Մի քանի գերատեսչություններ՝ Ֆինանսների նախարարության տեսադաշտում. ստուգումներ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել թվով 25 ստուգումներ, որոնցից` 18 բարձր ռիսկայնությամբ, 6 միջին ռիսկայնությամբ եւ 1 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:

ArmLur.am-ին պարզ դարձավ, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ կիրականացնի արդարադատության նախարարությունում, որտեղ ի դեպ, վերջին ստուգումն իրականացվել է 2014 թվականին: Պարզվում է`ֆինանսների նախարարությունը կստուգի նաեւ գյուղատնտեսության նախարարությանը (այն հիմա էկոնոմիկայի նախարարության կազմում է):

Բացի այս, քրեակատարողական ծառայությունը եւս հայտնվել է ֆինանսների նախարարության տեսադաշտում: Այս ծառայությունում նախորդ տարիներին ստուգումներ չեն իրականացվել: Ի դեպ, որոշ բուժհաստատություններում եւս ստուգումներ կանցկացվեն` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: Նշենք, որ այս ԲԿ-ում վերջին ստուգումն իրականացվել է 2008 թվականին:

Ստուգումներ կիրականացվեն Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանության ազգային կենտրոնում եւ այլն: Եւ ուշագրավ է, որ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացնելու նաեւ պետական եկամուտների կոմիտեում: Ի դեպ, ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը մի շարք քաղաքապետարանների գործունեությունը եւս կստուգի:

Այդ թվում են Վանաձորի, Արտաշատի, Սեւանի (այս համայնքապետարանում վերջին անգամ ստուգում կիրականացվել է 2009-ին), Արմավիրի, Կապանի քաղաքապետարանները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ստուգումներ կիրականացվեն Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզպետարաններում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս