:
-Չէի ասի, բայց կյանքն ինձ սովորեցրել է հեռու մնալ կեղծավոր մարդկանցից: Պետք է հասկանալ` ում հետ շփվել, ում հետ` ոչ: Մարդկանց հաճախ չափում եմ իմ արշինով, բայց հետո պարզվում է, որ սխալվել եմ: Բայց ոչինչ, արդեն իմունիտետ ունեմ: Եթե մարդիկ փոքր-ինչ բարի լինեն, ավելի հեշտ կապրեն, միմյանց համար խնդիրներ չեն ստեղծի:
-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:
-Նվիրվող:
-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…
-Մայրիկիս: Նա է իմ մանկության կենտրոնը:
-Երբեւէ կատարե՞լ եք աշխատանք, որը երգարվեստի հետ կապ չունի:
-Այո, իհարկե, շատ: Ինչ մտքներովդ անցնի, արել եմ: Մութ ու ցուրտ տարիներին անգամ կարկանդակ եմ վաճառել, ինչ պատահի, արել եմ: Տասը տարեկանից ձգտել եմ ինքնուրույն փող աշխատել:
-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:
-Եթե անկեղծ, չկա այդպիսի մեկը: Եթե նույնիսկ եղել է այդպիսի մարդ, մոռացել եմ նրան:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Չեմ վախենում, բայց զգուշանում եմ: Փորձում եմ ամեն ինչ անել, որ ընտանիքիս անդամներն առողջ ու անվտանգ ապրեն: Մնացածը մեր ձեռքերում է, կստեղծենք ամեն բան: Ոչ մի բանից չեմ ընկճվում:
-Երեխաներ ունենալ՝ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:
-Թող իրենք որոշեն (ծիծաղում է): Ինձնից ինչ հասնում է, իրենց համար անում եմ. իրենք թող հետագայում ընտրեն ինչ կերպ ապրել:
-Ձեր ամենահաջողված երգը ո՞րն եք համարում:
-Բոլոր երգերս էլ սիրով եմ կատարում, բայց ինքս` որպես ունկնդիր, օրինակ, մեքենայի մեջ հաճույքով լսում եմ «Դու մի լա» եւ «Սրտիցս արյուն է կաթում» երգերը:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:
-Բնականաբար, մեծացավ մարդկանց կողմից ուշադրությունը, շատ դեպքերում հաճելի է դա, կարեւոր է, բայց երբեմն ուզում ես, որ այդ ուշադրությունը չլինի, հոգնում ես այդ ամենից:
-Հոգնածությունը թոթափելու համար նախընտրում եք այցելել փաբե՞ր, թե՞ բնության գիրկ:
-Գործի բերումով հաճախ եմ լինում աղմկոտ վայրերում, ուստի փաբերից խուսափում եմ: Ինձ համար հազար անգամ ավելի հաճելի է ընտանիքիս հետ հանգիստն անցկացնել բնության գրկում:
-Ո՞ր քաղաքն է Ձեզ ամենաշատը տպավորել:
-Ասեմ` Երեւանից լավ տեղ չկա. իմ հայրենիքում շատ ավելի լավ եմ զգում, քան ցանկացած այլ վայրում, բայց տպավորվել եմ նաեւ Բրյուսելով եւ Սանկտ Պետերբուրգով: Վերջինիս ճարտարապետությունը, պատմամշակութային արժեքները իսկապես ազդեցիկ են:
-Անիմաստ է ապրել առանց…
-Հարազատ մարդկանց, առանց ընտանիքի: Կյանքն անիմաստ է, երբ մարդ մենակ է: Կարող ես, օրինակ, փող չունենալ, բայց կյանքդ անիմաստ չլինի: Ես շեշտը դնում եմ մարդկային արժեքների, հոգեւորի վրա:
Աննա Բաբաջանյան