«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներկրողները: Նրանք այժմ չեն կարողանալու երկրորդային շուկաներից աճուրդներով ամերիկյան և ճապոնական մեքենաներ ձեռք բերել:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ օրերս ճապոնական կայքերում մեքենաների խաղարկության ժամանակ հայկական դրոշով մասնակցող բոլոր քաղաքացիներին խաղարկության հենց կեսից գործընթացից դուրս են թողել:
«Մինչ այժմ միայն 7 տեղանոց մեքենաները թույլ չէին տալիս խաղարկել, բայց հիմա արդեն ճապոնական կայքերում երբ տեսնում են, որ խաղարկողը Հայաստանից է, կայքից հեռացնում են:
Բայց վրացիները և ադրբեջանցիները մասնակցում են խաղարկություններին: Հիմա ստիպված ենք լինելու Վրաստանի քաղաքացիների միջոցով խաղարկել մեքենաները: Փաստորեն՝ Հայաստանի համար վերջնական փակվեցին ճապոնական կայքերը:
Հայտարարություն կա, որ սեպտեմբերից էլ ամերիկյան կայքերն են փակվելու մեր քաղաքացիների համար»,-ասում է Հովհաննիսյանը:
Նրա պնդմամբ, սրա պատճառն այն է, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանի համար գործելու են ԵԱՏՄ նոր դրույքաչափերը: «Ճապոնական և ամերիկյան դիլերներն իրենք իրենց ապահովագրում են:
Տեսեք՝ «Nissan Tida» մակնիշի մեքենա է, շարժիչի ծավալը 1,5 լիտր, այն հասնում է Հայաստան հունվարի մեկից հետո, նրա շարժիչի՝ 1500 խ սմ ծավալը բազմապատկեք միջինը 4 եվրոյով, կազմում է 6000 եվրո:
Դիլերները մտահոգված են, որ երբ մեքենան հասնի Փոթի, այդ գումարը չենք վճարի: Դրա համար էլ նրանք փակում են իրենց կայքերը ՀՀ քաղաքացիների համար»,-նշում է մեր զրուցակիցը: Հովհաննիսյանն ասում է՝ ավտոներկրողները կռահում են, որ կառավարությունը, կարծես, չի կարողանում հաջողություն գրանցել մեքենաների մաքսավճարների բարձրացումը երկու տարով հետաձգելու հարցում:
«Խնդրում ենք, որ կառավարությունը հայտարարություն տարածի, որ մինչև դեկտեմբերի 31-ն իրավունք ունենանք մասնակցելու խաղարկություններին, իսկ երբ մեքենան Հայաստան հասնի 2020 թվականի ընթացքում, մաքսազերծենք հին փոխարժեքով:
ԱԺ տնտսեական հանձնաժողովի նախագահի գրառումներից հասկանում ենք, որ պետությունը չի գնալու դրան, կընդունեն միայն մեքենաների մինչև դեկտեմբերի 31-ի ներմուծումը:
Բայց խնդրում ենք գոնե խաղարկությունը թույլ տալ: Եթե պետությունը դրան էլ չի գնում, ուրեմն մաքսատուրքերի բարձրացումը ևս չի հետաձգվելու: Կարելի է ասել՝ որոշումը կայացվել է փակ սենյակներում»,-ընդգծում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը:
Նա հավելում է, որ այժմ հայաստանցի ներկրողներին մեկ ել ք է մնում. «Գնալ, Վրաստանից մեքենաները գնել և հարստացնել Վրաստանի վրացի և ադրբեջանցի քաղաքացիներին: Գումարած սրան՝ մեզ հետ Վրաստան են մեկնում նաև ռուսները և ղազախները: Գյուղերով շրջում, մեքենաներ են գնում: Գինն էլ չեն հարցնում:
Ասեմ՝ շուկան արդեն դատարկ է, հայերն աժիոտաժի մեջ են: Խնդիրն այն չէ, որ դեմ ենք ԵԱՏՄ տարածքում լինելուն: Սակայն Հայաստանը սահման չունեցող, տնտեսական կղզու կարգավիճակում գտնվող երկիր է, և առաջարկում ենք Հայաստան ներմուծվող մեքենաների համար այլ փոխարժեքներ կիրառել»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
ԱՄբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում