«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես գրեթե ամեն տարի, 2019 թվականի ամառը ևս զերծ չէ թեժ աշնան վերաբերյալ դիտարկումներից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ՝ կան որոշ գործընթացներ, որոնք, ի վերջո, թեժ աշնան կհանգեցնեն:
«Թեժ աշունը պայմանավորված կլինի ոչ միայն քաղաքական վերադասավորումներով, այլև մի շարք խնդիրներով, որոնք իրենց հանգուցալուծումը պետք է ստանան հենց այդ ժամանակահատվածում: Առաջին հերթին խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է, որը սեպտեմբերին պետք է ԱԺ օրակարգ մտնի: Հիմա տեսնում ենք, որ իշխանական թևում կան մարդիկ, որոնք արդեն հայտարարում են կոնվենցիային դեմ քվեարկելու մասին:
Կան կարծիքներ, թե սա իշխանության տրոհման առաջին արարն է լինելու, բայց, ըստ իս, սա ոչ թե առաջին, այլ հերթական արարն է լինելու, որովհետև այժմ էլ ենք տեսնում, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ օրենսդիր մարմնում, շատ ավելի ադեկվատ են գնահատում երկրում ստեղծված իրավիճակը և այն, որ բարձրագույն իշխանությունը չի լուծում այն խնդիրները, որոնց լուծման ակնկալիքով մարդիկ 2018թ. ապրիլ-մայիսին դուրս էին եկել փողոց: Հետևաբար, մի կողմից՝ Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, իշխանության տրոհումը, մյուս կողմից՝ ոչ իշխանական հատվածում վերադասավորումները թեժ աշնան կհանգեցնեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ աշունն իսկապես թեժ է լինելու, և քաղաքական ուժերը դուրս են գալու պայքարի նոր շրջան:
Խոսելով ներկայիս փուլի մասին, դիտարկելով նաև գրեթե մեկուկես տարվա ճանապարհը՝ քաղաքագետն ընդգծեց. «Անցած տարվա իրադարձությունները ձևով իսկապես հեղափոխություն էին, իսկ բովանդակությամբ՝ իշխանափոխություն:
Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ մի տարածված ձևակերպում կար, ըստ որի՝ նախորդ իշխանությունները ձգտում են «մեկ օլիգարխի համակարգի» կայացմանը: Այսինքն, որ Հայաստանում տնտեսական, քաղաքական համակարգը կախված լինի մեկ անձի որոշումներից: Իշխանափոխությունից հետո այդ առումով իրականում բացարձակապես ոչինչ չի փոխվել: Այսօր Հայաստանում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերը մեկ մարդ է լուծում:
Պարզապես, եթե նախկինում այդ «մեկ օլիգարխի տնտեսության», «մեկ օլիգարխի համակարգի» կառուցումը հանրային լեգիտիմություն չուներ, ինչը խանգարող հանգամանք էր, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը դեռ ունի այդ հնարավորությունը: Ավելին՝ եթե իշխանությունները նախկինում գոնե ֆորմալ առումով պահում էին իշխանության ճյուղերի որոշակի անկախություն, ապա այսօր այլ իրավիճակ է:
Ն. Փաշինյանը փորձում է ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլև դատական համակարգը ևս սեփականաշնորհել: Կան մարդիկ, որոնք այս ամենը ծափահարություններով են ընդունում՝ ասելով՝ այո՛, նախկինների հետ միայն այսպես պետք է պայքարել: Սա դեռ աշխատում է, բայց այն պահին, երբ դատական համակարգում տեղի ունեցող այս անառողջ երևույթները ազդեն նաև շարքային քաղաքացիների վրա, պատկերը կփոխվի»:
Բերելով Վրաստանի օրինակը՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց. «Սահակաշվիլիի օրոք ունեզրկվեց Վրաստանի ավելի քան 20 հազար քաղաքացի, և նրանցից ոչ բոլորն էին նախկին իշխանության օրոք հարստացածներ, պետությունը թալանածներ: Նրանց շարքերում նաև մարդիկ էին, որոնք զրոյից բիզնես էին սկսել, բայց համատարած կուլակաթափության փուլում իրենց հերթն էլ հասավ: Մեզ մոտ նույն գործընթացն է լինելու:
Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ լոյալ լինելով Ն. Փաշինյանին՝ կարող է խուսափել ապագա կուլակաթափության գործընթացներից, ուրեմն հեռու է քաղաքականությունից: Նիկոլ Փաշինյանի համար կարևորը միայն ինքն է ու իր անձնական իշխանությունը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակի հետ կփորձեն ինչ-որ վտանգ ներկայացնել, նա այդ մարդկանց հեռացնելու է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դաշտից:
Բայց այդ խոշորներին վերացնելու պարագայում տուժելու են նաև փոքրերը. քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգալու, թե ինչ է նշանակում, երբ երկրում ամբողջատիրություն է: Եթե իշխանություններին հաջողվի ճնշել երկրորդ նախագահին, վերջնականապես խաղից դուրս հանել նաև այլ քաղաքական գործիչներին ու ուժերին, հերթը հասնելու է լրատվամիջոցներին»:
Իշխանության վարքագիծը, քննադատություններն ու սխալները շարունակաբար սվիններով ընդունելու դրսևորումները քաղաքագետի համար զարմանալի չեն:
«Նիկոլ Փաշինյանը, որպես լրագրող և քաղաքական գործիչ, կայացել է լևոնտերպետրոսյանական և ՀՀՇ-ական միջավայրում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի պարագայում երբեք իր սխալները չի ընդունել: Մարտի 1-ը երկու կողմ է, չէ՞, ունեցել՝ իշխանություն և այն ժամանակվա ընդդիմություն:
Բայց եթե վերլուծենք Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները, այնպիսի տպավորություն կունենանք, որ Մարտի 1-ին իշխանությունները սատանաներ էին, իսկ մյուս կողմում ոտքերն ամպոտ անձինք, որոնք պայքարել են վեհ գաղափարների համար: Այնուամենայնիվ, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ այդ մարդկանցից մեկը պատգամավորի մանդատ ստացավ, մյուսը՝ դեսպանի պաշտոն ու հանգիստ նստեց իր տեղը:
Այսինքն, մարդիկ ուղղակի քեշ փողի ու իշխանության պայքար էին մղում, բայց իրականում դա չէին ընդունում՝ չընդունելով նաև սխալները: Ու քանի որ Ն. Փաշինյանն այդ միջավայրում է կայացել, նա իր սխալները երբեք չի ընդունի: Նրան քննադատելու դեպքում երբեք չպետք է ակնկալել, որ նա ադեկվատ արձագանք է տալու: Մարդիկ կարծում են, թե վերին աստիճանի ճշմարտության կրողն են:
Հետևաբար, պետք չէ սպասել, որ քննադատությունը ադեկվատ կընդունեն: Նման բան չի լինելու:
Հիշենք՝ նախկին իշխանությունները ճնշման տակ «ժեռտվա» տվեցին Տիգրան Սարգսյանին, իսկ քաղաքական օրենքները նույնն են: Իշխանության ղեկին կլինի Սերժ Սարգսյանը, Փաշինյանը, թե մեկ այլ մարդ, միևնույն է, եթե հանրության կողմից ճնշում չկա, իշխանությունը ադեկվատ չի լինում, անում է այն, ինչ ուզում է:
Հետևաբար, որքան էլ քննադատեն, իրական կյանքում փողոցում մարդ չկա: Այս պարագայում հատկապես այս իշխանությունն իրեն ադեկվատ չի պահելու: Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում շատ վտանգավոր բան ասաց: Խոսքը «ընդդիմությանը տանկերով ճզմելու» մասին է: Սա պետք է հասկանալ՝ իմանալու, թե ում հետ գործ ունեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:
Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում