Համայնքային ենթակայության մարզական օջախների գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը և ԱԺ պատգամավոր, աշխարհի չեմպիոն, օլիմպիադայի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը շրջայց են կատարել մի շարք մարզադպրոցներում:
55 տարվա պատմություն ունեցող «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց»-ը նորոգվում է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով: Միջազգային ամենաբարձր հարթակներում մրցանակներ նվաճող մարզական օջախը հիմնադրման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել:
Այցեր են իրականացվել նաև «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» և «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»: Շենգավիթ վարչական շրջանում գործող մարզադպրոցն այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Շուրջ 1200 սան ունեցող մարզական օջախում հիմնանորոգման աշխատանքներ երբեք չեն տարվել:
Տեղերում կառույցների ղեկավարների հետ քննարկվել են մարզադպրոցների նորոգման և բարեկարգման հնարավոր ուղիներն ու ծրագրերի իրականացումը: Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ քաղաքային իշխանությունն առանձնակի է կարևորում մարզական օջախների պայմանների բարելավումն ու սպորտաձևերի զարգացումը: Աշխատանքային շրջայցերը կրելու են շարունակական բնույթ: