Վերջերս երգչուհի Սոնա Շահգելդյանը հանդես եկավ նոր տեսահոլովակով, որը բավական քննարկվեց օնլայն տիրույթում: Երգը, որի հիման վրա նկարահանվել է հոլովակը, կոչվում է «Թե մի օր»:
Այն բանից հետո, ինչ հոլովակը հայտնվեց համացանցում, հնչեցին քննադատություններ` Սոնայի հագուկապի եւ սանրվածքի հետ կապված: Ոմանք տեսակետ հայտնեցին, որ թեեւ Սոնան ձգտել էր նորաձեւ տեսք ունենալ, սակայն ստացվել էր հակառակը. «Կաշվից սեւ կոմբինեզոնը հիշեցնում է 90-ականները եւ համահունչ չէ երգչուհու կազմվածքի հետ, էժան տեսք է հաղորդում նրան, իսկ կեղծամին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե այն մի քանի անգամ գնացքի տակ է ընկել, հետո նոր հայտնվել Սոնայի գլխին»,-գրեցին որոշ քննադատներ:
Այս առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստացավ հենց Սոնայից: Երգչուհին նշեց, որ մեծ մասամբ դրական կարծիքներ է լսել տեսահոլովակի, իր լուքի վերաբերյալ. «Փորձում են սկանդալ բարձրացնել, բայց դա ծիծաղելի է. մեկ-երկուսի կարծիքը հաշվի չեմ առնում: Այնպիսի տպավորություն է, որ նրանք բանուգործ չունեն, նստած, պատվերով նյութեր են գրում: Բոլորն էլ հավանել են մեր կատարած աշխատանքը»,- ասաց նա:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք ամառային հանգստի թեմայով: Սոնան տեղեկացրեց, որ հասցրել է հանգիստն անցկացնել Դիլիջանում: Առհասարակ, նա սիրում է տարին մի քանի անգամ մեկնել հանգստի, եթե, իհարկե, աշխատանքային բուռն գրաֆիկն ընձեռում նման հնարավորություն: Երգչուհին հաճախ նախընտրում է հանգստանալ հենց Հայաստանում` Դիլիջանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Ջերմուկում, բայց սիրում է մեկնել նաեւ արտերկիր, հանգստանալ ծովի ափին:
Հարցին, թե որ երկիրն է տպավորել իրեն, Սոնան պատասխանեց. «Շատ եմ հավանել Իտալիան: Սիցիլիան այն վայրն է, որտեղ կարող եմ անվերջ վերադառնալ: Սիրում եմ հարուստ բնությամբ եւ պատմությամբ, մշակույթով հայտնի երկրներ: Այդ բոլորը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ Իտալիան ինձ համար մնում է չգերազանցված»,-եզրափակեց Սոնան:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Անտոնյան