Տավուշի մարզում ուսուցիչներ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին, երբ Իջեւանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը, ցուցարարների մոտ էր եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի անդրադարձավ աշխատատեղերի հարցին` հայտարարելով,որ հաջորդ օրը առավոտյան Տավուշի մարզպետարանի ինտենետային կայքում հայտարարություն կտեղադրվի` առնվազն 50 աշխատատեղի մասին` 8 հազարից 15 հազար դրամ օրական աշխատավարձով. ցանկացած ոք կարող է գնալ մարզպետարան եւ այդ աշխատանքի առաջարկն ստանալ ու աշխատանքի տեղավորվել: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետի նշած տեղեկատվությունը տեղադրված չէ: Հուլիսի 30-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է Իջեւանի զբաղվածության տարածքային կենտրոնի հայտարարությունը` թափուր աշխատատեղերի մասին: Դրա մեջ նշված չեն այդ աշխատատեղերի համար նախատեսված աշխատավարձերի չափերը, հավանաբար, այն պատճառով, որ աշխատավարձերի չափերը բարձր չեն:

Հայտարարության մեջ շատ են հանրակրթական դպրոցների ուսուցիչների թափուր աշխատատեղերը. Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցում պահանջվում է ֆիզիկական կուլտուրայի եւ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի միջնակարգ դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, աշխարհագրության, ֆիզկուլտուրայի, կերպարվեստի, ինֆորմատիկայի, նախնական զինվորական պատրաստության, Սեւքարի միջնակարգ դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի, Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում` երգեցողության, սահմանամերձ Կիրանցի հիմնական դպրոցում` ֆիզկուլտուրայի, Աճարկուտի հիմնական դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, նախնական զինվորական պատրաստության, ֆիզկուլտուրայի,Ենոքավանի միջնակարգ դպրոցում` ինֆորմատիկայի եւ տարրական դասարանների, Ակնաղբյուրի հիմնական դպրոցում` նախնական զինվորական պատրաստության, Լուսաձորի հիմնական դպրոցում` ռուսաց լեզվի եւ գրականության, աշխարհագրության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Այդ աշխատատեղերի համար աշխատավարձերը հավանաբար ցածր են, այդ պատճառով էլ մինչեւ հիմա այդ աշխատատեղերը զբաղեցված չեն:

Թափուր աշխատատեղերի մասին հայտարարության մեջ նշված են նաեւ բժիշկների աշխատատեղեր. Իջեւանի ԲԿ-ում պահանջվում են բժիշկ-էնդիկրինոլոգ, մանկական անեսթեզիոլոգ, ռենտգենոլոգ, Սեւքարի գյուղական բժշկական ամբուլատորիայում` ընտանեկան բժիշկ: Տեքստում նշված են նաեւ բանվորների, հավաքարարի, մատուցողների, աման լվացողի, տնտեսուհու եւ այլ աշխատատեղեր:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս