
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։
Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաեւ այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանք կատարելուց:
Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր եւ ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջեւ է կանգնում:
Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաեւ խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի եւ համաչափության սահմանադրական սկզբունքները: Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից: