Ես և բազմաթիվ գործընկերներ սատարում ենք Դավիթ Գրիգորյանին. Սնանկության դատարանի դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլից հարցազրույց ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի հետ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման շուրջ սեղծված վիճակին։

-Պարոն Գրիգորյանը մասնագիտական եւ մարդկային լավագույն որակներով օժտված, հարգանքի արժանի դատավորներից է: Հարուցված քրեական գործի մասով նրան օգնելու զգայական մակարդակում աղաղակելը, թերեւս, լավագույն միջոցը չէ։ Իրավական գնահատական տալուց զերծ կմնամ, սակայն այն ընկալումները, որ տիրում են այսօր, չի կարող չմտահոգել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Կարծում եմ` պետական մարմինների կողմից առհասարակ չպետք է կատարվեն այնպիսի գործողություններ, որ անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծեն այլ նպատակներին միտված ընկալումներ։

-Անկախ այս գործի ավարտից` այս աղմուկը չի՞ վնասում դատավորի հեղինակությանը։

-Իհարկե վնասում է: Կարեւորելով մարդու խոսքի ազատության եւ կարծիք հայտնելու անօտարելի իրավունքի գերակայությունը, պետք է արձանագրել, որ, ցավոք, դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կարծիք, այն էլ` գնահատողական, ուսուցողական, պարտադրող եւ նվազագույնը ոչ պրոֆեսիոնալ հայտնելու գայթակղությանը հանրության լայն շրջանակները չեն դիմանում։ Եվ սա, կարծեք թե, վերաբերում է բոլոր ոլորտներին։ Ընդհանրական, վարկաբեկող գնահատականներ ու կարծիքներ են հնչում, ինչն անթույլատրելի է։

Էստեղ չափազանց կարեւոր է դիտարկել շահագրգիռ սուբյեկտների գործողությունների եւ գնահատականների հանրային ընկալումը։ Մենք չենք կարող հաշվի չառնել հասարակության զգայական մակարդակի վրա տիրող տրամադրությունները։ Դա հաշվի առնելով է, որ պետք է խուսափել որակումներ,պիտակներ, դատապարտող հայտարարություններ անելուց, այս դիտարկումը առավելապես կամ բացառապես վերաբերվում է պետական պաշտոնյաներիս։

Մենք, ստացվում է, անհատին հերոսացնում կամ ոչնչացնում ենք միայն մեկ դիպվածով կամ կատարածով։

-Այդ դեպքում ինչո՞ւ դատավորները չեն համախմբվում, սատարում իրենց գործընկերոջը։

-Նախ` ուզում եմ ընդգծել, որ ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ գործընկերներ սատարում են Դավիթ Գրիգորյանին։ Սակայն եթե սատարել ասելով` նկատի ունեք հրապարակային հայտարարություններով, սոցցանցերում գրառումներով, կոչերով հանդես գալը, ապա, չդատապարտելով այլոց քայլերը, կարծում եմ, եթե դա ընդունելի է քաղաքական, հասարակական, հանրային գործունեություն ծավալող մասնագետների դեպքում, ապա դատավորների դեպքում՝ ոչ։

Դատավորն է, որ իրավասու է իրականացնելու արդարադատություն, ընդ որում` դրա իրականացումը պետք է հիմնված լինի բացառապես փաստերի վրա։ Դատավորի հնչեցրած գնահատականներում զգացմունքայնությունը տեղ ունենալ չի կարող, եւ դա նաեւ վերաբերում է այնպիսի զգայուն հարցի, ինչպիսին է դատավորի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը։

Իրավական սահմանափակումները, ընդ որում` տեղին եւ արդարացված, դատավորների համար ստեղծել են այնպիսի արգելքներ, որոնց առկայությամբ դատավորը չի կարող եւ չպետք է հրապարակային արդարանա, պաշտպանվի կամ հակադարձի։ Այդ բացի լրացումը վերապահված է ԲԴԽ-ին, Դատավորների ընդհանուր ժողովին եւ, որպես վերջինիս գործադիր մարմին, Դատավորների միությանը։ Ըստ էության, յուրաքանչյուր դեպքով հասարակության հայացքը, կամա թե ակամա, ուղղվում է այդ կառույցներին,եւ հաճախ սպասումները չեն արդարանում։ Դրա հետ մեկտեղ ողջունելի է ԲԴԽ-ի դատապարտող գնահատականը նախաքննական մարմնի գործողությանը։

Պետք է ելնել այն կանխավարկածից, որ սահմանադրական յուրաքանչյուր մարմին իր պարտականությունը կատարելու է` օրենքի տառից չշեղվելով։ Այդ դեպքում կունենանք ամուր եւ հանրային վստահություն վայելող դատական իշխանություն։

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս